ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքն ամփոփել է 2018թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

25-03-2019 15:16:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սույն թվականի մարտի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և Երկրի մասին գիտությունների  բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը ժողովի ընթացքում ներկայացրեց 2018թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Այսպիսով, ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և Երկրի մասին գիտությունների  բաժանմունքի կազմում ընդգրկված են Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտությունների, Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության  ինստիտուտները, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (Օրգանական քիմիայի, Ա.Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներ, Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոն):
 


2018 թվականին  բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է 301 հոդված (158-ն արտասահմանյան ամսագրերում), 84 թեզիս (19-ն արտասահմանում), 7 մենագրություն (2-ն արտասահմանում) և ստացվել է 4 արտոնագիր:
 
Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 9 ակադեմիկոս, 6 թղթակից անդամ և 21 արտասահմանյան անդամ:  Բաժանմունքի գիտաշատողներ ք.գ.դ.           Ս. Սիրականյանը և ք.գ.թ. Ա. Հովակիմյանն արժանացել են ՀՀ  Նախագահի մրցանակին, Հ. Բաբայանը, Ռ. Ջրբաշյանը, Է. Խաչիյանը, Ա. Կարախանյանը (հետմահու) պարգևատրվել են «Համագործակցություն հանուն փրկության» ԱԻՆ մեդալով, ԱԻՆ մեդալով պարգևատրվել են՝ Բ. Կարապետյանը, Ս. Հովհաննիսյանը,   Վ. Գրիգորյանը, Է. Գյոդակյանը, Ա. Հովսեփյան, Ս.Դարբինյանը, Հ.Բաբաջանյանը, Լ.Մխիթարյանը:
 
 Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝
 
«Կրիտիկական երևույթներ և ալիքային պրոցեսներ՝ էլեկտրական հոսանքով մետաղների տաքացման ժամանակ», զեկ.` ՀՀ ԳԱԱ թղթ.անդամ                         Ս. Խառատյան:
«Բիս-հետերոարենների հենքի վրա կառուցված կենսաակտիվ, ֆոտովոլտայիկ և  լյումինեսցենտ հատկություններով օժտված նյութերի սինթեզ», զեկուցող` ՀՀ ԳԱԱ թղթ.անդամ  Գ. Դանագուլյան
«Երկրաշարժերի պարսեր Գեղամի հրաբխային բարձրավանդակում (Հայաստան)», զեկուցող` ե.գ.թ. Լ.Սարգսյան, ե.գ.դ.  Խ. Մելիքսեթյան:
«Սերպենտինացված ուլտրամաֆիտների մշակման նոր տեխնոլոգիաների ներդրման խնդիրները և հեռանկարները», զեկուցող` տ.գ.թ.  Ա. Իսահակյան:
Բաժանմունքի կարևորագույն արդյունքներ
 
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
 
·         Հակաքաղցկեղային նոր տիպի թիրախային հատկություններով օժտված միացությունների որոնումների ուղղությամբ ստացվել են  2,5,6,7-ֆունկցիոնալ տեղակալված 5,8-դիհիդրոպիրիդո[2,3-d]պիրիմիդին-4(3H)-ոնային նոր ածանցյալներ: Մշակվել է նրանց մեկ փուլով եռակոմպոնենտ սինթեզի եղանակ (ղեկ.՝
Թ.Ռ. Հովսեփյան):
 
ՔԻՄԻԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
 
·         Տրոլոքսի և ասկորբինաթթվի հետ ֆլավոնոիդայն խառնուրդների  ոչ- ադդիտիվ ազդեցության մեխանիզմը(սինեգետիզմ, անտագոնիզմ)
 
·         Միկրոալիքային եղանակով գերամուր B4C-ReB2 կոմպոզիտի սինթեզ:  
 
-         Կոմպոզիտը կարող է կիրառվել կտրող, հորատող և ողորկող գործիքների, ինչպես նաև զրահաբաճկոնների արտադրությունում:
 
·         Ոչ իզոթերմ պայմաններում NiO, WO3 օքսիդների վերականգնումը Mg/C համակցված վերականգնիչով: Սիներգետիկական էֆեկտ:
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
 
·         Ֆոսֆորսիլիկատային ապակիների երկաստիճանային  բյուրեղացմամբ, և որպես հիմնական  ֆազեր` Ca2Al(AlSiO7) և Ca2Mg(Si2O7) պինդ լուծույթների անջատմամբ, սինթեզվել են թափանցիկ բիոսիտալներ: Հետազոտվել են     CaO-CaF2-Al2O3-SiO2 համակարգում (SiO2 10-15; CaF 5 մոլ%) 3CaOAl2O3-ի առաջացման և կայունության տիրույթները 1200-14500C միջակայքում (ղեկ.` տ.գ.դ. Ն. Կնյազյան):
 
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
 
·    Նորագույն կառուցվածքաերկրաբանական և երկրադինամիկ հետազոտությունների հիման վրա առաջարկվել է Արարատյան գոգավորության ձևավորման նոր մոդել:
 
ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱՅԻՆ ՍԵՅՍՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
 
Մշակվել են ռենտգենառադիոմետրական մեթոդով երակային տիպի հանքամարմինների նմուշարկման և ստացված անոմալիաների մեկնաբանման եղանակներ՝ կախված չափող սարքերի զոնդերի կառուցվածքային առանձնահատկություններից (ղեկ.՝ ե.գ.դ. Ա. Թամրազյան):
«Օջախ-ծավալ» սեյսմիկ մոդելի հենքի վրա տրվել է ուժեղ երկրաշարժերի օջախային գոտիների սեյսմատեկտոնական բնութագիր, կազմվել է ՀՀ տարածքի երկրակեղևի սեյսմաակտիվ բեկորների սխեմատիկ քարտեզ: Հայտնի էմպիրիկ կախվածությունների հիման վրա գնահատվել է այդ բեկորների սահմաններում հնարավոր մաքսիմալ մագնիտուդի արժեքը (ղեկ.՝ ե-հ.գ.թ. Հ. Գասպարյան):
Պատրաստվել և փորձարկվել է 1Հց սեփական տատանման հաճախականություն ունեցող դյուրակիր սեյսմիկ տվիչ ինժեներային սեյսմաբանության խնդիրները լուծելու նպատակով (ղեկ.՝ Ա. Գասպարյան):
ԻՆՈՎԱՑԻՈՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
 
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
 
Նոր կոմպոզիցիոն սորբենտներ կենսատեխնոլոգիայի և դեղագործության համար (Առաջատար  գիտ. աշխատող, ք. գ. դ. Ս. Գ. Գրիգորյան)
-         Մշակված է մոնոմերային և նոր օլիգոմերային բիս-ակրիլամիդների սինթեզման եղանակը միջֆազային սինթեզի պայմաններում, իրականացվել է կերամիկական մոնոլիտի և սիլիկագելի վրա նրանց պոլիմերումը և համապոլիմերումը ստիրոլի և մեթիլմետակրիլատի հետ: Ուսումնասիրվել են ստացված պոլիամիդային ծածկույթով նոր կոմպոզիցիոն սորբենտների կառուցվածքը, մորֆոլոգիան և ծակոտկեն հատկությունները:
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
 
·         Ալյումասիլիկատներից երկարատև գործող պարարտանյութերի ստացման նոր եղանակի մշակում (ղեկ.` Գրիգորյան Կ.Գ.):
 
·         Բազմամետաղային օքսիդացած հանքանյութերից ֆլոտացումով պղնձի, մոլիբդենի, ցինկի և կապարի կորզում և տեխնոլոգիական հիմունքների մշակում (ղեկ.` տ.գ.դ. Ա. Հովսեփյան):
 
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
 
·         Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի երկրաֆիզիկական և ինժեներաերկրաբանական աշխատանքները:
 
Սողանքները վտանգ են ներկայացնում միջպետական տրանսպորտային ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության,
գազատարի համար, ինչպես նաև Դեբետ գետի պատնեշման վտանգի առկայության դեպքում: ԵԳԻ աշխատանքների հիման վրա ՀՀ ԱԻՆ կողմից միջոցներ են ձեռնարկվել հակասողանքային կանխարգելման գործընթացում՝ կայունացնելով սողանքը:
 
 Ոսկու և արծաթի տեղաբաշխումը Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրում
 
-         Քաջարանի գործող պղինձ-մոլիբդենային հանքավայրի բաց հանքի դարավանդների փաստագրմամբ իրականացված հանքաբանաերկրաքիմիական ուսումնասիրությունների արդյունքում որոշվել են հանքանյութում ոսկու և արծաթի տեղաբաշխման առանձնահատկությունները, առանձին միներալների ոսկեբերության և արծաթաբերության հեռանկարները:
 
 ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱՅԻՆ ՍԵՅՍՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
 
·         Նախագծվել, պատրաստվել և ներդրվել է հորատանցքերում ջրի մակարդակի ստուգիչ-չափիչ, մոբիլ համակարգ (ղեկ.՝ Ս. Շահպարոնյան):
 
·         Մշակվել և Թուրքմենստանում ներդրվել է ջրի մակարդակի ստուգիչ-չափիչ հեռակառավարվող համակարգ (ղեկ.՝ ե.գ.թ. Ջ.Կարապետյան):
 
·         Նախագծվել և Արագածում, Նոր Ամբերդում ներդրվել են ժամանակակից պահանջներին համապատասխան սեյսմիկ կայաններ՝ գլոբալ մշտադիտարկման նպատակով (ղեկ.՝ ե.գ.թ. Ջ.Կարապետյան):
 
 
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
 
25.03.2019թ.
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 234 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար