ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը և գործընկեր համայնքները Վեդիում տոնում են Ջրի համաշխարհային օրը


ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը և գործընկեր համայնքները Վեդիում տոնում են Ջրի համաշխարհային օրը

  • 25-03-2019 18:49:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վեդի, Հայաստան. Ս․թ․ մարտի 25-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը և նրա 12 գործընկեր համայնքները «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հետ միասին տոնեցին Ջրի համաշխարհային օրը։ Միջոցառումը, որը տեղի ունեցավ Արարատի մարզի Վեդի համայնքում, ի ցույց դրեց, թե ինչպես կարող են համայնքի բնակիչները գործողություններ ձեռնարկել իրենց սեփական ջրային ռեսուրսների վերահսկման և պաշտպանության ուղղությամբ։   
 
Միջոցառման ընթացքում «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը ներկայացրեց խմելու ջրի նմուշառման այն գործնական հմտությունները, որոնք փոխանցվել էին ակտիվ քաղաքացիներին, ուսուցիչներին և ջրօգտագործողներին  «Խմելու ջրի վարակազերծում» խորագիրը կրող աշխատաժողովի փետրվարի վերջին և մարտի սկզբին։ Դասընթացի ժամանակ մասնակիցները սովորել էին, թե ինչպես ստուգել խմելու ջրում քլորի պարունակությունը՝ ծրագրի կողմից տրամադրված ուսումնական հատուկ սարքակազմի միջոցով։ Դրանք նախատեսված են մատակարարվող խմելու ջրում քլորի քանակը չափելու համար։ Յուրաքանչյուր սարքակազմում ներառված է երեք ռեագենտ, որոնք բավարար են 50 նմուշառման համար։  
 
ԱՄՆ ՄԶԳ Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշանը միջոցառմանն ընդգծեց «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ներդրումը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում՝ ծրագրի գործընկեր համայնքներում քաղաքացիական մասնակցության խթանման առումով։ 
 
Միջոցառմանը ներկա էին Արարատի և Արմավիրի մարզպետարանների ներկայացուցիչները, «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի գործընկեր համայնքների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ուսուցիչները, երիտասարդները, քաղաքացիական լրագրողներն ու համայնքի ակտիվ քաղաքացիների խմբերը ։   
 
Աշխատաժողովի մասնակիցները ներկայացրեցին Արարատի և Արմավիրի համայնքների դպրոցներում իրականացված քլորի նմուշառման արդյունքները։ Ծրագրի կողմից գնված՝ խմելու ջրում քլորի պարունակության նմուշառման սարքակազմեր բաժանվեցին Արարատյան դաշտում ծրագրի գործընկեր համայնքների դպրոցներին։ 
Հանրային միջոցառումը կազմակերպվել էր «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հետ համատեղ՝ իրազեկության բարձրացման և համատեղ միջոցառումների կազմակերպման միջոցով Արարատյան դաշտում ջրային տնտեսության բարելավման վերաբերյալ ԱՄՆ ՄԶԳ հետ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։  
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն