ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփել է 2018թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում


ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփել է 2018թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

  • 25-03-2019 16:14:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի մարտի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների  բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 2018թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Այսպիսով, ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների  բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:
 
Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ՀՀ ԳԱԱ 14 ակադեմիկոս, 9 թղթակից անդամ, 26 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր:
 
2018թ-ին բաժանմունքի գիտաշխատողները տպագրել են  2  մենագրություն, 1 գիտաժողովների ժողովածու,  271 հոդված, որոնցից 105-ը` արտերկրում, 45 թեզիս, որոնցից 3-ը` արտերկրում:
 
Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 12 միջազգային և հանրապետական գիտաժողով:
 
Տարեկան ժողովում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝
 
·      «Նանոբյուրեղային նյութերը և մոմենտային առաձգականության կիրառական   մոդելները», զեկուցող` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ   Ս.Հ. Սարգսյան
 
·      «Որոշ նոր ուղղություններ և սկզբունքներ անալիզի և երկրաչափության բնագավառում, զեկուցող` Ֆ.-մ. գ.դ. Գ.Ա. Բարսեղյան
 
·      «Մաթեմատիկական տոմագրաֆիա» (Математическая томография) , զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ   Արմեն Սերգև (ՌԴ)  
 
·      «Գիտաչափության կիրառումը գիտական գործունեության գնահատման մեջ», զեկուցող`կ.գ.թ. Շ.Ա.Սարգսյան
 
·             «Մի ծայրով ամրակցված հեծանի դինամիկան և կայունությունը»,  զեկուցող` տեխ . գ.դ. Հ.Գ. Շեկյան
 Բաժանմունքի հիմնարկների կարևորագույն
տեսական-կիրառական արդյունքներ
Մաթեմատիկայի ինստիտուտ
 
·         Ստացվել է p-ադիկ լարերի դինամիկ տեսությունում հայտնի Վ.Ս. Վլադիմիրով-Յա.Ի. Վոլովիչի միջվակումային լուծումների գոյության թեորեմի ընդհանրացումը: Ապացուցվել է կառուցվող լուծման միակությունը սահմանափակ ֆունկցիաների դասում: Ստացված արդյունքներից որպես հետևանք ստացվել է Լ. Ժուկովսկայայի ռոլլինգային լուծումների վերաբերյալ թեորեմը: (ղեկ.` ֆ.մ.-գ.դ. Ն. Ենգիբարյան, ֆ.մ.գ.դ.Խ.Խաչատրյան ):
 
Մեխանիկայի ինստիտուտ
 
·         Մշակվել են գծային և ոչ գծային համակարգերի ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության ուսումնասիրության եղանակ՝ հիմնված Գրինի ֆունկցիայի վրա։ Օգտագործելով Գրինի ֆունկցիայի և էվրիստիկ եղանակները՝ հետազոտվել են անորոշություն պարունակող շերտավոր հեծանի ծռման տատանումների գրեթե ղեկավարելիությունը, էլեկտրական դաշտով մասնիկների՝ վերջավոր ժամանակում ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության պայմանները, ոչ գծային հավասարումների՝ անվերջ ժամանակում ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության պայմանները, Բյուրգերի մածուցիկ հավասարման՝ վերջավոր ժամանակում ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության պայմանները (ղեկ.` թղթ.անդ. Ա.Ավետիսյան, ֆ.-մ.գ.թ. Ա. Խուրշուդյան):
 
·         Առանց լրացուցիչ ավանդական կապակցանյութերի (ցեմենտ, կիր, հեղուկ ապակի) օգտագործման ավտոկլավային մշակման միջոցով բետոնե և երկաթբետոնե թափոնների բեկոտվածքի հիման վրա մշակվել է կառավարելի մեխանիկական հատկություններով օժտված շինարարական նոր կոմպոզիտային նյութերի ստացման եղանակ: Մշակված նյութերի հիման վրա կարելի է պատրաստել շինարարական աղյուսներ, միջնորմային սալեր և բլոկներ (ղեկ. ՝ տեխն.գ.դ. Կ.Կարապետյան, ք.գ.թ. Ն. Գուրգենյան, Ա.Առաքելյան, տեխն.գ.դ. Ա.Ավանեսյան):
 
 Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ         
 
·         Քանակական ատրիբուտներով ասոցիատիվ կանոնների պեղման մոդելում, որտեղ ենթադրվում է, որ ատրիբուտները մոնոտոն են, կառուցվել է ալգորիթմ, որը ներմուծելով «խորանարդային տրոհում» գաղափարը, խնդիրը հանգեցնում է բինար ատրիբուտների դեպքին: Չնայած խնդիրը մնում է հաշվատար, բայց այն ձեռք է բերում պարզ մոդելային նկարագիր, ինչը հնարավորություն է տալիս պեղել կանոններ ըստ խնդրի լրացուցիչ սահմանափակումների, ինչպես օրինակ` կանոնի ձախ մասի փոքր հզորությունը, հասանելիության տիպի սահմանափակումներ և այլն: Կիրառման տիրույթը չափազանց լայն է, ինչպես օրինակ, համակարգչային LOG ֆայլերի պեղում ցանցային ներխուժումների հայտնաբերման համար (ղեկ.՝ թղթ.անդ. Լ.Ասլանյան):
 
·         Առաջարկվել է պատկերների ճապաղվածության աստիճանի գնահատման չափանիշ, և ցույց է տրվել, որ այն հնարավոր է օգտագործել նաև պատկերների մի շարք այլ տեսակի աղավաղումների համար (ղեկ.` տ.գ.դ. Դ.Ասատրյան):
 
·         Ամպային հիմնական ենթակառուցվածքը զարգացվել է օգտագործելով OpenStack միջավայրը։ Հետազոտվել են պահեստավորման (Swift), ցանցային (Neutron) և վիրտուալ ղեկավարման (Nova) ծառայությունները։ Ներդրվել է Keystone ինքնության կառավարման ծառայությունը։ Գիտափորձերից և հաշվարկներից ստացված տվյալները պահեստավորելու համար մշակվել է ամպային պահեստ։
 
·         Ստեղծվել է տվյալների տեսանելիացման ինտերակտիվ հարթակ, որը ներկայացվում է որպես ինտեգրված միջավայր գիտական տվյալների վերլուծման, մշակման և տեսանելիացման համար (ղեկ.` տ.գ.թ. Հ.Ասցատրյան):
 
 «ՀԻԴՐՈՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԵՎ ՎԻԲՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԲԱԺԻՆ» ՓԲԸ
 
·         Խողովակաշար համակարգերում ճնշման պուլսացիաների և տատանումների ցածրացման և վերացման նպատակով մշակվել է աշխատանքային միջավայրի ճնշման և ծախսի բազմառեժիմ կայունացուցիչ(ղեկ.` տ.գ.թ. Գ. Ավետիսյան):
 
 
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն