Կարող ենք արձանագրել՝ մեր հասարակությունը կոռուպցիայի նկատմամբ դարձել է ավելի անհանդուրժող. Արթուր Դավթյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



17-04-2019 13:09:56   | Հայաստան  |  Հասարակություն
 


Կարող ենք արձանագրել՝ մեր հասարակությունը կոռուպցիայի նկատմամբ դարձել է ավելի անհանդուրժող: 
 
Այս մասին ապրիլի 17-ին Երևանում կայացած «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային փորձի ներքո» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում իր ելույթում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: 
 
Ըստ նրա՝ նախորդ տարվա ընթացքում հանրությունն աննախադեպ աջակցություն է ցուցաբերել իրավապահ մարմիններին երկրում տարիներ շարունակ արմատացած կոռուպցիոն սխեմաների բացահայտման հարցում: 
 
«Նախորդ տարի իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված
նյութերի քանակը 2017 թվականի ցուցանիշը գերազանցել է գրեթե չորս անգամ, հարուցված քրեական գործերինը՝ 3,6 անգամ, կոռուպցիոն հանցագործություններ առերևույթ կատարելու համար 2017 թվականի համեմատ քերական հետապնդման է ենթարկվել 60 տոկոսով ավելի անձ, գրեթե նույնքան ավելի է եղել քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց թիվը: 2018 թվականին փողերի լվացման հատկանիշներով 7 քրեական գործ է հարուցվել, դա այն դեպքում, երբ 2017-ին այդ հանցակազմով քրեական գործեր չեն հարուցվել, իսկ օրենսդրորեն ապօրինի հարստացման քրեականացումից հետո անցած տարվա ընթացքում այդ  հանցագործության հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել հինգ պաշտոնատար անձի նկատմամբ»,- մանրամասնեց Ա. Դավթյանը: 
 
Վերջինիս գնահատմամբ՝ կոռուպցիոն ենթադրյալ հանցագործությունների մասին իրավասու մարմիններին անկաշկանդ հաղորդում ներկայացնելու միտումները ոչ միայն հանցագործությունների բացահայտման կարևորագույն առիթ
են, այլև ունեն չափազանց կարևոր կանխարգելիչ նշանակություն: 
 
Գլխավոր դատախազի կարծիքով՝ այս պայմաններում կոռուպցիոն սխեմաներում ներգրավվելու գայթակղություն ունեցող ցանկացած պաշտոնատար անձ այլևս չի կարող վստահ լինել, որ դրա մասին իրավապահ մարմինները չեն իմանալու և չեն պատժվելու: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 583 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար