Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Վահագն Պապյանը


Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Վահագն Պապյանը

  • 05-04-2019 12:33:05   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
 
Հունիսի 6-14-ը Երևանում անցկացվելիք Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին ղեկավարելու է մեծանուն դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը։ 
 
Խաչատրյանի միջազգային մրցույթն այս տարի անցկացվելու է դաշնամուր մասնագիտությամբ։ Մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ երաժշտական մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։
 
Խաչատրյանի մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների՝ նրանց ընձեռելով մասնագիտական առաջընթացի հնարավորություններ, իսկ գլխավոր առաքելությունն է մասնակից երաժիշտների միջոցով ամբողջ աշխարհում տարածել Արամ Խաչատրյանի արվեստը։ Այդ նպատակով մրցույթի պարտադիր կատարման ծրագրում ներառված են Խաչատրյանի ստեղծագործությունները։ 
Անցած 15 տարիների ընթացքում խաչատրյանական մրցույթի կարևորագույն ձեռքբերումներից է այն, որ դափնեկիրները հանդես են գալիս տարբեր բեմահարթակներում, բարձրացնում են Արամ Խաչատրյանի անունը, նաև դառնում այլ հեղինակավոր մրցույթների հաղթողներ։ Մրցույթը բազմաթիվ հայտնի անուններ է տվել երաժշտական աշխարհին: Նրանց թվում են Ֆյոդր Ռուդինը, Միրան Վոպոտիչը, Անդրեյ Իոնիցան, Յարոսլավ Նադրզիցկին, Նարեկ Հախնազարյանը և այլք:
 
Հավելենք, որ Խաչատրյանի մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ, գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։
Երաժշտական այս ստուգատեսի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ http://khachaturian-competition.com կայքում։
 
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ
 
Նոյյան տապան  -   Մշակույթ