ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել մշտական հանձնաժողովների աշխատանքներից


ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել մշտական հանձնաժողովների աշխատանքներից

  • 25-03-2019 15:28:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Վարազդատ Կարապետյանը, Անուշ Բեղլոյանը, Տիգրան Ուլիխանյանը եւ Արմեն Փամբուխչյանը մարտի 25-ին կայացած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել  կառույցի մշտական հանձնաժողովների՝ մարտի 14-ին տեղի ունեցած նիստերից:
 
Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ տնտեսական  եւ ֆինանսների հանձնաժողովի նախագահ:
 
Նիստում քննարկվել են մի շարք մոդելային  օրենքների՝ մասնավորապես գնագոյացմանն ու հարկային   վարչարարությանը   վերաբերող  նախագծեր. դրանք  հետագայում կարող են ուղեցույց լինել ազգային օրենսդրությունները մշակելիս: Օրենքների նախագծերը կքննարկվեն  վեհաժողովի լիագումար նիստում:
 
Անուշ Բեղլոյանը, որն ընտրվել է Մշակույթի,  սպորտի եւ սոցիալական հարցերի  հանձնաժողովի փոխնախագահ, տեղեկացրել է, որ հանձնաժողովում քննարկվել են բազմաթիվ մոդելային օրենքների նախագծեր, այդ թվում՝ դպրոցական սպորտին,   սոցիալական տուրիզմին վերաբերող:
 
Հանձնաժողովի օրակարգում է  «Մշակութային արժեքների պահպանման մասին» կոնվենցիայի նախագիծը, որի քննարկումը հետաձգվել է շուրջ կես տարով: Հայկական պատվիրակությունը նախատեսում է մի շարք առաջարկներ ներկայացնել: Կոնվենցիան հետագայում կառաջարկվի ազգային խորհրդարանների վավերացմանը:
 
Գիտության եւ կրթության հարցերի հանձնաժողովում աշխատել է Արմեն Փամբուխչյանը:  Քննարկվել է 12 նախագիծ, երեքի վերաբերյալ հայ խորհրդարանականները  ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են:
 
Տիգրան Ոլիխանյանը  խոսել է Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ եւ տեղեկացրել, որ քննարկվել են 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների 2019-20 թվականների անդամավճարների հարցը:
 
Բանախոսների տեղեկացմամբ՝ հանձնաժողովների կողմից առաջարկվող մոդելային օրենքների մոտ 10 տոկոսն է հետագայում հիմք դառնում  ԱՊՀ անդամ երկրների համար օրինագծեր մշակելիս, ուստի որոշվել է այսուհետ կյանքի կոչել  այնպիսի օրինագծեր, որոնք  գործնականում կիրառելի կլինեն: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play