Բեռլինի կինոակադեմիայի ուսանողները՝ Երևանում


Բեռլինի կինոակադեմիայի ուսանողները՝ Երևանում

  • 01-04-2019 10:12:05   | Հայաստան  |  Մշակույթ

Ապրիլի 4-6-ը Երևան են գալու Բեռլինի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի ուսանողներն ակադեմիայի պրոֆեսոր, կինոռեժիսոր Եվա Շտոցի հետ: Այցի նպատակը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կինոֆակուլտետի ուսանողների հետ փորձի փոխանակման իրականացումն է: Տանտերերը ցուցադրելու են իրենց ֆիլմերը, իսկ հյուրերն՝ իրենց, և յուրաքանչյուր ցուցադրությունից հետո լինելու են քննարկումներ: Թե՛ դիտումներին, թե՛ քննարկումներին կարող են մասնակցել ոչ միայն ուսանողներն, այլև բոլոր ցանկացողները:
 
Բոլոր ցուցադրությունները տեղի են ունենալու Հայ-Ռուսական համալսարանի կինոդահլիճում: Բոլոր ֆիլմերը ցուցադրվելու են գերմաներեն լեզվով և անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է:
 
Ծրագիրը պաշտոնապես կբացվի ապրիլի 4-ին՝ 19:30, Եվա Շտոցի «Սատանան կասկածն է» (Sollbruchstelle) վավերագրական ֆիլմով, որը 2008-ին ընդգրկվել է Բեռլինի կինոփառատոնի ծրագրում: Սակայն ցուցադրություններ լինելու են նաև դրանից առաջ՝ առավոտյան 10-ից: Թե՛ հայկական, թե՛ գերմանական ֆիլմերի ընտրանիները ներառում են ինչպես վավերագրական, այնպես էլ խաղարկային ֆիլմեր: Ընդ որում՝ դրանք անդրադառնում են ամենազանազան թեմաներին՝ սոցիալական, քաղաքական խնդիրներին, իսկ հայ ուսանողները խորհում են հայ իրականության զանազան հարցերի շուրջ՝ Թավշյա հեղափոխությունից մինչև Ստեփանակերտի չաշխատող օդանավակայանը:
 
 
Ապրիլի 6-ին հայ և գերմանացի ուսանողները միասին ուղևորվելու են նաև Գյումրի, որտեղ Եվա Շտոցը վավերագրական կինոյի մասին հատուկ դասախոսությամբ հանդես կգա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողների համար:
 
Միջոցառումը կազմակերպվում է Հայ-Ռուսական համալսարանի, Բեռլինի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի, գերմանական High Art Bureau և հայկական «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունների համատեղ ուժերով՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատան, «Անտարես» մեդիա հոլդինգի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Inter Kultura Kommunikation-ի աջակցությամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play