Վարչապետը պարզաբանեց, թե ինչի հաշվին են բարձրանալու զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը


Վարչապետը պարզաբանեց, թե ինչի հաշվին են բարձրանալու զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը

  • 27-03-2019 15:17:09   | Հայաստան  |  Հասարակություն

 
2019 թվականին պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 90 մլն դոլարով, ինչն աննախադեպ երևույթ է վերջին 9 տարիների կտրվածքով: 
 
Ինչպես մարտի 27-ին ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելյալ այդ եկամուտը ծախսվելու է 2019 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի զինված ուժերի զինծառայողների, իսկ սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցների շուրջ 38 000 ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով բարձրացնելու համար, ինչպես նաև պլանավորում են այս տարի իրականացնել  շուրջ 303 կիլոմետր ավտոճանապարհների տարբեր մակարդակի նորոգումներ, իսկ 10 մլրդ դրամ էլ տրամադրել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը: 
 
«Սա առաջին հերթին, իհարկե, ստվերի դեմ կառավարության և ՊԵԿ-ի վարած քաղաքականության արդյունք է: Եվ, քանի որ կանխատեսում եմ, որ կհնչեն մտահոգություններ, թե որքանով կարող է սա բացասական ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա, ուզում եմ նշել, որ այս գործընթացում ռեպրեսիվ մեթոդներ ընդհանրապես չեն կիրառվում, այլ կիրառվում է վերլուծական, բանակցային, երկխոսության մեթոդը: Հաջորդ կարևոր գործոնը, որը մեզ թույլ է տալիս, որպեսզի պետական եկամուտների այսպիսի լրջագույն գերակատարում ունենանք, քաղաքացիների և կառավարության համագործակցությունն է: 
 
Ես ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի քաղաքացիները իսկապես լայնորեն արձագանքում են կառավարության այն կոչերին, որ իրենք նույնպես անելիք ունեն ստվերի դեմ պայքարում: Հիշում եք իմ այն կոչերը, որ որևէ տեղից որևէ բան գնելիս անպայման պետք է պահանջել ՀԴՄ, և ես ուրախ եմ արձանագրել, որ 2018 թվականի մայիսից մինչև այսօր 65 միլիոն հատ ավել ՀԴՄ է տպվել, քան նախորդ ժամանակաշրջանում: Սա ևս մեկ ապացույց է, որ մեր հանրությունն ու կառավարությունը գործնական երկխոսության մեջ են միմյանց հետ և այդ երկխոսությունը տալիս է կոնկրետ արդյունքներ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: 
 
Վերջինիս հույս հայտնեց, որ իրենց կհաջողվի շատ ավելի երկար ժամանակի ցուցանիշ գերազանցել: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play