Բացահայտվել է բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքը.ՀՔԿ


Բացահայտվել է բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքը.ՀՔԿ

  • 16-04-2019 18:04:14   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի բենզալցակայաններից մեկի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ: Կասկածյալը կալանավորվել է:
 
Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 13-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բենզալցակայաններից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, այն է՝ դանակը բենզալցակայանի աշխատակցի պարանոցին պահելու միջոցով, մորթելու սպառնալիքներ տալով, մուտք է գործել վերջինիս աշխատասենյակ և հափշտակել ընկերությանը պատկանող, բենզինի վաճառքից գոյացած կանխիկ գումարը և աշխատակցին պատկանող «Սամսունգ Գալաքսի Ա3» մոդելի բջջային հեռախոսը:
 
Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 13-ին  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Աշխատակիցը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են միկրոմասնիկներ, արնանման հետքեր, վերցվել են նմուշներ, հարցաքննվել են վկաներ, կատարվել է առերես հարցաքննություն, ինչպես նաև՝ անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություն, կազմվել քննչական պլան:
 
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
 
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ՝ ծնված 1997 թվականին: Վերջինս նույն օրը հայտնաբերվել է և ձերբակալվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
 
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի լրիվ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play