IRI խորհրդատվական թիմը կաջակցի ԿԳ նախարարությանը


IRI խորհրդատվական թիմը կաջակցի ԿԳ նախարարությանը

  • 25-03-2019 16:07:58   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն  ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ռազմավարական խորհրդատու Բարրի Ջեքսոնի գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպման ընթացքում  քննարկվել են կրթության և գիտության  համակարգում բարեփոխումների հիմնական ուղղություններին, կրթության կառավարման  արդյունավետության բարձրացմանը և գերատեսչական կարողությունների հզորացմանն առնչվող մի շարք հարցեր: Այս համատեքստում կողմերը կարևորել են մասնավորապես հաղորդակցության ռազմավարության մշակումը` շեշտը դնելով կրթության բոլոր մակարդակներում մեկնարկած բարեփոխումների գործընթացում հանրային ընկալումների աջակցության դերակատարման բարձրացման վրա:
 
Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է ներկայումս ընթացող բարեփոխումների ծրագրերը` հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության բնագավառներում: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ հանրակրթության ոլորտում առաջնային է համարվում կրթական նոր չափորոշիչների ու առարկայական ծրագրերի մշակումը, միջին մասնագիտական կրթության բնագավառում` դուալ կրթության  համակարգի ներդրումն ու աշխատաշուկայի  հետ ՄԿՈՒ հաստատությունների կապերի ամրապնդումը: Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները, ինչպես նշել է Ա. Անափիոսյանը,  մեծապես պայմանավորված են լինելու բուհերում հետազոտական բաղադրիչի ավելացմամբ, որին կնպաստեն «Բարձրագույն կրթության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի ընդունումը:
 
Ոչ ֆորմալ կրթության զարգացումը ևս կարևոր ուղղություն է. այս ասպարեզում հաջողություններ է արձանագրել «Թումո» ստեղծարար կենտրոնը: Մասնավորապես, նախարարի տեղակալի տեղեկացմամբ` Եվրոպական միության և «Թումո» կենտրոնի միջև  օրերս կնքված դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեկնարկել է  ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիրի կառուցումը:  Նոր համալիրն իր մեջ կներառի STEM /մաթեմատիկա, ճարտարագիտություն  և բնագիտական առարկաներ/ հետազոտությունների և ՏՏ լաբորատորիաներ, ինչպես նաև այլ կարևոր ենթակառուցվածքներ: Դրանք հնարավորություն կտան բուհերում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ձեռք բերել կիրառական հմտություններ:
 
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) խորհրդատվական թիմը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարությանը` հաղորդակցության ռազմավարություն մշակելու հարցում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն