ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփել է 2018թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

25-03-2019 15:42:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 Սույն թվականի մարտի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
 
Ժողովի ընթացքում 2018թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը: Այսպիսով, բաժանմունքի կազմում ընդգրկված են Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները, ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնը և «Գալակտիկա» ՓԲԸ-ը:
 
Կազմակերպվել է 8 գիտաժողով, տպագրվել են` 5 մենագրություն (3-ն արտասահմանում), 216 հոդված (116-ն արտասահմանում), 141 թեզիս (65-ն արտասահմանում), 5 ուսումնական ձեռնարկ, ստացել են 8 արտոնագիր:
 
Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 9 ակադեմիկոս, 12 թղթակից և 29 արտասահմանյան անդամներ: 
 
Հաշվետու տարում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ. Հարությունյանը պարգևատրվել է «Այլընտրանքային էներգիայի և էկոլոգիայի միջազգային ասոցիացիա»-ի ոսկե մեդալով և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Մոսկվայի պետական համալսարանի ակադեմիկոս Ն.Մ.Էմանուելի հուշամեդալով, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն ֆ.-մ.գ.թ.  Տ. Զաքարյանը պարգևատրվել է  ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի մեդալով, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտաշխատող ֆ.-մ.գ.թ. Ա. Մակարյանը պարգևատրվել է  ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի մեդալով:
 
Ժողովին ներկայացվեցին  հետևյալ գիտական զեկուցումները՝
 
·         «Ֆունկցիոնալացված մագնիսական նանոնյութեր չարորակ ուռուցքների` բարձր արդյունավետությամբ մագնիսական գերտաքացման համար», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Ա. Մանուկյան
 
·         «Աստղաքիմիան որպես աստղակենսաբանության հիմք` պարզագույն մոլեկուլներից մինչև կենսամարկերներ այլ մոլորակներում», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Ա. Եղիկյան
 
·         «Ռենտգենյան ակուստաօպտիկայի նոր կիրառությունների մասին», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Վ. Քոչարյան
 
·         «Ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությունը բարձր էներգիաների տիրույթում», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Ն. Սահակյան
 
·         «Ռադիոհաճախականային պլազմայի հսկման և ղեկավարման եղանակներն արդի տեխնոլոգիական պրոցեսներում», զեկուցող` Ս.Սարգսյան
 
 Բաժանմունքի կազմակերպությունների կարևորագույն և կիրառական արդյունքներ
 
Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան (ԲԱ)
 
Կարևոր արդյունքներ
 
Օպտիկական և ռենտգենյան դիտողական տվյալների հիման վրա կատարվել է 200-ից ավելի ռենտգենյան գալակտիկաների սպեկտրային հետազոտություններ և առաջին անգամ տրվել են դրանց ակտիվության դասերը: Հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող նոր գերլուսատու 55 ենթակարմիր գալակտիկա և ստեղծվել է ենթակարմիր գալակտիկաների ամենամեծ ընտրանքը (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Ա. Միքայելյան):
 
V1318 Cyg էրուպտիվ աստղի
մանրակրկիտ սպեկտրային և լուսաչափական հետազոտությունների հիման վրա պարզաբանվել է, որ այս օբյեկտը ներկայացուցիչն միջին զանգվածի երիտասարդ էրուպտիվ աստղերի նոր ենթադասի (ղեկ.՝ ֆ.-մ.գ.դ. Տ. Մաղաքյան):
 
Ցույց է տրվել, որ Գալակտիկայի կենտրոնից 5 և 7 կիլոպարսեկ շառավիղներով սահմանափակված օղակում Գալակտիկայի մեծամասշտաբ մագնիսական դաշտն ուղղված է ժամացույցի սլաքի շարժման ուղղությանը հակառակ (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Ռ. Անդրեասյան):
 
Կիրառական աշխատանքների արդյունքներ
 
Հայ-ռուսական համատեղ կայանում 210 դիտողական գիշերների ընթացքում արհեստական արբանյակների համար կատարվել է շուրջ 420,000 չափում և վերականգնվել է 630 ուղեծիր (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Հ. Հարությունյան):
 
 Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ (ՌՖԷԻ)
 
 Կարևոր արդյունքներ
 
Հետազոտվել են ֆրենելյան դիէլեկտրական միկրոոսպնյակներից բաղկացած փուլավորված ալեհավաքային ցանցի հատկությունները: Պատրաստվել է 4 x 4 ցանց, որի տարրն իրենից ներկայացնում է 2λ x 2λ x 3λ զուգահեռանիստի տեսքով ε = 1,6 դիէլէկտրական հաստատունով ոսպնյակ: Մշակված ցանցի հիման վրա նախատեսվում է կառուցել միլիմետրային ալիքների երկչափ տեսածրման անտենա ավտոմեքենաների վարման համակարգերում օգտագործման համար (ղեկ.`  թղթ.անդ. Ա.Հախումյան):
 
Ուսումնասիրվել է լույսի տարածումը նոսր ֆոտոնային բյուրեղներում: Ստացվել է վերլուծական արտահայտություն անցման գործակցի համար: Կանխագուշակվել է լույսի ուղղման երևույթը, որը փորձնականորեն դիտվել է միկրոալիքային տիրույթում: Նման վարքը պայմանավորված է ֆոտոնի շարժունության ճնշմամբ դիէլէկտրական թափանցելիության անհամասեռության ուղղությամբ: Պատճառը ցածր էներգիայով և տեղայնացված վիճակների ի հայտ գալն է, ինչը ճնշում է ֆոտոնի շարժունությունը լայնական ուղղությամբ և ստիպում է ֆոտոնին ուղղվել անկախ անկման անկյունից (ղեկ.՝ ֆ.-մ.գ.դ. Ժ.Գևորգյան):   
 
Կիրառական աշխատանքների արդյունքներ
 
Ստեղծվել է հակառակորդի խոցման միջոցների ճնշման սարք (ղեկ.` ֆ.-մ.գ.թ. Ա.Մակարյան):
 
Առաջարկվել և հետազոտվել է ռադարների ազդանշանների  թվային մշակման նոր եղանակ, հիմնված հաճախականության օրթոգոնալ բաժանման բազմապատկման (OFDM) տեխնոլոգիայի վրա: Մշակված եղանակը հնարավորություն է տալիս բազմաթիրախային իրավիճակում իրականացնել միարժեք համապատասխանություն հնարավոր հեռավորությունների  և հնարավոր արագությունների բազմությունների մեջ: Մշակված եղանակը պահանջում է շատ ավելի փոքր հաշվողական  պաշարներ, քան ներկայում լայնորեն օգտագործվող հայտնի  եղանակները  (ղեկ.`  թղթ.անդ. Ա.Հախումյան):
 
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
 
 Կարևոր  արդյունքներ
 
Կալիում պարունակող բարձրջերմաստիճանային նանոբջջի L = λ/2 = 380 նմ հաստության շրջակայքում հայտնաբերվել և հետազոտվել է Լեմբի կոլեկտիվ շեղման երևույթով պայմանավորված,  խտության աճին զուգընթաց գրանցվող սպեկտրային անցումների «կապույտ շեղում» (ղեկ.՝ ֆ.-մ.գ.դ. Դ.Սարգսյան):
 
            Yb:LuAlO3 և Yb:YAlO3 միաբյուրեղների հիման վրա լազերների մշակման համար հետազոտվել է բյուրեղացման պայմանների ազդեցությունը օպտիկական բնութագրերի վրա, Չոխրալսկու և Բրիջմենի եղանակներով ստացվել են ակտիվատորի տարբեր կոնցենտրացիաներով բյուրեղներ: Որոշվել է դիոդային մղմամբ մոդուլված բարորակության ռեժիմում YAlO3:Yb բյուրեղների  գեներացման համար Yb իոնների օպտիմալ կոնցենտրացիան (2-3 ատ%) (ղեկ.՝ ֆ.-մ.գ.դ. Ա.Պետրոսյան):
 
Կիրառական աշխատանքների արդյունքներ
 
Նախանշված հատկություններով սինթեզված ածխածնային նանոմասնիկների և մետաղ-ածխածնային նանոկոմպոզիտների գործնական կիրառման նպատակով ձեռնարկվել են աշխատանքներ տեխնոլոգիական (հիբրիդային սուպերկոնդենսատորների մշակում, հեղուկների արդյունավետ ֆիլտրերի ստեղծում), բժշկական (քաղցկեղային բջիջների քայքայում մագնիսական հիպերթերմիայի եղանակով), ռազմաարդյունաբերական (ենթակարմիր ճառագայթման կլանիչ և հակառադարային պաշտպանական շերտերի ստեղծում) ուղղություններով (ղեկ.` ֆ.-մ.գ.թ. Ա.Մանուկյան):
 
Ատոմական գոլորշիների և լազերային ճառագայթման ռեզոնանսային փոխազդեցության հիման վրա մշակվել են տարբեր բնութագրերով օպտիկական սկալյար և վեկտորային մագնիսաչափների լաբորատոր մոդելներ՝ գեոմագնիսական դաշտի մշտադիտարկման, ուժեղ գրադիենտային դաշտերի չափման և այլ կիրառությունների համար: Սարքերի մշակումներում օգտագործվել են մատչելի հենքով էլեկտրոնային տարրեր և սեփական ծրագային ապահովում՝ ավտոնոմ աշխատանքի համար (ղեկ.`  թղթ.անդ. Ա.Պապոյան):
 
 Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
 
 Կարևոր արդյունքներ
 
Հետազոտվել է ուղղագիծ հավասարաչափ շարժվող լիցքավորված մասնիկների թանձրուկների շղթայի ճառագայթումը, երբ այն անցնում է վակուումում գտնվող դիէլեկտրական գնդի կենտրոնով։ Ցույց է տրվել, որ խնդրի պարամետրերի որոշակի արժեքների դեպքում, հաճախությունների նեղ տիրույթում կարող է մակածվել ինտենսիվ ճառագայթում, երբ ճառագայթվող էներգիան համեմատական է շղթայում թանձրուկների թվի քառակուսուն (ղեկ.՝ ակ.
Ա. Մկրտչյան):
 
 Փորձնականորեն ցույց է տրվել, որ քվարցի միաբյուրեղի ատոմական հարթություններին ուղղահայաց կիրառված կետային ջերմային գրադիենտի միջոցով հնարավոր է սպիտակ փնջից առանձնացնել որոշակի անկյունային ու սպեկտրային լայնությամբ ռենտգենյան փունջ և այն կիզակետել հարթության մեջ (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Վ. Քոչարյան):
 
 Կիրառական աշխատանքների արդյունքներ
 
Ակուստապլազմային միջավայրում իոնապլազմային փոշիացման եղանակով սինթեզվել են դժվարահալ մետաղների և այլ նյութերի տարբեր հարաբերական խտության ու կարգավորվածության աստիճանի միջավայրեր, որոնք կարող են օգտագործվել լայն տիրույթի էլեկտրամագնիսական ալիքների կլանիչ-փոխակերպիչ սարքերի ստեղծման համար:
 
Մշակվել է գերթույլ ակուստիկական ալիքների գրանցման նոր մեթոդ, որը պայմանավորված է ակուստաֆիզիկական մեթոդներով կենսաբանական օբյեկտների ակուստիկական արձագանքերի  գրանցմամբ (ղեկ.՝ թղթ. անդ. Ա. Մկրտչյան):
 
«COMSOL MULTIPHYSICS» ծրագրային միջավայրում մշակվել է բյուրեղներում, ակուստիկական ալիքների առկայությամբ պայմանավորված, տարբեր առանցքներով դեֆորմացիայի բաշխման քարտեզի ստացման մեթոդ (մոդելավորման եղանակ): Մշակվել և պատրաստվել է 0.1÷1 ՄՀց տիրույթի էլեկտրամագնիսական ազդանշանների ուժեղարար (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Վ. Քոչարյան):
 
Ակուստաֆիզիկայի տարբեր մեթոդների կիրառմամբ մշակվել ու ստեղծվել է նոր տիպի բարձր արտադրողականությամբ ջրածնային գեներատորի լաբորատոր նմուշ (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Վ. Նալբանդյան):
 
 ԻԿՐԱՆԵՏ  ՄԿ
 
Կարևոր արդյունքներ
 
Համադրելով տարբեր դիտակներով ռադիոտիրույթից մինչև բարձր էներգիաների գամմա տիրույթներում գրանցված տվյալները՝ ցույց է տրվել, որ IceCube դիտակով գրանցված գերբարձր էներգիաների նեյտրինոները, ամենայն հավանականությամբ, առաջանում են TXS 0506+056 հեռավոր բլազարից (ղեկ.՝ ֆ.- մ.գ.թ. Ն. Սահակյան)։
 
  
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 216 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար