Արմեն ԱՎԱԳՅԱՆ․ ՀՀ կառավարության ծրագիր և կառավարության անելիքները․ Փորձագիտական վերլուծություն․ Մաս 5


Արմեն ԱՎԱԳՅԱՆ․ ՀՀ կառավարության ծրագիր և կառավարության անելիքները․ Փորձագիտական վերլուծություն․ Մաս 5

  • 07-04-2019 01:59:49   | Հայաստան  |  Վերլուծություն

Սկիզբը՝ այստեղ։

 

 

5. ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՈՒՆ, ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ և ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
 
Ծրագրում հայտնված է, որ Կառավարության քաղաքականությունը հանքարդյունաբերությունում հնարավորություն կտա ապահովելու ոլորտի կայուն զարգացում, որը կհավասարակշռի տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայունությունը, ինչպես նաև կապահովի ոլորտի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հրապարակայնությունը ու կապահովի համայնքների բնակչության կարծիքի և բիզնեսի շահերի հավասարակշռում: Կառավարությունը միջոցներ կձեռնարկի նաև հանքարդյունաբերական հումքի վերամշակման հնարավորինս երկար արտադրական շղթայի հիմնադրման համար:
Ծրագրով նախատեսված գործողությունները թիրախավորում են ջրամատակարարման որակի բարձրացումը, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ոլորտում առկա խնդիրները լուծելու, պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքը զարգացնելու նպատակով հետևողական աշխատանք կիրականացվի, մասնավորապես՝ նաև վարձակալության գործող պայմանագրով նախատեսված ծրագրերը և թիրախային ցուցանիշները ապահովելու համար։ 2019 թ. կավարտվեն «Արփա-Սևան» համ. 2 թունելի առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքները, 2019-2023 թթ. ընթացքում աշխատանքներ են տարվելու Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի, Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ, կիրականացվի գործող ջրամբարների տեխնիկական վիճակի գնահատում և վերականգնման ծրագրի մշակում: 
Կառավարության առաջնային խնդիրներն են` շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը, բարելավում, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը, Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանությունը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունը և կառավարումը, հանքերի փակման (ռեկուլտիվացիայի) ժամանակակից մեխանիզմների կիրառման խթանումը, քիմիական նյութերի և թափոնների (այդ թվում՝ ընդերքօգտագործման) էկոլոգիապես անվտանգ կառավարումը, կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը:
 
Վերջին 14 տարիների ընթացքում հանքարդյունաբերության և քարհանքային հատվածը ընդհանուր ՀՆԱ-ում կազմել էր 2,2%, իսկ վերջին 5 տարիների ընթացքում ոլորտի արտահանումը ապահովել էր ներհոսք տարեկան $500 մլն, դարձնելով այն Հայաստանի արտահանման և արտարժույթի առումով առաջատար հատված (The World bank  2016. Armenia: Strategic Mineral Sector Sustainability Assessment. http://documents.worldbank.org/curated/en/289051468186845846/pdf/106237-WP-P155900-PUBLIC.pdf): Համաձայն հաշվարկների, Հայաստանի հանքավայրերի պահուստների շահագործման ժամանակահատվածները գնահատվել էին - պղինձ-մոլիբդեն համար - 100-120 տարի, ոսկու`25-30 տարի, ցինկի և կապարի`20-25 տարի: Հայաստանը ունի ոչ մետաղական պահուստներ`հրաբխային կեղևը`345 մլն խոր. մետր, պերլիտ և օբսիդիան`165 մլն խոր. մետր, պեմզա` 100 մլն խոր. մետր, կավ` 435 մլն խոր. մետր և բազալտը`334 մլն խոր. մետր (The World Bank 2017. Armenia mineral sector policy project. (P163060). http://documents.worldbank.org/curated/en/750741506625762285/pdf/PP2434-REVISED-PJPR-P163060-PUBLIC-PArmeniaMineralSectorPolicyProjectProjectPaper.pdf):
Ներկայումս ՀՀ-ում գործում է օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված 494 թույլտվություն, որից մետաղական օգտակար հանածոների՝ 29, ոչ մետաղական օգտակար հանածոների՝ 439 ու հանքային ջրերի՝ 26: 2015թ. ոլորտի բյուջետային մուտքերը կազմել էին հետևյալ ուղղություններով` ուսումնասիրության կամ հանքարդյունահանման լիցենզառուի կողմից վճարվող կոնցեսիոն վճար՝ 0,342 մլն դրամ, մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող  բնօգտագործման վճար (ռոյալթի)՝ 21,1 մլրդ դրամ, ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող բնօգտագործման վճար՝ 991,4 մլն դրամ, ընդերքօգտագործման թույլտվությունների  համար վճարված պետական տուրք՝ 517,6 մլն դրամ (Ավագյան ԱԲ 2016): Հանքարդյունաբերության ոլորտը քիչ աշխատատեղեր է ապահովում՝ մոտ 7000-8000 ծառայող: Նախկին վարչապետ Հ. Բագրատյանը 2016 թ. հայտնել էր, որ «հանքարդյունաբերությունը գտնվում է օֆշորային ընկերությունների փաստացի վերահսկողության ներքո, ինչի հետևանքով հսկայական գումարներ չեն մտնում պետբյուջե և այս վիճակը չի շտկվում, քանի որ Հայաստանի ղեկավարությունն անմիջականորեն այդ բիզնեսների հետևում էր կանգնած կամ փայատեր էր։  Օֆշորային ընկերությունների սցենարով պղինձը արտահանվում էր, ասենք՝ տոննան $2 հազ., վաճառվում $ 4-4.5 հազ., սակայն պետությունը բոլոր տեսակի հարկերը, շահույթը, ռոյալթին հաշվում է $2 հազ.: Այսինքն,՝ այդ 2.5 հազ. անցնում է ընկերության արտասահմանյան հաշիվներին ու չի հարկվում»: Միաժամանակ Հ. Բագրատյանը հայտնել էր, որ խորհրդային տարիներին Հայաստանում տարեկան առավելագույնը արդյունահանվել էր մոտ 8 մլն տոննա հանքանյութ: Ներկայումս այդ թիվը հասնում է մինչև 30 մլն տոննայի`«Պարզապես էքսկավատորները վերցրել են ու հարձակվել բնության վրա՝ բնապահպանական մեծ խնդիրներ ստեղծելով»» Կառավարությունները գիտակցում էին այդ խնդիրը, քանզի ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում (այնուհետև ՀԶՌ (ՀՀ կառավարության 2014թ. մարտի 27-ի N 442-Ն որոշում)) նշվում է, որ ներկայումս կիրառվող բնօգտագործման և բնապահպանական վճարների փոխհատուցման գումարները զիջում են փաստացի պատճառվող վնասին ավելի քան 32-40 անգամ(Ավագյան ԱԲ 2016): Միաժամանակ 2014 թ. շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի ու բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մուտքագրվել էր համապատասխանաբար 441,6 ու 42,3 մլն դրամ, իսկ 2015 թ. այդ տարեվերջյան տվյալներով նրանց հաշվարկված գումարների չափը կազմում էր համապատասխանաբար  902,1 ու  44.4 մլն դրամ, բայց մուտքագրվել է ընդամենը համապատասխանաբար 18,2 ու 2.1 մլն դրամ: Ավելին, համաձայն ՀՀ ՎԿ գումարային բնապահպանական հարկեր և բնօգտագործման վճարներները նվազում են` 2011-2012 թթ. կազմել էին 55396-17314 մլն. դրամ, իսկ 2013, 2014, 2015, 2016, 2017 թթ. համապասխանաբար 1931, 2970, 3022, 2480, 2213 մլն. դրամ: 
Հայաստանում պղինձ և մոլիբդեն են կորզում ընդամենը 65%, մնացածը տարածվում է բնության մեջ, մինչդեռ քաղաքակիրթ երկրներում կորզումը 90% է կազմում (Ավագյան ԱԲ 2016): Շվեդիայում, օրինակ, վերջին հարյուրամյակում գրանցվել է մետաղական հանքավայրերի քանակի կտրուկ անկում, միևնույն ժամանակ, հանքանյութի արտադրությունը աճել է ավելի քան տասը անգամ (The World Bank 2017. Armenia mineral sector policy project. (P163060). http://documents.worldbank.org/curated/en/750741506625762285/pdf/PP2434-REVISED-PJPR-P163060-PUBLIC-PArmeniaMineralSectorPolicyProjectProjectPaper.pdf))։ Հանքարդյունաբերության գործունեության հետևանքով ծանր մետաղներով հատկապես աղտոտվում են Ախթալա, Ողջի, Արծվանիկ, Գեղի և Կարճևան գետերը, որտեղ ջրի որակը հիմնականում «վատ» է (Ավագյան ԱԲ 2016): Այսօր արդեն Հայաստանում կան մի շարք չշահագործվող հանքեր, որոնք չեն կոնսերվացվել պատշաճ կերպով ու աղտոտում են շրջակա միջավայրը: Կան նաև պոչամբարները, որոնք չէին կառուցվել միջազգային չափանիշների համապատասխան և դարձան աղտոտման պատճառ: 
Համաձայն ՀԲ-ի գնահատականի ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հիմնական խնդիրներ են - վատ կառավարվող փոքր մետաղական հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք ու մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին (մետաղական հանքերը հիմնականում ոսկու, պղնձի և այլ մետաղների հանքեր են, որոնք շահագործումը հարուցում է մեծ քանակությամբ մետաղների կամ մետաալոիդների աղտոտում, թունավոր մարդկանց և բնության համար, հանգեցնելով ջրի և ստորգետնյա ջրային ռեսուրսների որակի իջեցման, օդի աղտոտվածություն` վերամշակման գործունեությունից, բնության վերականգնման համար բավարար ծրագրեր և միջոցների բացակայություն, բնապահպանական օրենքների ու կանոնների ոչ պատշաճ կերպով իրականացում, առկա են ռիսկեր արտակարգ իրավիճակների կամ դժբախտ պատահարների դեպքում աշխատողների կյանքին հնարավոր խոշոր վնասների մասին, ինչպես նաև կոռուպցիոն և անօրինական ֆինանսական գործարքների (The World bank  2016. Armenia: Strategic Mineral Sector Sustainability Assessment. http://documents.worldbank.org/curated/en/289051468186845846/pdf/106237-WP-P155900-PUBLIC.pdf): Ընդհանուր առմամբ, Հայաստանում գոյություն ունեցող մետաղական հանքարդյունաբերող օղակներից ոչ մեկը չի համապատասխանում կայունության բոլոր երեք բաղադրիչներին, և առկա ապացույցների հիման վրա կարելի է ենթադրել, որ նույնը, հավանաբար, կարող է լինել ոչ մետաղական հանքարդյունաբերության զարգացման դեպքում: Միջոցները, որոնք նախատեսված են հանքարդյունաբերության գործողության ավարտից հետո բնության վերականգնման համար ու տեղաբաշխված են Բնության պահպանության և մոնիտորինգի հիմնադրամում կազմում են մոտ $2 մլն, բայց այդ գումարը բավարար չէ նույնիսկ գործող հանքավայրերի վերականգնման համար: Համեմատության համար, Շվեդիայում համապատասխան հանքավայրը (նրանց մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ծավալը (90 մլն տոննա) ավելի մեծ է հայկականից (20 մլն տոննա)), բայց նույնանման հիմնադրամում կուտակված է $400 մլն, այսինքն, 200-ից ավելի մեծ գումար: Խնդրահարույց է Lydian Armenia  Ամուլսարի նախագծի համար պետք հաշվարկվեն ռիսկերը կապված բնության հասցվող վնասի հետ, պայմանավորված երկարատև 10 տարվա ոսկու արդյունահանման շահագործման հետ (The World Bank 2017. Armenia mineral sector policy project. (P163060). http://documents.worldbank.org/curated/en/750741506625762285/pdf/PP2434-REVISED-PJPR-P163060-PUBLIC-PArmeniaMineralSectorPolicyProjectProjectPaper.pdf, Жители Джермука рассказали об угрозах Амулсарского рудника. https://www.kavkaz-uzel.eu/articles/323636/): Քաջարանի խոշոր պահուստները կապահովեն երկարատև շահագործում, բայց առկա են արտաքին և անկանխատեսելի ռիսկեր, կապված պղնձի գնի տատանումներից և պոչամբարի գործունեության տեխնիկական ռիսկից: 
Հայաստանում առկա է 21 պոչամբար, որոնցից 13-ը գործում են: Բոլոր հիմնական պոչամբարները կառուցվել են վերին հոսքի բարձրացման միջոցով: Համաձայն միջազգային փորձի, այդպիսի նախագծումը համարվում է անընդունելի սեյսմիկ ակտիվ տարածաշրջաններում:
Համաձայն ՀԲ-ի ահազանգեր են հնչում հանքարդյունաբերության ազդեցության ենթակա տարածքներում բնակչության մոտ կանանց շրջանում ծնելիության նվազման մասին, բարձրանում է քաղցկեղի ռիսկի և այլ հիվանդություններ: Համաձայն Հանրային խորհրդի Բնության պահպանության հանձնաժողովի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր Կարինե Դանիելյանի այդ մասին վկայում են թե պաշտոնական բնապահպանական մոնիտորինգի և առողջապահական վիճակագրական տվյալների համադրումն ու վերլուծությունը, թե հատուկ իրականացված գիտահետազոտական աշխատանքները (Danielyan K,  Nazaretyan A, Kosyan S, Nersisyan L 2017. Children`s health challenges caused by environmental degradation and Climate change and main proposed solution approaches. J. Chemical  Safety, Moscow: RAN, 2: 11-43. https://independent.am/blog/2018/06/22/childrens-health-challenges-caused-by-environmental-degradation-and-climate-change-and-main-proposed-solution-approaches-1/): Այսպես, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, “Քանաքեռ-Զեյթուն” ՓԲԸ Հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ-ում, Երևանի Պետական համալսարանում կատարված ուսումնասիրությունները բացահայտում են էկոհամակարգային շղթայի՝ հող-ջուր-օդ-բույս, հետևաբար և սննդի աղտոտվածությունը ծանր մետաղներով, ինչպես նաև ազդակիր համայնքների բնակչության ժողովրդագրական և առողջության ցուցանիշների վատթարացումը, հատկապես նորագոյացությունների, արյան շրջանառության հիվանդությունների և շեղումներով ծնունդերի պարագայում: Բավական է նշել, որ առավել ռիսկային գոտիներում բնակվող երեխաների արյան և մազերի մեջ հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր պարուկանություն: Վերոհիշյալ տվյալները ծանր մետաղներով հանքարդյունաբերության շրջակա միջավայրի բարձր աղտոտվածության մասին  վերահաստատվել են նաև Չեխիայի հանրապետության “ARNIKA” կազմակերպության կողմից` Լոռի մարզում իրականացված հետազոտությունների արդյունքներով (Быстрянский М, Шир М, Стракова Й, Крейчова Н 2018. Тяжелые металлы в окрестностях с горной промышленностью  и металлургической деятельностью в регионе Лори в Армении. ARNIKA. https://arnika.org/ru/tyazhelye-metaly-v-regionye-lori/download/tiazhelye-metally-v-okrestnostiakh-s-gornoi-promyshlennostiu-i-metallurgicheskoi-deiatelnostiu-v-regione-lori-v-armenii-2018): 
Խիստ մտահոգություն է հարուցում նաև այն փաստը, որ  համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների Հայաստանն այն երկրների շարքում է, ուր վերջին տարիներին քաղցկեղից մահացության ցուցանիշը շատ բարձր է: Փաստ է, որ երևույթն ուղղակիորեն կախվածության մեջ է նաև էկոլոգիական իրավիճակից: Հարկ է ընդգծել նաև՝ որ երկրի սահմանափակ տարածքում պարզապես անհնար է զուգակցել հանքաարդյունաբերությունը և գյուղատնտեսությանն ու զբոսաշրջություն զարգացման հետ: Անընդհատ ավելացող մետաղային բաց հանքերի քանակը և պոչամբարները, որոնք թունավորում են շրջակա միջավայրը, հատկապես՝ ջրային ռեսուրսները, ուղղակի խոչընդոտ են գյուղատնտեսության՝ առաջին հերթին՝ էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական ապրանքների արտադրությանը և զբոսաշրջության զարգացմանը: Ուստի ՀՀ Կառավարության ներկայիս ծրագրում  Հայաստանի զարգացման առաջնահերթ  ուղղությունների շարքում հանքաարդյունաբերության փոխարինումը բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ խիստ օրինաչափ է:
Ծրագրի հանքարդյունաբերության ոլորտի մոտեցումները ճիշտ են և հիմնավորված:
Պահպանելով ջրային աղբյուրները լայնածավալ դեգրադացումից` աղտոտվածության նվազեցման ճանապարհով և վերականգնելով հանրապետության  ջրային անվտանգությանը՝ նպաստում ենք հանրապետության տնտեսական և մարդկային զարգացմանը՝ ներառյալ հանրային առողջությունը, կայուն աշխատատեղեր ստեղծելուն և բազմաթիվ այլ մարտահրավերների դիմակայելուն (Ավագյան ԱԲ 2018. Ինչ պետք է շուտափույթ անել Սևանի աղետը կանխելու համար: «Նոյյան Տապան», http://nt.am/am/news/258811/): Զարգացող երկրների հիվանդությունների գրեթե 80 % կապված է ջրի որակի հետ, և աշխարհում 2.1 մլրդ մարդկանց մոտ բացակայում է անվտանգ խմելու ջրից օգտվելու հնարավորությունը: Սևանա լիճը  քաղցրահամ ջրի միակ ռազմավարական աղբյուրն է  ամբողջ տարածաշրջանում և Հայաստանում։ Այն ապահովում է Հայաստանի խմելու և ոռոգման ջրի շուրջ  80%-ը: Սևանը վերջին մոտ 100 տարվա ընթացքում մարդկային գործունեության արդյունքում դարձել է էվտրոֆիկացված (հունական eutrophos-ից` «լավ սնուցված») լիճ, որը առաջանում է երբ ջրային ռեսուրսը չափազանց հարստացված է հանքային և սնուցող նյութերով, նպաստելով բույսերի և ջրիմուռների ավելցուկային աճի, իսկ նրանց մահանալուց հետո կենսազանգվածի բակտերիալ դեգրադացիայի պատճառով առաջանում է թթվածնի պակասորդ և ճահճացում: Սևանի ավազանի գետերի և այլ հոսքերով անընդհատ ավելացնում է լրացուցիչ մետաղների քանակության լճում հանքաքարի դաշտերից ու հանքերից: ՄԱԿ-ի «Սևանա լճի էկոլոգիական ամփոփիչ գնահատում» փաստաթղթում 2011 թ. նշվում էր, որ լճում հայտնաբերված էր ծանր մետաղների թույլատրելի կոնցենտրացիան գերազանցող քանակություններ (Va – 5-6 անգամ, CR – 2 անգամ, SE 2-3 անգամ, Cu – 2-3 անգամ ու Mg – 1,2 -1,4 անգամ), իսկ ՀՀ բնապահպանության նախարարության տվյալներով 2017 թ. այն դարձել է շատ ավելին` Սևանա լճից վերցված փորձանմուշներում որոշ աղտոտիչների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները արդեն գերազանցվել են 5-7 անգամ, որին անհնարին է լուծում տալ միայն Սևանի ջրային ծավալի ավելացման միջոցով ու առաջնահերթ է պայքարը նվազացնելու տարբեր աղտոտիչների մուտքը: Հատկապես, անհանգստացնող էր Սոթքի, Գոլդ Մայնինգի ու Գեգամետ պլյուս հանքավայրերի ազդեցությունը ջրի որակի վրա: Առաջնահերթ է կանխել ծանր մետաղների հոսքերը հանքաքարի դաշտերից, հանքերից, 32 լքված պոչամբարներից և գործող հանքաարդյունաբերության տարածքներից դեպի Սևան և ուսումնասիրել նրա կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում ստորգետնյա ջրերի աղտոտվածության աստիճանը և նրա ազդեցությունը լճի ջրի որակի վրա: ՄԱԿ-ը նույն փաստաթղթում նշվում էր նաև, որ լճի ֆիտոպլակտոնի կենսազանգվածի զգալի աճը (1.5 – 2 անգամ), օրգանական նյութերի` 1930թ. մինչև 2011թ.` 25 մինչև 150 տոննա ավելացում և տարեկան միջինում լիճ մուտքագրվում է 7000 տ ազոտ, 400 տ ֆոսֆոր, մոտ 13 տ պեստիցիդների և 135 տ ծանր մետաղներ: Սևանի ջրի մակարդակի բարձրացման դեպքում, իրավիճակը կարող է միայն բարդանալ, եթե ափամերձ տարածքները չմաքրվեն բույսերի մնացորդներից և հողի հումուսային շերտից: Սևան վնասակար կոյուղաջրերի հոսքի մասին խոսվում է արդեն մի քանի տասնյակ տարիներ, անգամ առաջարկվում էին մեծածավալ թանկարժեք նախագծեր: Այլ ժամանակակից մոտեցումը`ապակենտրոնացված կոյուղաջրերը մաքրման համակարգերն են, կիրառվող փոքր համայնքներում կամ անհատների կողմից առաջացած կոյուղաջրերի մաքրման համար, որոնցից ջրային պակասուրդի ժամանակ մաքրված ջուրը օգտագործվում է նաև ոռոգման նպատակով: Համեմատ խոշորածավալ կենտրոնացված կայաններին, նրանց ներդրումային ծախսերը կազմում են ընդամենը 20-50%, իսկ շահագործման ծախսերին – 5-25%: Այդ համակարգերը կիրառվում են անգամ աֆրիկական երկրներում, որոնցում ֆակուլտատիվ և հասունացման անաէրոբ լճակներում (հաճախ 2-ից 5 մետր խորությամբ, կեղտաջրերում ոչ բարձր սկզբնական օրգանական նյութերի քանակությամբ (կենսաբանական թթվածնի պահանջարկը (BOD, 100 գ/մ3/օր) և արտադրողականություն (3000 կգ BOD/հա/օր, մաքրման ժամանակահատված`1.0-1.5 օր) կեղտաջրերի մաքրումը կատարվում է ջրիմուռների և բակտերիաների կողմից ու վերջին փուլում մանրէները անջատվում են ջրից: Հիմնական պատճառը վերջին տարիներում լճում ջրիմուռների լայնածավալ ծաղկման հանդիսացել է բույսերի մնացորդների և հողի հումուսային շերտից օրգանական և միներալ նյութերի մուտքը, պայմանավորված Սևանի ջրի մակարդակի բարձրացմամբ ու ափամերձ տարածությունների մաքրման ծրագրերի անարդյունավետության: Սևանա լճում տեղակայված իշխանի բազմացման ցանցային մեթոդի համար պետք է կիրառվեն սեփական արտադրություն կենդանի կերեր (ջրային խեցգետնակերպներ), արտադրված կանաչ միկրոջրիմուռների օգտագործմամբ, այլ ոչ թե ներկրվող օրգանական կերեր: Այդպիսի անցումը կնպաստի  ցանցային մեթոդի ընդլայնմանը, մյուս ձկնատեսակների ավելացմանը, լրացուցիչ չի ծանրաբեռի Սևանը օրգանական նյութերով, կկրճատի բյուջեի միլիարդավոր ծախսերը և կստեղծի նոր աշխատատեղեր:  
Սևանա լճի իրավիճակը սպառնում է ՀՀ Պետական ու Տնտեսական Անվտանգությանը ու վկայում է սննդի, գյուղատնտեսական, առողջապահական և այլ վտանգների ավելացման մասին։ Սևանի մարտահրավերների մասով ուղղարկել էր իր մտահոգությունները և առաջարկությունները 06/08/2018թ. ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին և գերատեսչությունների ղեկավարներին:
Համաձայն կառավարության ՀԶՌ ծրագրի անհրաժեշտ է բնապահպանական և բնօգտագործման վճարների բարձրացում, որը մի կողմից հնարավորություն կտա բարձրացնելու բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, իսկ մյուս կողմից` լրացուցիչ եկամուտներ ապահովելու պետական բյուջեի համար:: Հետևաբար, Հայաստանում արդյունավետ չի կատարվում բնական պաշարների կառավարումն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը, ինչը նվազեցնում է ներկա և ապագայի բնակչության կյանքի որակը: 
 
շարունակելի
 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play