Վարչապետի հայտարարությունը ոմանց մոտ խուճապ է առաջացրել, իսկ ԱԱԾ-ն անցել է գործի․ «Մամուլի տեսություն»


Վարչապետի հայտարարությունը ոմանց մոտ խուճապ է առաջացրել, իսկ ԱԱԾ-ն անցել է գործի․ «Մամուլի տեսություն»

  • 08-04-2019 19:22:48   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Վարչապետի հանձնարարականից հետո ֆեյքեր են ջնջվել․ «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վարչապետի հանձնարարականը սկսել է կատարվել։ Ձերբակալվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում շատ հայտնի էջերից մեկի՝ «դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի համակարգողը։ Այդ մասին երեկ հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ՝ ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ Թե ով է այդ անձնավորությունը, առայժմ գաղտնի է պահվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ անձը կապ ունի նախկին իշխանությունների հետ:
Նկատենք, որ ֆեյքերին հայտնաբերելու մասին ՀՀ վարչապետի հանձնարարականը վերաբերում է հենց այն դեպքերին, երբ գործ ունենք քրեորեն հետապնդելի կոչերի հետ: Իսկ նման կոչեր սոցիալական ցանցերում շատ են, և վերջին նշվածը բացառություն չէ:
Ու «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետի հանձնարարականից հետո շատ կեղծ օգտատերեր ջնջել են իրենց հաշիվները, փակել էջերը՝ մաքրելով հետքերը»։
 
Բենզինի գինը աստիճանաբար կբարձրանա. «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը կամաց-կամաց անցնում է ԵՏՄ մաքսային դրույքաչափերին: Սա նշանակում է, որ երրորդ երկրներից ապրանքների ներկրումը կարող է թանկանալ բարձր մաքսատուրքերի պատճառով: Այդ ապրանքներից մեկն էլ բենզինն է, և, առհասարակ, նավթամթերքը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարից 2 տոկոսով բարձրացել է բենզինի մաքսատուրքը: Այսինքն՝ երրորդ երկրից ներկրվող բենզինը ավելի թանկ է մաքսազերծվում: 2020 թվականին դրա համար սահմանված մաքսատուրքը էլ ավելի կբարձրանա՝ 5 տոկոսով: Սա իր հետևից կբերի բենզինի գնի աստիճանական բարձրացման: Թե որքան, առայժմ դժվար է ասել:
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից փոխանցեցին, որ փոխարենը զրոյական է ՌԴ-ից ներմուծվող մաքսատուրքը: Ըստ նախարարության՝ ՌԴ-ն այս հարցում Հայաստանի համար համարվում է հիմնական շուկա:
Տեղեկացնենք, որ 2018թ. ընթացքում ՀՀ ներմուծվել է 330 հազար 328,9 տոննա նավթ, նավթամթերք (դրա մեջ է մտնում նաև բենզինը), որից 210 հազար 521 տոննան բերվել է ՌԴ-ից»:
 
Կառավարության կառուցվածքում ինչը հստակ չէ և ինչն է ակնհայտ. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխությունները վերջապես կքննարկվեն խորհրդարանում: Կառավարությունը մտադիր է ապրիլի 16-ին տեղի ունենալիք ԱԺ հերթական նստաշրջանում ներկայացնել օրենքի նախագիծը, չնայած մինչև վերջ հստակություն չկա, թե ինչպիսի տեսք այն կունենա:
Ակնհայտ է մի բան, որ իշխանությունները մտադիր չեն Ոստիկանությունը և ԱԱԾ-ն վերածել նախարարության, և դրանք մտցնել խորհրդարանական վերահսկողության դաշտ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում կառավարման մոդելը կոչվում է խորհրդարանական»:
 
«Դուք այլ հարց էիք ուզում տալ». Ջանջուղազյանը՝ ՀՀԿ-ական թալանչիներից մնացած կադր լինելու մասին. «Հրապարակ»
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Ջանջուղազյան, տեսակետ կա, որ ֆինանսական բլոկում «լուսաբացներն այնքան էլ խաղաղ չեն»` փոխվարչապետների առաջնահերթության բանավեճ կա կառավարությունում։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Էդպիսի բան հնարավոր չի»: Իսկ ինչպիսի՞ն են կոնկրետ Ձեր հարաբերությունները փոխվարչապետներ պարոն Գրիգորյանի և պարոն Ավինյանի հետ։ «Շատ աշխատանքային»: «Արմաթ» լաբորատորիաների ուշացած աշխատավարձի հետ կապված դիսկուսիայի ժամանակ բանավեճ ընթացավ նրանց միջև։
«Քննարկումը որպես բանավեճ ներկայացնել չի կարելի` քննարկում էր, էլի, որն էլ տվեց իր արդյունքները` որոշումներ կայացվեցին»: Ձեր աչքերում թաքնված ժպիտ կա հիմա։ «Ի՜նչ խորաթափանց հայացք ունեք. ինչպե՞ս երևաց հատկապես աչքերիս ժպիտը, չնայած Դուք ազատ եք ձեր գնահատականներում»:
Չկա՞ տարաձայնություն նրանց միջև։ «Ավաղ` ոչ»: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Դուք ՀՀԿ-ական` «նախկին» թալանչիներից մնացած կադր եք: «Չէ, Դուք կարծես այլ հարց էիք ուզում տալ, թե ինչպես եմ ես վերաբերվում նրան, որ ես մի քիչ ավելի տարիքով եմ, քան մնացածը. շատ հանգիստ եմ վերաբերվում, որովհետև դա չի խանգարում ինձ երիտասարդ զգալ, այո` աշխատել եմ ու դեռ աշխատելու եմ և, որքան էլ տարօրինակ թվա, աշխատել սկսել եմ խորհրդային ժամանակներից»:
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն