Հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացիները 150 մլն դոլարի բնակարան գնելու գործարք են իրականացրել, ինչը նշանակում է վստահություն սեփական ապագայի հանդեպ


Հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացիները 150 մլն դոլարի բնակարան գնելու գործարք են իրականացրել, ինչը նշանակում է վստահություն սեփական ապագայի հանդեպ

  • 27-03-2019 16:04:39   | Հայաստան  |  Հասարակություն

 
«2018 թվականի մայիսից մինչ օրս ՀՀ քաղաքացիները 150 մլն դոլարի բնակարան գնելու գործարք են իրականացրել, ինչը նշանակում է, որ քաղաքացիները վստահություն ունեն սեփական ապագայի նկատմամբ»,- մարտի 27-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Ըստ նրա՝ Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին, ինչը ենթադրում է բազմաթիվ աշխատատեղերի ստեղծում: 
 
«Հիմա Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչը հիմա արդեն սկսել է և սկսում է արտահայտվել տնտեսության մեջ: Շատ հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում շինարարության ոլորտում: Ե՛վ հունվարին, և՛ փետրվարին շինարարության ոլորտում մենք ունեցել ենք 20 տոկոսը գերազանցող աճ՝ համապատասխանաբար, 22.1 տոկոս և 21.3 տոկոս: Մյուս կողմից լրջագույն աճեր են նկատվում հիպոթեկային վարկավորման ոլորտում: Այս տարվա հունվարը նախորդ տարվա հունվարի նկատմամբ հիպոթեկային վարկավորումն աճել է 77 տոկոսով, իսկ փետրվարը փետրվարի նկատմամբ՝ 100 տոկոսով: Երկրի հիպոթեկային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով, բացարձակ թվով 70 միլիարդ դրամ»,- ընդգծեց վարչապետը:
 
Նրա փոխանցմամբ՝ 1.9 տոկոսով հունվար-փետրվարին աճել է նաև արդյունաբերական արտադրանքի ծավալն այն դեպքում, երբ հանքարդյունաբերական ոլորտի հսկաները, որոնց բաժին է ընկնում Հայաստանի արդյունաբերական վիճակագրական ցուցանիշների առյուծի բաժինը, այս ընթացքում չեն աշխատում:  
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն