Մադրիդյան, կազանյան կամ որևէ այլ իրենց ժամանակն անցած փաստաթղթեր չեն քննարկվի


Մադրիդյան, կազանյան կամ որևէ այլ իրենց ժամանակն անցած փաստաթղթեր չեն քննարկվի

  • 28-03-2019 11:23:19   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի  զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը
 
 
-Պարոն Իգիթյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձավ Ալիևի հետ Վիեննայում սպասվող հանդիպմանը՝ նշելով. «Կարծում եմ, որ սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ չպետք է ունենան, պետք է լինի հարցերի լայն շրջանակ և այն, ինչ մեզ հետաքրքրում է, մենք ուղղակի պետք է մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ»։ Ձեր կարծիքով՝ այս հանդիպումը չպե՞տք է կոնկրետ օրակարգի շուրջ լինի։
 
 
-Այդ հանդիպումը, որը համանախագահներն անվանում են առաջին ուղղակի կոնտակտ, արդեն օրակարգային է։ Այսինքն՝ այս հանդիպումն արդեն օրակարգային է և կոնտակտի օրակարգ չի կարող լինել։ Ընդհանրապես կոնտակտը բանակցություններ չեն, կոնֆերանս չէ, առավելևս նստաշրջան չէ։ Ինձ թվում է, որ այնտեղ կլինի ընդհանուր խոսակցություն, բայց դա չի բացառում, որ որևէ հարց, որը Հայաստանի համար կարևոր կամ բովանդակային է, կարող է բարձրացվել։ Այդպիսի ազատ կոնտակտների և զրույցների ժամանակ նախապես չգիտես, թե որ ուղղությամբ կգնա զրույցը։
 
-Ռուս որոշ վերլուծաբաններ իրենց հարցազրույցներում նշում են, որ, օրինակ, այդ հանդիպման օրակարգում կլինեն մադրիդյան սկզբունքները։ Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները։
 
-Այսօր գնալով օտարերկրյա վերլուծաբաններն ավելի ու ավելի են դժվարանում վերլուծել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Նախ, որովհետև աշխարհայացք է փոխվել և նույնիսկ Հայաստանում ոչ բոլորն են ընկալել, իսկ նախորդ իշխանությունն ընդհանրապես չի ընկալել դա։ Երկրորդ՝ Հայաստանի մասին տեղեկատվությունը 95 տոկոսով հայերեն է։ Այդ 95 տոկոսի կեսից ավելին բանավոր խոսք է, որ եթե անգամ ուզենան գուգլով փորձեն հասկանալ, չեն կարող։ Չլսելով այս բոլոր բանավեճերը, այստեղի հարցուպատասխանը, չզգալով նույնիսկ ինտոնացիան, ինչպես պատասխանում է վարչապետը, շատ դժվար է վերլուծություն անել։ Ինչ վերաբերում է մեր վերլուծաբաններին, ես մեր հասարակության մեջ չեմ տեսնում այսպիսի հանդիպումներից առաջ կասկածներ կամ վտանգներ։ Չկա մտահոգություն, որ հեսա մեզ ստիպելու են մի բան, ճնշելու են և այլն։ Ես տեսնում եմ բաց տեքստով գրածը Մինսկի խմբի հայտարարության մեջ, որ ողջունում են, որ դա կլինի առաջին կոնտակտը այս շրջանակներում։
 
-Իսկ այդ առաջին կոնտակտը թույլ կտա վերադառնալ բանակցությունների՞ն։
 
-Ես չգիտեմ, որովհետև այդ նույն համանախագահները նշում են, որ պետք է պատրաստվեն այնպիսի պայմաններ, որ բանակցային փուլը սկսվի։ Ինչ վերաբերում է նրան, որ այս ընթացքում մադրիդյան, կազանյան կամ որևէ այլ իրենց ժամանակն անցած փաստաթղթեր պետք է քննարկվեն, ես այդպես չեմ կարծում ։ Նույնիսկ համանախագահների հայտարարության մեջ այն մասը, որը կարելի է այս կամ այն ձևով քաղված համարել ինչ-որ սկզբունքներից, նույն համանախագահները չնշեցին, որ դրանք ինչ-որ սկզբունքներ են։ Ինձ թվում է, որ համանախագահները խուսափում են որևէ սկզբունք նշել, որովհետև այս բոլոր սկզբունքներն այս կամ այն ձևով մերժվել են և գտնվում են դիվանագիտական արխիվում։ Ես չեմ կարծում, որ արդեն մերժված սկզբունքներն արխիվից հանելը կառուցողական մոտեցում կլինի։
 
-Հետևո՞ւմ եք Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի կնքման հետ կապված գործընթացին։ Նախկին իշխանության ներկայացուցիչները հարց են բարձրացնում, թե որքանով եք հետևում, արդյոք մեր ԱԳՆ-ն ուշադիր է, որ այնտեղ Արցախի հետ կապված դրույթները վտանգավոր չլինեն մեզ համար։ Ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացը և արդյոք այդտեղ վտանգներ կան։
 
-Ես չեմ բացառում, որ այդ համաձայնագրի նախաբանը, որ ստանդարտ է, կարող է այնտեղ ևս տեղ գտնել։ Այսինքն՝ կարող է նշվել, որ կողմերը, բարձր գնահատելով ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և այլն, բայց ի տարբերություն Հայաստանի, որն այնտեղ գրած ամեն մի խոսքը թե կատարել է, թե շարունակում է իրականացնել, Ադրբեջանում այս գործընթացը ոչ միայն իմիտացիոն է, այլ որոշ հարցերում այդ երկիրը կտրուկ հակառակ քաղաքականություն է տանում ու չի էլ թաքցնում։ Ադրբեջանը ձերբակալում է լրագրողների, ճնշում է խոսքի ազատությունը և այլն։ Այդ ամենը Եվրոպայում արձանագրվում է և եթե նույնիսկ այդ նախաբանում գրվեն այդ սկզբունքները, թե ինչի հիման վրա պետք է ԵՄ-ի հետ համագործակցությունը լինի, արդեն պարզ է, որ դեռ չստորագրած Ադրբեջանն արդեն խախտել է այդ նախաբանում նշված հարցերը։ Եթե մեզ մոտ ժամանակին ամրագրվեց «ավելին ավելի դիմաց» բանաձևը, Ադրբեջանի դեպքում կլինի «պակաս պակասի դիմաց» բանաձևը, որովհետև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում միտումները հետ են գնում, իսկ Հայաստանը ժողովրդավարության տեսակետից առաջ է գնում, և դա միայն մեր կարծիքը չէ, այլ տեղ է գտնում բոլոր միջազգային փաստաթղթերում։
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play