Պապիլոմավիրուսային պատվաստման տարիքային շեմի ընդլայնումը և գործընթացը. ԱՆ

25-03-2019 15:31:01   | Հայաստան  |  Հասարակություն
Առողջապահության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՆ Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը և «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն» Գագիկ Բազիկյանը ներկայացրել են Հայաստանում պապիլոմավիրուսային պատվաստման տարիքային շեմի ընդլայնումը, գործընթացը և իրաավիճակը:
 

Արգանդի վզիկի
քաղցկեղը լուրջ խնդիր է ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Հայաստանում կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների մեջ արգանդի վզիկի քաղցկեղն իր տարածվածությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ Յուրաքանչյուր 36 ժամը մեկ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ` մեկ կին մահանում է դրանից:
 
2017 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի վզիկի քաղցկեղի 262 առաջնային դեպք, որոնցից 146-ը (56%) 3-րդ և 4-րդ փուլերում, ընդհանուր առմամբ, 3116 կին այս հիվանդությամբ գտնվել է դիսպանսեր հսկողության ներքո: Ախտորոշումից հետո միջին ապրելիությունը կազմում է 5-6 տարի:
 
Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումը և վերահսկումը պահանջում է համալիր մոտեցում: Այս տեսանկյունից կարևորվում է մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումների իրականացումը: Վերջինս, ի լրումն կանանց շրջանում իրականացվող սկրինինգային ծրագրի, հնարավորություն կտա կանխարգելել հետագայում արգանդի վզիկի քաղցկեղի զարգացումը երիտասարդ կանանց շրջանում՝
ապահովելով հիվանդության արդյունավետ վերահսկում և դրանից մահացության կրճատում: Սակայն, մարդու պապիլոմավիրուսի բեռն առողջապահության բնագավառի վրա չի սահմանափակվում միայն արգանդի վզիկի քաղցկեղով` ՄՊՎ–ով պայմանավորված են նաև ուղիղ աղու քաղցկեղի 91%-ը, կոկորդի քաղցկեղի 72%-ը, տղամարդկանց ու կանաnց սեռական օրգանների քաղցկեղը (հեշտոցի` 75%-ը, վուլվայի` 69%-ը և առնանդամի` 63 %-ը), որոնց համար սկրինինգային ծրագիր դեռևս չի գործում: ՄՊՎ-ով պայմանավորված քաղցկեղների զարգացման մեջ զգալի նշանակություն ունեն վիրուսի 16 և 18 տեսակները` գրեթե 70% դեպքերում:
 
Աշխարհի ավելի քան 70 երկրում, այդ թվում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 36 երկրում (ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Բելգիա, Դանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Շվեյցարիա, Գերմանիա և այլն) արդեն իսկ իրականացվում են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները: Հայաստանին զուգահեռ ՄՊՎ պատվաստումները ներդրվել են նաև Վրաստանում և Մոլդովայում, որտեղ գործընթացը համեմատաբար կայուն է և միջինում պատվաստման ենթակա անձանց 50% և 70%-ն արդեն պատվաստվել են: ՄՊՎ պատվաստումները Հայաստանի Հանրապետության Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկվել են 2017թ. դեկտեմբերից և պլանային կարգով իրականացվում են 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ընդմիջումով:
 
Հաշվի առնելով ԱՄՆ-ի պարենի և դեղամիջոցների գործակալության (FDA) դիրքորոշումը, ինչպես նաև «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» առաջարկությունը՝ 2019թ. փետրվարից ՄՊՎ պատվաստումներն առաջարկվում են նաև 14-45 տարեկան անձանց:
 
Պատվաստումների տարիքի ընդլայնման իրավական հիմքը ՀՀ կառավարության 2016թ. մարտի 17-ի թիվ 10 արձանագրային որոշման 30-րդ կետն է, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունում բացի Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկված պատվաստումներից կատարվում են նաև համաճարակաբանական ցուցումներով պատվաստումներ: Համաճարակաբանական ցուցումով պատվաստումները կարող են կրել ինչպես զանգվածային, այնպես էլ անհատական բնույթ, երբ առկա է վարակիչ հիվանդության նկատմամբ բնակչության համապատասխան ռիսկի խումբ: Հետևաբար, 13 տարեկան անձանց շրջանում ՄՊՎ-ի դեմ պատվաստումները կրում են պլանային բնույթ, իսկ ավելի բարձր տարիքային խմբերում առաջարկվող ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն իրականացվում են համաճարակաբանական ցուցումով՝ նպատակ ունենալով նաև ավելի բարձր տարիքի անձանց շրջանում՝ որպես ռիսկի խումբ, նվազեցնել վիրուսի շրջանառությունը: Գործընթացը կանոնակարգվել է առողջապահության նախարարի հրամանով (2019թ. հունվարի 29, թիվ 194-Ա):
 
Ներդրումից հետո առ այսօր Հայաստանում իրականացվել է 2567 պատվաստում, որից 944-ը (36,8%) տարիքի ընդլայնումից հետո` փետրվարի 1-ից մինչև այսօր: Բոլոր պատվաստվածների առողջական վիճակը բավարար է, հետպատվաստումային բարդություններ չեն դիտվել։
 
Նշենք, որ 2006 թվականին ՄՊՎ առաջին պատվաստանյութի լիցենզավորումից հետո ամբողջ աշխարհում 100 միլիոնից ավելի մարդ ստացել է 270 միլիոնը գերազանցող դեղաչափ պատվաստանյութ: Բազմաթիվ հետազոտություններ են իրականացվել ՄՊՎ պատվաստումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ, որոնց արդյունքում եզրակացվել է. ՄՊՎ բոլոր երեք պատվաստանյութերը համարվում են երբևէ արտոնագրված ամենաանվտանգ և արդյունավետ պատվաստանյութերը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 373 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար