Ո՞ր օլիգարխներն են մուծվել և անարգել վերադարձել Հայաստան. «Մամուլի տեսություն»



03-04-2019 21:33:41   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Ովքե՞ր են կատարել կամավոր պարտադիր վճարումներ. Ռուսական Սու-30-ից երկուսը ՀՀ-ն գնել է կանխիկով. «Ժամանակ»
 


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝
Ռուսաստանից գնած չորս Սու-30 ռազմական օդանավերից երկուսի համար Հայաստանի կառավարությունը վճարել է կանխիկով, և մյուս երկուսն է, որ ձեռք կբերվեն
վարկային միջոցներով:
Կանխիկ միջոցները գոյացել են օլիգարխների կողմից ՊՆ-ին կատարված կամավոր պարտադիր վճարումներից, վճարողների թվում է նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Թե կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը, մեզ չհաջողվեց պարզել»:
 
Ո՞ր օլիգարխներն են մուծվել և անարգել վերադարձել Հայաստան. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին իշխանության հետ սերտ առնչություններ ունեցող օլիգարխներից մի քանիսը, այդ թվում՝ Արտակ Սարգսյանը, Աշոտ Արսենյանը, Սամվել Ալեքսանյանը մի շրջանակում հայտարարել են, որ տարբեր քրեական գործերով իրենք վճարել են իրենցից ակնկալվող գումարը և հիմա կարող են անարգել վերադառնալ Հայաստան ու զբաղվել իրենց բիզնեսներով:
Թավշյա հեղափոխությունից հետո օլիգարխների մի մասը մեկնեց Հայաստանից՝ մտավախություն ունենալով, որ իրենց նկատմամբ կարող են հարուցվել քրեական գործեր, և իրենք, հնարավոր է, հայտնվեն ազատազրկման վայրերում, սակայն այս պահին նրանցից շատերը վերադարձել են Հայաստան, և շատ քչերն են, որ դեռ չեն կարողացել հաշտության եզրեր գտնել նոր իշխանությունների հետ»:
 
Ղազախների օրինակով. «Իմ քայլի» պատգամավորը չի բացառում նաև մայրաքաղաքի անվանափոխումը. «Հրապարակ»
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի Քաղաքացու օրը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը կամ դեմ են եղել։ «Թող չնշեն, ի՞նչ է եղել»,- ասաց նա, հետո խմբագրեց․ «Իրենք էլ թող նշեն, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»։ Օրինակ, ՀՀԿ-ականն ի՞նչ սրտով նշի։ «Ես չեմ կարող պատկերացնել, ես պատկերացնում եմ, թե ես ոնց եմ նշելու»։ Ո՞նց եք նշելու։ «Կշրջենք քաղաքում՝ ընկերներիս հետ, կզբոսնենք, եթե ինչ-որ միջոցառումներ կազմակերպեն, կմասնակցենք… Քաղաքացու օր՝ նշանակում է, որ քաղաքացու օրն ա, նշանակում է՝ բոլոր քաղաքացիների։ Դա իրավագիտակցման բարձրացման օրն է լինելու, ինչպես որ հեղափոխության օրերին քաղաքացին բարձր իրավագիտակցություն ցուցաբերեց։
Այնպես որ՝ բոլորը պետք է նշեն»։
Մովսիսյանը համաձայն չէ, որ ժամանակից առաջ են ընկնում՝ արժեւորելով հեղափոխությունը։ «Ուղղակի ժամանակը, պատմությունն ավելի կամրապնդի դա»։ Իսկ հնարավո՞ր է ղազախների օրինակով անվանափոխեք մայրաքաղաքը։ «Չգիտեմ, չեմ կարող ասել»։ Այսինքն՝ հնարավո՞ր է անեք նման առաջարկ։ «Չի բացառվում, ոչինչ չի բացառվում»։
 
40 մլրդ դրամը՝ գնաճի հաշվին. Մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի՝ հատելով 500 դրամի շեմը. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության և Կենտրոնական բանկի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգեբանական շեմը:
Սա արվելու է արտահանումը խթանելու ծրագրի շրջանակում, չնայած պարզ է, որ դրամի արժեզրկումը հանգեցնելու է գնաճի և բնակչության իրական եկամուտների նվազեցման: Բայց գնաճից կարող է օգտվել կառավարությունը՝ մեծացնելով բյուջետային մուտքերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ այս տարվա բյուջետային մուտքերը կարող են 40 մլրդ դրամով գերազանցել բյուջեով նախատեսվածը, և ըստ ամենայնի՝ նման տպավորիչ արդյունքն ապահովվելու է գնաճի հաշվին»:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 10836 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար