Նոր ՀԴՄ-ների համար հայտեր տված և բավարարված տնտեսվարողներին հորդորում եմ գալ և ստանալ դրանք. Դավիթ Անանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
03-04-2019 19:12:15 | Հայաստան | Տնտեսություն
Նոր ՀԴՄ-ների համար հայտեր տված և բավարարված տնտեսվարողներին հորդորում եմ գալ և ստանալ դրանք:
Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը:
Ըստ նրա՝ այս պահի դրությամբ նոր սերնդի ՀԴՄ-ներ ստանալու շուրջ 12000 հայտ է բավարարվել, սակայն 3000 հարկատուներ չեն դիմել դրանք ստանալու համար:
«Մենք հայտարարել ենք, որ այն տնտեսվարողները, որոնք նոր սերնդի ՀԴՄ-ների համար հայտ ներկայացրած կլինեն, սակայն դեռևս չեն ստացել, մենք ձեռնպահ կմնանք այնտեղ կոշտ վարչարարություն իրականացնելուց: Հիմա մեր հարկ վճարողներից մոտ 3000-ը, ունենալով հին սերնդի ՀԴՄ-ներ, հայտը ներկայացրել է, բավարարվել է, բայց նոր ՀԴՄ-ները չեն գալիս ստանան այն պարզ պատճառով, որ ի տարբերություն հին ՀԴՄ-ների՝ նորերը շատ ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում հարկային մարմնին վարչարարություն իրականացնելու, այսինքն՝ օնլայն ռեժիմում հետևելու նրանց»,- նկատեց Դ. Անանյանը՝ հորդորելով նշյալ տնտեսավարողների գնալ և ստանալ նոր ՀԴՄ-ները: