Գերմանիայի երկու քաղաքներում հայկական դպրոցներ են բացվել


Գերմանիայի երկու քաղաքներում հայկական դպրոցներ են բացվել

  • 25-03-2019 16:46:49   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

2018 թվականի մարտ ամսից Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գործող  «Գիտելիք» հայկական դպրոցի հիմնադիրներ ԼիլիթՀակոբյանն ու Մասիս ԱռաքելյանըԳերմանիայի Մեքլնբուրգ-Ֆորպոմերն նահանգի Գրայֆսվալդ և Ռոսթոք ամենամեծ քաղաքներում հունվարին բացել են «Գիտելիք» դպրոցի մասնաճյուղերը:
 
Այս քաղաքներում հայկական կազմակերպություններ, միություններ չկան, իսկ այնտեղ ապրող հայերի շփումը սահմանափակվում է միայն միմյանց հանդիպելու կամ տուն գնալու մակարդակով: Լիլիթն ու Մասիսն առաջինն են, որ այդ քաղաքներում բացել են հայկական դպրոցներ, ինչը նրանք բացառիկ երևույթ են համարում: Նախևառաջ տարածք տրամադրելու ակնկալիքով կապ են հաստատել քաղաքային իշխանությունների հետ: Պատասխանը չի ուշացել. ինտեգրացիայի պատասխանատուն, իբրև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հայկական մշակույթը տարածելու համար նրանց իր աջակցությունն է հայտնել:
 
«Չնայած հիմնադրումից մեկ տարի է անցել, սակայն Բեռլինում գործող մեր դպրոցն արդեն կայացած է և բարի համբավ ունի: Եվ այս քաղաքներում էլ արձագանքը չուշացավ: Տեղի հայերի կողմից դպրոց բացելու գաղափարը մեծ ոգևորությամբ և գրկաբաց ընդունվեց: Իհարկե, դժվար աշխատանք ենք կատարում, սակայն պատասխանատվությամբ ենք իրագործում սկսած գործը՝ գիտակցելով օտար միջավայրում հայ երեխաներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալու անհրաժեշտությունը»,-«Հայերն այսօր»-ին տեղեկացրեց Մասիս Առաքելյանը:
 
Բարվոք և կոկիկ վիճակում գտնվող վարձակալած դասարաններում Լիլիթն ու Մասիսը յուրաքանչյուր շաբաթ օր Բեռլինից, հաշվի չառնելով հեռավորությունը, գալիս են՝ դասավանդելու երեխաներին: Լիլիթը հայերեն է սովորեցնում, Մասիսը՝ երգ, իսկ պարի դասընթացները համատեղ են կազմակերպում:  Առավոտյան Գրայֆսվալդում, ցերեկը՝ Ռոսթոքում են կայանում դասերը: Ի դեպ, Լիլիթն ու Մասիս իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին Գրայֆսվալդի Ինտեգրման հարցերի պատասխանատու Աննա Գացքենին` դասասենյակների հարցում ցուցաբերած օգնության համար:
 
Մասիս Առաքելյանը հույս հայտնեց, որ աստիճանաբար իրենց գործունեությունը կակտիվացնեն և նոր ծիլեր կտան, քանի որ շփվելով երեխաների հետ՝ հասկանում են, որ մեծ ցանկություն ունեն հայերեն սովորելու և անհամբերությամբ են սպասում հանդիպումներին: Նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը, ինչ պատմության և մշակույթի կրողներ են:
 
«Սփյուռքում հայ երեխաներին գրաճանաչ դարձնելու, հայերեն խոսել սովորեցնելու ամենօրյա պայքարի մեջ ենք գտնվում: Աշակերտները հայերենի տիրապետման տարբեր մակարդակում են գտնվում, նրանց մի մասն էլ գրեթե հայերեն գրել-կարդալ չգիտի: Մենք նաև հոգեբանական աշխատանք են տանում աշակերտների հետ: Պատկերացրեք, ականատեսն ենք լինում այն փաստին, որ հայ երեխան սեփական լեզուն չիմանալու պատճառով դասի ժամանակ արտասվում է: Թեև դժվարին իրավիճակում ենք հայտնվում, սակայն կենտրոնացնելով ուժերը՝ շարունակում ենք դասաժամը»,-ասաց Լիլիթ Հակոբյանը:
 
Հավելենք, որ «Գիտելիք» դպրոցի բոլոր մասնաճյուղերում սովորում են 70 աշակերտ: Սեպտեմբեր ամսին դպրոցը մշակութային փառատոնի մասնակցելու հրավեր է ստացել, որտեղ Գերմանիայի տարբեր քաղաքներում ապրող ազգերը ներկայացնելու են իրենց երկրի մշակույթը: Արդեն որոշվել է, որ երեք դպրոցների աշակերտները պետք է համերգային ծրագրով՝ երգ ու պարով օտարներին հաղորդակից դարձնեն մեր ազգային-մշակութային արժեքներին:
 
Գևորգ  Չիչյան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն