Զանգվածային կրճատումներն այն վերջին քայլն են, որին ընկերությունը պետք է դիմի ճգնաժամային պայմաններում
13-04-2019 13:25:57 | Հայաստան | Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահե Դավթյանը
Պարոն Դավթյան, «Գազպրոմ Արմենիան» հայտարարել է, որ կրճատումներ է իրականացնում։ Փաստորեն գազի գինը սահմանին բարձրացման դեպքում սպառողի համար գինը անփոփոխ է մնում այս գնով։ Արդյոք սա սպասված արդյունք էր, և ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը։
Այս զարգացումներն, իրականում, սպասված էին, որովհետև ինչպես գիտենք, երբ 2018-ի դեկտեմբերի 31-ին գազը սահմանին թանկացավ 15 դոլարով՝ դառնալով 165 դոլար հազար խմ-ի համար, կողմերը հայտարարեցին, որ շարունակում են բանակցային գործընթացը գնի շուրջ։ Բնականաբար, հարց էր ծագում, թե ինչի շուրջ պետք է կողմերը բանակցեն, եթե արդեն մինչև 2019 թ. վերջ գազի գինը սահմանված էր։ Պարզվեց, որ բանակցություններն ընթանում էին նախևառաջ «Գազպրոմ Արմենիայի» ֆինանսական ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ Այսօր առկա է քաղաքական կամքի առկայություն և քաղաքական սկզբունքային որոշում, որ 2019-ի ընթացքում գազի սակագինը երկրի ներսում չպետք է բարձրանա։ Սակայն, ինչպես տեսնում էինք վերջին ամիսների ընթացքում, «Գազպրոմ Արմենիան» պարեբերաբար տարբեր հարթակներից հնչեցնում էր այն մտավախությունը, որ այս քաղաքականության և քաղաքական կամքի դրսևորման արդյունքում վնասներ կրողը հենց ինքն է։ Այսօր արդեն մենք ունեցանք պաշտոնական հայտարարություն, որ «Գազպրոմ Արմենիան» ֆինանսական ռիսկերից խուսափելու նպատակով, փաստորեն, ստիպված է որդեգրել ծախսերի օպտիմալացման և աշխատակիցների կրճատման քաղաքականությունը։
Իհարկե, դեռ չենք կարող հստակեցնել, թե ինչպիսի կրճատումների մասին է խոսքը, ինչ ծավալների դրանք կլինեն, բայց ակնհայտ է, որ «Գազպրոմ Արմենիան», առաջարկելով կարճաժամկետ լուծում, իրականում նախադրյալներ է ստեղծու լրացուցիչ՝ երկարաժամկետ ու ռազմավարական բնույթի ռիսկերի ձևավորման համար։ Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ այս քաղաքականության արդյունքում 2019-ի ընթացքում, ճիշտ է, գազի սակագինը չի բարձրանա սպառողի համար, սակայն «Գազպրոմ Արմենիան» որպես խոշորագույն տնտեսվարող, այլևս չի իրականացնի այն սոցիալական պատասխանատվության գործառույթը, որը պետք է բնորոշ լինի նմանատիպ խոշորագույն ընկերության համար:
Փաստորեն, սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանում ռուսական ընկերությունները դիմում են կրճատումների։ Մասնավորապես, նման քայլի է գնացել նաև «Հարավկովկասյան երկաթուղին», որտեղ շուրջ 1500 աշխատատեղ կրճատվեց։
Ռուսական կապիտալը միատարր չէ, Հայաստանում հազարից ավելի տնտեսվարողներ կան, որոնք գործում են ռուսական կապիտալով։ Կան ընկերություններ, որոնք թափանցիկ են և որոնց երկխոսությունը կառավարության հետ շատ լավ է ընթանում։ Այստեղ կարող եմ ընդգծել բանկային կամ հեռահաղորդակցության ոլորտներում ներգրավված ընկերությունները, բայց ինչ վերաբերում է խոշոր ենթակառուցվածքային ընկերություններին, այստեղ նման քաղաքականություն պարբերաբար կիրառվում է: Այո, երբ ուսումնասիրում ենք «Հարավկովկասյան երկաթուղու» փորձը, ապա այստեղ որոշակի զուգահեռներ կարող ենք անցկացնել «Գազպրոմ Արմենիայի» կողմից որդեգրվող քաղաքականության հետ:
2008-ին ՀՀ կառավարության և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն, ՀԿԵ-ն պարտավորվում էր իր գործունեության միայն առաջին 3 տարիների ընթացքում պահպանելու 4500 աշխատակցից բաղկացած կոլեկտիվը, որ այն ժամանակ աշխատում էր մեր երկաթուղային համակարգում։ Այս դրույթն իր մեջ հսկայական սոցիալական ռիսկեր էր պարունակում, որոնք անտեսելով 2008-ին մեր իշխանությունները ստորագրել են պայմանագիրը։ Արդյունքում՝ 2011 թվականին սկսվեցին կրճատման գործընթացները։ Ճիշտ է, դրանք զանգվածային բնույթ չէին կրում, այնուամենայնիվ, եթե ուսումնասիրում ենք վերջին 10-ից ավելի տարիների դինամիկան, տեսնում ենք, որ այդ 4500 ցուցանիշը նվազել է 1500-ով, և ՀԿԵ-ի աշխատակիցների թիվն այսօր հազիվ հասնում է 3000-ի։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում այս կրճատումների արդյունքում որքա՞ն ժամանակով հնարավոր կլինի զսպել սակագնի աճը, արդյոք դա երկարաժամկետ լուծում է։
Ես չեմ կարծում, որ միայն աշխատակիցներ կրճատելով հնարավոր է բարձրացնել որևէ համակարգի, այն էլ նման խոշոր տնտեսվարողի արդյունավետությունը։ Փորձը ցույց է տալիս, որ զանգվածային կրճատումներն այն վերջին քայլն են, որին ընկերությունը պետք է դիմի ճգնաժամային պայմաններում։ Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, կրճատումներին զուգահեռ ընկերությունը պետք է վերանայի իր աշխատավարձային ֆոնդը, երկրորդ՝ պետք է ուշադրություն դարձնի բնական գազի այն կորուստներին, որոնք առկա են գազի փոխանցման և բաշխման համակարգում, որոնք բավական բարձր են այսօր։ Դրանք կազմում են մոտավորապես ներկրվող գազի 6-7 տոկոսը։ Սա շատ բացասական ցուցանիշ է։ Դրանից զատ, ընկերությունը պետք է իհարկե էլ ավելի բարձրացնի իր ներդրումային քաղաքականության արդյունավետությունը։ Եվ միայն այս բոլոր քայլերի համալիրը կարող է նպաստել ընկերության ֆինանսական կայունությանն այս վայրիվերումների պայմաններում։
Բայց այստեղ կա նաև արտաքին գործոնը, որ մենք պետք է հաշվի առնենք, և որը որևէ առնչություն չունի «Գազպրոմ Արմենիայի» կորպորատիվ քաղաքականության հետ։ Խոսքն այն մասին է, որ վերջին շրջանում համաշխարհային շուկաներում նկատվում է բնական գազի գնի աճ։ Միայն 2018-ին ՌԴ-ից արտահանվող բնական գազի գինը աճել է մոտ 25 տոկոսով՝ հասնելով 220 դոլարի։ Այս միջազգային շուկայական գործընթացները նույնպես պետք է հաշվի առնել, քանի որ դրանք անխուսափելիորեն ազդելու են Հայաստանի շուկայի վրա։
Ռուսական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ ձգձգվում է վերջնական որոշման կայացումը։
Կողմերը չեն կարողանում արագ գալ կոնսենսուսի, քանի որ նախևառաջ բնական գազի գինը այսօր, ինչպես նշեցի, աշխարհում պարբերաբար աճ է արձանագրում։ Ռուսաստանը, բնականաբար, բարձրացնելով գազի գինը 15 դոլարով, միաժամանակ արձանագրում է, որ Հայաստանի դեպքում իրականացվում է ոչ շուկայական սակագնային քաղաքականություն։ Այսինքն, գործող 165 դոլարը ավելի ցածր է, քան շուկայական գինն է, ինչը, թերևս, օբյեկտիվ գնահատական է: Միաժամանակ, այստեղ առկա է Բելառուսի գործոնը, որը պարբերաբար հանդես է գալիս այն դիրքերից, որ գազի գինն իր համար պետք է նվազեցվի և հասցվի այն գնին, որը գործում է Բելառուսին սահմանակից ռուսական Սմոլենսկի նահանգում, այսինքն՝ դարձվի մոտ 70 դոլար։ Տվյալ պարագայում, այդ արտաքին գործոնը մենք անպայման պետք է հաշվի առնենք, քանի որ այն անուղղակիորեն ազդում է ՌԴ-ի կողմից իր դաշնակից պետություններում սակագնային քաղաքականության ընդհանուր տրամաբանության վրա:
Միևնույն ժամանակ, ԵՏՄ-ում առկա բարդ զարգացումները՝ կապված ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման, Բելառուսի ու Ղազախստանի հետ անհամաձայնությունների հետ, բնականաբար, ազդում է միության շրջանակներում Մոսկվայի էներգետիկ քաղաքականության վրա: Այսօր կողմերը՝ Երևանն ու Մոսկվան, հայտարարում են, որ բանակցությունները պետք է պերմանենտ բնույթ կրեն, քանի որ համաշխարհային շուկայում գազի գինը պարբերաբար տատանվում է, և բանակցությունների ընթացքում պետք է ձևավորվեն մեխանիզմներ, որ հնարավորինս օպտիմալ կերպով արձագանքեն հնարավոր շուկայական վայրիվերումներին։