Մահը չի եկել, վերջը չի եկել, թուրքերը չեն կրակում... Մանվել Սարգսյան


Մահը չի եկել, վերջը չի եկել, թուրքերը չեն կրակում... Մանվել Սարգսյան

  • 18-04-2019 11:54:10   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 Լրագրի  զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը
 
-Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը հեղափոխությունից մեկ տարի անց։ Շատերը նշում են, որ էյֆորիան արդեն անցել է, մարդկանց մոտ պահանջներ կան, որոնք իշխանությունը դեռ չի բավարարել։ Ի վերջո, հանրային սպասումներն ինչպիսի՞ն են։
 
-Ամեն մարդ իր կարծիքն ունի և իր կարծիքից որևէ մեկը չի հրաժարվելու։ Ես կարծում եմ՝ պետք չէր Նիկոլ Փաշինյանի կողմից խոստացված ընտրությունները տեղափոխել դեկտեմբեր։ Դա երևի ամենաչմտածված քայլերից մեկն էր։ Այդ ընտրությունները պետք էր անել հիմա, որովհետև բազմաթիվ մարդիկ խոսում էին այն մասին, որ կանցնի մեկ տարի, մայիսին մենք կտեսնենք դատարկ սառնարաններ, տասնապատիկ բարձրացած գներ, դատարկ խանութներ, կգնանք խանութներում ձեթ ու պահածո կփնտրենք։ Այսինքն՝ դասական հեղափոխություններից արված եզրակացություններ են, որ հեսա մահը գալիս է, երկիրն ավարտվում է։ Պետք էր թույլ տալ, որ այդ մարդիկ մեկ տարի հանգիստ խոսեին, մարդիկ էլ տեսնեին, թե ինչից են խոսում ընդհանրապես։ Չգիտես ինչու՝ չդատարկվեցին խանութները, վերջը չեկավ։ Եվ հենց այդ վիճակում պետք էր նորմալ ընտրություններ անցկացնել, 70 տոկոս չէր հավաքի, 80 տոկոս կհավաքեր։ Չեն հասկացել մարդիկ դա, որովհետև լավ չէին պատկերացնում հեղափոխական պրոցեսի էությունը։
 
Հիմա ի՞նչ ունենք։ Ունենք այն, որ կան մարդիկ, որոնք ինչ-որ դիրքորոշում են ընդունել, չարագուշակություններ են անում, կյանքն էլ գնում է իր հունով։ Գործող իշխանությունների առջև լրջագույն խնդիրներ են ծագել, որովհետև արդեն մեկ տարի է ասվում է, որ այս երկրի հետհեղափոխական իրավիճակում արմատական խնդիրն է տնտեսական ու քաղաքական դաշտի կանոնակարգումը։ Մենք ունեցել ենք միաբևեռ քրեաօլիգարխիկ համակարգ, որը փլուզվել է, վերացել է, չկան մոնոպոլիաներ։ Օրինակ՝ Ծառուկյանը երկու անգամ ավելի թանկ վաճառում էր իր ցեմենտը, կես գնով վաճառում էր Վրաստանում, քաղաքական մարմինները նրա համար այդ վիճակը ստեղծում էին։ Տասնյակ այլ մարդկանց համար ևս այդպիսի պայմաններ էին ստեղծում։ Հիմա լրիվ այլ վիճակ է ստեղծվել, որը պետք է կարգավորել։ Հիմա նոր-նոր մարդիկ սկսել են հասկանալ, որ պետք է կարգավորել խաղի կանոններ։ Երբ հարցնում եք՝ մեկ տարվա մեջ ինչ է փոխվել, հենց այդ գիտակցություն է փոխվել, երբ մարդիկ կառավարությունում հասկացել են, որ պետք է կանոնավորել խաղի կանոնները նոր Հայաստանում։ Մեկ տարի այդ ուղղությամբ ոչինչ չի արվել։ Տասնամյակներ շարունակ ժողովրդին կրկնակի թանկ ցեմենտ է վաճառվել, ստրուկի պես ապրում էինք։ Ստրուկի պես ապրում էին արտադրողները, ողջ հասարակությունը մի բանի համար, որ ինչ-ինչ մարդիկ որոշել էին մեծ փողեր աշխատել։
 
Ես այսօր տեսա ֆեյսբուքում մեկը գրել էր, որ բոլորս քննադատում ենք, կառավարությունն էլ ասում է՝ միայն քննադատում եք, մի բան առաջարկեք, եկեք այստեղ մեր առաջարկները անենք։ Ու այդ գրառման տակ ոչ ոք ոչինչ չի առաջարկել։ Այսինքն՝ ապագաղափարականացված մի վիճակ է, որ կարելի է քննադատել, բայց ոչ մի առաջարկելու բան չկա։
 
-Կառավարությունն առաջարկում է ներառականություն տնտեսության մեջ, ապահովել յուրաքանչյուրի մասնակցայնությունը։ Սրանք նոր գաղափարնե՞ր չեն։
 
-Դրանք շատ կարևոր բաներ են, և ես դա գնահատում եմ։ Շատ երկրներում հենց այդ ճանապարհով են դուրս եկել վատ վիճակից, որ մարդն ինքը հասկանա, որ ինքը պետք է ներգրավվի։ Պետությունը պետք է դրա համար պայմաններ ստեղծի։ Հակառակ դեպքում, մենք մնում ենք դատարկախոսության հզորագույն ալիքի մեջ, որովհետև մարդիկ արդեն իրենք էլ չեն հասկանում ճիշտը որն է, սխալը որն է։ Ինձ համար զարմանալի է, որ  Հայաստանի տնտեսագետների կողմից ևս ոչ մի ռացիոնալ գնահատական գոյություն չունի։ Հայտարարվում է, որ չկա համակարգված ռեկետ, կոռուպցիա։ Մեկը  կա՞, որ կբացատրի, ի վերջո, գոյություն ունի, թե չունի։ Որովհետև ոչ ոք չի հասկանում քրեաօլիգարխիկ համակարգն ինչ է, համակարգված կոռուպցիան ինչ է, հեղափոխության ընթացքում ինչն է փոխվել։ Նշանակում է՝ մարդիկ ուղղակի չեն տիրապետում իրավիճակին, և ինչ-որ բրոունյան շարժում է գնում։ Հասարակության ատոմիզացիայի գործընթաց է գնում։ Բայց դա չի նշանակում, որ օբյեկտիվորեն պրոցեսը չի գնում առաջ, իհարկե, գնում է։ Հիմա ասում են՝ Փաշինյանը պոպուլիստ է, բայց իր որոշումները բոլորովին պոպուլիստական չեն։ Ամեն մի որոշման դեմ հազարավոր մարդիկ ընդվզում են։ Պոպուլիստը նա է, որ այնպիսի քայլեր է անում, որ բոլորը ծափահարում են։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ մարդիկ հազարներով դուրս են գալիս բողոքի ու բողոքում են ոչ թե իրենց ստրկացնող կապիտալիստների դեմ, այլ ինչ-որ աբստրակտ բողոքում են ու պաշտպանում կապիտալիստներին։ Աշխարհում նման բան չի եղել։ Որևէ տեղ չի եղել, որ կոլեկտիվները վեր կենան ու իրենց ստրկացնող կապիտալիստին պաշտպանեն։ Հայաստանում կատարվում են երևույթներ, որոնք բացատրելը շատ դժվար է։
 
-Բայց կապիտալիստներն էլ սպառնալիքի լեզվով են խոսում, ճանապարհ փակելու, չաշխատելու մասին են խոսում։
 
-Չգիտեմ ինչից են խոսում, երկիրն աննախադեպ երևույթների մեջ է։ Չկան չափանիշներ, որոնց միջոցով հնարավոր լինի հասկանալ իրավիճակը։ Այսինքն՝ մինչև այսօր գործող, հստակ, ստրկացնող համակարգը վերացել է, և ստեղծվել է մի վիճակ, որտեղ հնարավոր չէ հասկանալ ճիշտն ու սխալը։ Դրա համար պետք է լինի պարզ, հստակ ուղղություն, բոլորը օրենքի մեջ գործեն, կապ չունի ովքեր են՝ այսպես կոչված չարացած խավեր, ընդդիմադիրներ և այլն։ Բոլորը նույն ոչ ադեկվատ վիճակում են։ Խորհրդարանում տեսնում ենք պատահական մարդիկ են, որոնք իրենք էլ չգիտեն՝ ոնց են էդտեղ հայտնվել, ինչ գործ ունեն, չգիտեն ինչի մասին խոսեն։ Ճիշտ նույն կերպ իրենց հակառակորդները, փողոցում գրաֆիտի գծողները չգիտեն։ Նույն վիճակն է։ Այս ատոմիզացիան, այս քայքայումը ցույց է տալիս, որ դեռ չկա ռացիոնալ գաղափար։ Մեկ տարի ասում էին՝ մայիսին մահը գալու է, երկիրը վերջանալու է, հիմա մահը չի եկել, վերջը չի եկել, թուրքերը չեն կրակում։ Լրիվ հակառակն է։
 
-Այս իրավիճակը օրինաչա՞փ է։
 
-Իհարկե օրինաչափ է, ես դա տեսել եմ 1988-ին։ Հետհեղափոխական իրավիճակում բոլոր հին գաղափարները մերժվում են, բոլոր մարդիկ, որոնք ասում էին՝ իրենք ամեն ինչ գիտեն, հիմա նրանք սնանկանում են։ Հայաստանում 30 տարի հետո նույնն է կատարվել՝ այդ միակ ճշմարտության սնանկացումը։ Բոլոր նրանք, որոնք տարիներով մարդկանց ասել են, որ միակ ճիշտն իրենք են, հիմա սնանկ են։ Սա է կատարվել։ Բայց եթե սնանկանում է ինչ-որ գաղափարական խավ, պետք է նոր գաղափարներ ի հայտ գան։ Այդ նոր գաղափարները մարդկանց պետք է համոզել, մարդիկ պետք է հավատան։ Մի հետաքրքիր հոդված կարդացի «Հայկական ժամանակում», որտեղ այս ամենի մասին գրված էր, որ պետք է գալ նոր համաձայնության, թե ճիշտը որն է, սխալը որն է։ Ամբողջ ազգը աբստրակտ ասում է, որ պետք է թալանչիներին ոչնչացնել, բայց երբ թալանչիների դեմ պահանջներ են ներկայացնում իրավապահ մարմինները, ամբոխը կանգնում է թալանչիի կողքին։ Հենց կոնկրետացնում ես, ասում են՝ սա քաղաքական պատվեր է։ Հենց ուզում ես մեկին ձեռք տալ, ասում են՝ ոչ, ձեռք մի տուր, բայց հետևիցդ ասում են՝ դավայ, բռնի թալանչիներին, փողերը բեր։
 
Իռացիոնալիզմը շատ մեծ է։ Դրա համար պետք է գալ հասարակական համաձայնության։ Ես հիշում եմ, որ երբ հեղափոխական պրոցեսներն սկսվել էին, բազմաթիվ երիտասարդներ կային, որ հետհեղափոխական կարգավորման նախագծեր էին տալիս, որ պետք է կարգավորել քաղաքական ու տնտեսական դաշտը, համոզել հանրությանը, որ արդար վիճակ է ստեղծվել, թալանի հետ ինչպես պետք է վարվել։ Հիմա ես տեսնում եմ, որ նոր-նոր դրա մասին սկսել են ավելի լուրջ մտածել, որ պետք է խաղի կանոններ հստակեցնել։ Հիմա տեսնում ենք, որ այդ նույն թալանչիներից ոմանք որոշակի փողեր են վերադարձնում, գումարներ են հատկացնում բանակին։ Այսինքն՝ նրանք հասկացել են, որ եթե ուզում են շարունակել ապրել, պետք է փոխհատուցեն հասարակությանը։ Մնացածներն ընդհանրապես չգիտեմ ինչով են ապրում։ Խորհրդարանում շատ մարդիկ չգիտեն, թե ինչու են այնտեղ, այս խնդիրների մասին ընդհանրապես չեն մտածում, լրիվ այլ հարթության մեջ տեսակետներ են հայտնում։ Բայց իրականությունն ավելին է, քան իրենց կարծիքները։ Կյանքը շարունակվում է, գնում է այդ մարդկանց կարծիքների վերևով։ Հիմա լսում եմ տնտեսագետներին, չեն կարողանում բացատրել այս իրավիճակը։ Մարդիկ կես տարի առաջ ասում էին՝ սովն ու մահն է գալիս, բայց հիմա ոչ սով է եկել, ոչ մահ, ու մարդիկ չեն կարողանում բացատրել դա։
 
Խնդիրն այն է, որ մենք նոր իրավիճակում ենք ապրում, բայց ընկալումները դեռ հին չափանիշներով են։ Դա է, որ չի թողնում, որ հասկանանք, թե ինչ խնդիրների առջև ենք կանգնած, որ կարողանանք դրանք լուծել։ Հիմա չգիտեմ՝ կառավարությունը կհասկանա՞ դա, իսկ մնացածի վրա հույս էլ չկա։
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ,
Հարցազրուցավար
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ