Ընդդեմ Գագիկ Հարությունյանի նոր գործընթաց է սկսվում. միջազգային փորձագետներ կհրավիրվե՞ն. «Ժողովուրդ»


Ընդդեմ Գագիկ Հարությունյանի նոր գործընթաց է սկսվում. միջազգային փորձագետներ կհրավիրվե՞ն. «Ժողովուրդ»

  • 25-03-2019 15:00:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի հետ: 
 
-Տիկի՛ն Պետրոսյան, օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարգապահական վարույթ է հարուցել Ձեր դեմ: Դուք բացատրություն եք ներկայացրել նախարարին: Ի՞նչ փուլում է այդ գործը: 
 
-Իսկապես, ՀՀ արդարադատության նախարարի կողմից, 06.03.2019 թվականի 67-Ա որոշմամբ, կարգապահական վարույթ է հարուցվել իմ նկատմամբ այն փաստի կապակցությամբ, թե, իբր, ես 150 սնանկության գործ չեմ հանձնել գրասենյակ Սնանկության դատարան փոխանցելու նպատակով: Ինչպես նախկինում նշել եմ, շատ եմ ափսոսում, որ արդարադատության նախարարին ներքաշել են իմ եւ Բարձրագույն դատական խորհուրդ հակամարտության մեջ: Անձամբ ճանաչում եմ Արտակ Զեյնալյանին դատական նիստերին ունեցած նրա մասնակցությամբ եւ խորը հարգանք ունեմ ինչպես նրա անձի, այնպես էլ գործունեության նկատմամբ: Համոզված եմ, որ վարույթի հարուցման պատճառը եղել է այն խեղաթյուրված տեղեկատվությունը, որը դատական դեպարտամենտը տրամադրել է ՀՀ արդարադատության նախարարին: Հստակ տեղյակ լինելով այն մասին, որ այդ 150 գործերը ավարտված, արխիվացման ենթակա գործեր են եւ Սնանկության դատարանին չեն փոխանցվելու` դատական դեպարտամենտը ապատեղեկատվություն է տրամադրել ՀՀ արդարադատության նախարարին: Օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում բացատրություն եմ ներկայացրել նախարարին եւ սպասում եմ նրա որոշմանը: Կա՛մ կարգապահական վարույթը կկարճվի, կա՛մ ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նախարարը միջնորդությամբ կդիմի Բարձրագույն դատական խորհրդին, ինչի ակնկալիքով էլ որոշ անձինք նախաձեռնել են այս վարույթի հարուցումը: Երեւի կարծում են, որ նման եղանակով կկարողանան ստիպել մեզ հրաժարվել ընդդեմ ԲԴԽ-ի ներկայացված հայցերից: Սա ընդամենը անհաջող ճնշման փորձ էր, որի մեջ ներքաշեցին նաեւ արդարադատության նախարարին: 
 
-Արդեն տեւական ժամանակ է, ինչ կռիվ եք տալիս ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ, եւ դատելով մինչեւ այս իրավիճակի զարգացումներից` որեւէ արդյունք չկա: Ավելին` բանը հասավ այնտեղ, որ Ձեր դեմ կարգապահական վարույթ հարուցեցին: Ո՞րն է Ձեր հաջորդ քայլը: 
 
-Թո՛ւյլ տվեք չհամաձայնել: Արդյունք կա, եւ այն էլ` զգալի: Ես արդյունք չեմ գնահատում միայն մեր օգտին որեւէ բարենպաստ դատական ակտի կայացումը: Մեր պայքարի նպատակը դատավորի խախտված իրավունքի վերականգնումն է եւ այդ շրջանակներում նրա վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունեցող մարմնի լեգիտիմության հարցի պարզումը: Այսօր արդեն միայն մենք չենք բարձրաձայնում, որ ԲԴԽ նախագահն ընտրվել է ՀՀ Սահմանադրության խախտմամբ, հետեւաբար առնվազն այդ առումով խիստ կասկածելի է նրա` որպես ԲԴԽ նախագահի լեգիտիմությունը: Ավելին, նշված անձի լիազորությունները վաղուց դադարել են` տարիքը լրանալու հիմքով, սակայն վերջինս շարունակում է պաշտոնավարել: Դրանց վերաբերյալ եւս առկա են դատական հայցեր, ինչի կապակցությամբ տրվելիք պատասխանը եւս կփնտրենք Եվրոպական դատական ատյանում ներպետական ատյաններում սպառիչ պատասխան չստանալու պարագայում: Ինչ վերաբերում է կարգապահական վարույթին, ապա դա որեւէ կերպ չի կասեցնի մեր պայքարը: Ավելին` նշված փաստը հաստատում է մեր այն մտավախությունը, որ ԲԴԽ նախագահի անձի շուրջ իրավական պատնեշ է դրված: 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/888079/ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը