«Սասնա Ծռեր»-ը սադրանքի միջոցով ապատեղեկատվություն է տարածում. մարտունեցի ազատամարտիկները հանդես են եկել բաց նամակով
25-03-2019 17:13:09 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
Մարտունի քաղաքի մի խումբ ազատամարտիկներ բաց նամակով դատապարտել են «Սասնա Ծռեր» կուսակցության այսօր տարածած այն հայտարարությունը, որով իբր խոչընդոտվել է շրջկենտրոնում կազմակերպված այդ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը բնակչության հետ:
Նամակի մեջ ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, օրերս «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչները Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում բնակչության հետ հանդիպում են կազմակերպել: Դժգոհ մնալով հանդիպման մասնակիցների սակավ քանակից՝ նրանք հայտարարություն են տարածել, թե իբր Մարտունի քաղաքի ազատամարտիկները նախապես ձեռնարկել էին հնարավոր բոլոր միջոցները հանդիպման կայացմանը խոչընդոտելու համար: Թեմային առանձին հնչեղություն տալու նպատակով նրանց տարածած հայտարարության մեջ հիշատակվում է Արցախյան ազատամարտի վետերան Սամվել Աբրահամյանի անունը, ինչպես նաև առանց փաստերի ներկայացվում մտացածին ինչ-որ մեքենաների շարժ՝ այսօրինակ էժանագին սադրանքների միջոցով հանրությանը թյուրիմացության մեջ գցելու փորձ անելով:
Մենք՝ Մարտունի քաղաքի ազատամարտիկներս, խիստ դատապարտում ենք այդպիսի շահարկումներն ու ապատեղեկատվության տարածումը: Մենք երբեք մեր մեջ թշնամիներ չենք փնտրել, և երբևիցե որևէ մեկից չենք վախեցել, դրա վառ ապացույցը անառիկ պահված Մարտունին է: Կարծում ենք՝ այսքանով ամեն ինչ ասված է»: