Փորձ է արվում ԿԱԻ-ի վերակազմավորմանը վերաբերող հարցերը լուծել առանց ԿԱԻ-ի մասնակցության. Նամակ՝ վարչապետին


Փորձ է արվում ԿԱԻ-ի վերակազմավորմանը վերաբերող հարցերը լուծել առանց ԿԱԻ-ի մասնակցության. Նամակ՝ վարչապետին

  • 25-03-2019 17:51:13   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
 
Մեծարգո պարոն վարչապետ
 
Ձեզ ենք դիմում ԿԳՆ <<Կրթության ազգային ինստիտուտ>> ՓԲԸ-ի շուրջ վերջերս ստեղծված անհասկանալի և հակասական իրավիճակի կապակցությամբ՝ հավատալով, որ առանց Ձեր միջամտության անխուսափելի կլինեն վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով հղի որոշումներն ու դրանց հաջորդող գործողությունները:
 
Իրավիճակի հակասականությունը պայմանավորված է հետևյալով: Նախ՝ ԿԱԻ-ի  կառավարման խորհուրդը կայացրել է մի որոշում, որի հիման վրա ԿԱԻ-ի բոլոր աշխատակիցները ծանուցում են ստացել այն մասին, որ մարտի 31-ից կարող են լուծվել նրանց աշխատանքային պայմանագրերը: Այդ որոշման համար իբրև հիմք է ընդունվել այն, որ նախատեսվում է 2019 թ-ին որոշակի միջոցառումներ <<իրակա-նաց¬նել մրցութային կարգով, որի արդյունքում հնարավոր է ԿԱԻ-ի ֆինանսավորման նվազեցում>>: Թվում է, թե առողջ բանականությունը հուշում էր, որ այդ որոշմանը հաջորդելու  էին համապատասխան մրցույթների հայտարարումն ու անցկացումը, որոնց արդյունքում որոշակիություն  կստանար ԿԱԻ-ի ֆինանսավորման  նվազեցման չափը, այնուհետև դրա հիման վրա կվերանայվեր ԿԱԻ-ի հաստիքացուցակը, քայլեր կձեռնարկվեին նոր հաստիք¬ցուցակից բխող կրճատումների կանոնակարգման ուղղությամբ, որպեսզի աշխատակիցներից յուրաքանչյուրի համար պարզ լիներ աշխատանքային պայմանագրի շարունակման կամ լուծման հարցը:
Սակայն, ոչ միայն այդ ուղղությամբ որևէ քայլ չկատարվեց, այլև իրավիճակն էլ  ավելի խճճվեց, երբ ԿԳՆ-ն ս/թ փետրվարին  իր պաշտոնական կայքում անսպասելի հայտարարություն տարածեց այն մասին, որ ԿԱԻ-ին՝ որպես  ՓԲԸ,  լուծարվելու է, և այնուհետև ստեղծվելու է կրթության ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց: Այս հայտարարությունն ավելի ընդլայնեց անորոշությունների շրջանակը, և մեծ հնչեղություն ստացան բազմաթիվ կասկածներ, հարցեր ու տագնապներ:
1. Եթե կառավարման խորհրդի որոշման մեջ հիշատակված միջոցառումներն իրոք մրցութային կարգով են իրականացվելու, ապա ինչո՞ւ է ԿԳՆ-ն առ այսօր ԿԱԻ-ին անմիջականորեն ներկայացնում  բազմազան հանձնարարություններ ու պատվերներ, ընդ որում՝ առանց որևէ  ֆինանսավորման: Ինչո՞ւ են դրանց կատարման դիմաց աշխատա¬վարձեր վճարում ԿԱԻ-ի՝ նախորդ տարիների գործունեությամբ ստացված շահույթների խնայողությունների հաշվին. չէ՞ որ ավելի նպատակային կլիներ այդ շահույթն օգտագործել  առաջադիմական այն-պիսի ծրագրերի համար, որոնց շնորհիվ  կբարձրանար նաև ԿԱԻ-ի մրցու-նակությունը և կհաղթահարվեր ֆինանսավորման հնարավոր նվազեց¬ման դժվարությունը: Տպավորություն է ստեղծվում, որ ԿԳՆ-ն արդեն երեք ամիս դիտավորյալ կասեցրել է ԿԱԻ-ի ֆինանսավորումը՝ այն տանելով լուծարման:
2. Եթե կյանքի կոչվի մյուս մոտեցումը, և ԿԱԻ-ն լուծարվի, այդ դեպքում մի՞թե միանգամից գործազրկություն է սպառնում կրթական համակարգում ծանրագույն պայմաններում իրենց ուսերին հսկայական բեռ կրող ԿԱԻ-ի աշխատակիցներին: Այդպիսի կասկածն անմիջապես բխում է ԿԳՆ-ի վերոհիշյալ հայտարարությունից, որում բացահայտ նշվում է, որ նորաստեղծ Հիմնադրամի համար հայտարարվելիք մրցույթում <<կարող են մասնակցել նաև ԿԱԻ-ի աշխա-տակիցները>>: Հայտարարող կողմին՝ ԿԳՆ-ին, թվում է, թե մրցութին մասնակցելու թույլտվությունը արժանապատիվ վերաբերմունք է փորձառու մասնագետի համար:
3. Եթե ԿԱԻ-ն լուծարվի, ի՞նչ  է սպասվում նրա մասնաճյուղերին. չէ՞ որ մայրաքաղաքից հեռու բնակավայրերի ուսուցիչների համար մասնաճյուղերը մեթոդական աջակցություն ցուցաբերող միակ հենարաններն են, մի՞թե գործող մասնաճյուղերին ևս սպառնում է տեխնիկական և մասնագիտական ներուժի փոշիացման այն ճակատագիրը, ինչին մեկ տարի առաջ նախորդ իշխա¬նության կողմից <<արժանացան>> նրանցից չորսը՝ Արարատի, Արմա¬վիրի, Արագածոտնի և Արցախի մասնաճյուղերը:
4. ԿԱԻ-ի լուծարման դեպքում ի՞նչ է սպառնում նրա կողմից հիմնադրված տասը անուն մասնագիտական ամսագրերին, մի՞թե 2018թ. ամբողջ տարվա ընթացքում ամսագրերի հրատարակման գործընթացի՝ որևէ արդարացում չունեցող ընդհատումը ի վերջո հան¬գեցնելու է դրանց դադարեցման, չէ՞ որ առանց մասնագիտական պարբերականների անհնար է պատկերացնել գիտամանկավարժական մտքի առաջընթացը:
5. Ի՞նչ գործառույթներ և կառուցվածք է ունենալու այդ նոր կազմավորվող կառույցը: Ինչպես բացատրել ԿԳՆ-ի այն մոտեցումը, ըստ որի՝ փորձ է արվում ԿԱԻ-ի վերակազմավորմանը վերաբերող հարցերը լուծել առանց ԿԱԻ-ի մասնակցության, առանց նրա մասնագիտական ներուժի օգտագործման, առանց բավարար հրապարակայնության:
6. Վերակազմավորվող կառույցում նախատեսվու՞մ են արդյոք գործառույթներ նաև մշակույթի և սպորտի վերաբերյալ. չէ՞ որ պետական կառավարման լիա¬զոր մարմինը այսուհետ ներա¬ռե¬լու է նաև այդ բնագավառների գործու¬նեության կանոնակարգումը:
Վերոհիշյալ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները դեռևս շատ անորոշ են, դրանց վերաբերյալ չեն եղել մասնագիտական հետազոտություններ, մասնագիտական հանրու¬թյունը մեկուսացվել է քննարկումներից, և գործընթացները ծավալվում են ժողովրդավարական սկզբունքներին անհարիր եղանակներով: 
Նախարարի հետ ԿԱԻ կոլեկտիվի օրերս կայացած հանդիպումը ևս  անպա¬տասխան թողեց նաև հետևյալ հարցերը.
1. Ինչո՞ւ է լուծարվում ԿԱԻ-ն, 
2. Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու նոր ստեղծվող կառույցը,
3. Ի՞նչ կառուցվածք է այն ունենալու,
4. Ինչո՞ւ չի կարելի ԿԱԻ-ի շրջանակներում իրականացնել հստակ բարեփո-խումներ՝ վերանայելով նրա գործառույթները, կառուցվածքը և կադրային համակազմը:
Ավելին, այդ հանդիպման ժամանակ նախարարը տեղեկացրեց, որ ոչ թե ստեղծվելու է առանձին կառույց, այլ համակարգի նմանատիպ բոլոր կառույցները միավորվելու են մի հիմ¬նադրա¬մի մեջ: Իսկ սա արդեն անսպասելի մի նոր մոտեցում է, ինչը վկայում է, որ ԿԱԻ-ի վերա¬կազ¬մավորման քայլերը օրեցօր փոփոխվում են, այսինքն՝ հարցը բոլորովին նախապատրաստված չէ:
Ուստի խնդրում և պահանջում ենք՝ 
1. կանխել ԿԱԻ-ի կարգավիճակին վերաբերող հապճեպ, չհիմնավորված, դեռևս լիովին չնախապատրաստված որոշումների կայացումը,
2. հստակեցնել ապագա կառույցի գործառույթները, դրանց իրականացմանն անհրաժեշտ համապատասխան կառուցվածքային մոդելը,
3. առաջարկվող մոտեցումները դնել քննարկման ԿԱԻ-ում և կրթական հանրության լայն շրջանակներում,
4. ԿԱԻ-ի վերակազմավորման հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրելու և ծրագրային առաջարկություններ մշակելու նպատակով ձևավորել մասնագիտական հանձնախումբ, որում ներառված կլինեն նաև ԿԱԻ-ի ներկայա¬ցուցիչները, 
5. ԿԱԻ-ի փոխարեն հիմնվող նոր կառույցի ձևավորումը ավարտելուն զուգահեռ ձեռնամուխ լինել ԿԱԻ ՓԲԸ-ի լուծարման գործընթացի իրագործմանը:
 
 
ՀՀ ԿԳՆ <<Կրթության ազգային ինստիտուտ>> 
ՓԲԸ աշխատակիցներ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն