Հայաստանի պատասխանը Մամեդյարովին ու Լավրովին


Հայաստանի պատասխանը Մամեդյարովին ու Լավրովին

  • 18-04-2019 18:45:27   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի արտգործնախարարության խոսնակն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարի այն հայտարարությանը, թե Մոսկվայում նախարարների հանդիպումը եղել է 2016 թվականին Ռուսաստանի առաջարկած ծրագրի հիման վրա: Թե հատկապես ինչ ծրագրի մասին է խոսքը, Մամեդյարովը չի մանրամասնել: Բայց Հայաստանում շատերն այդ հայտարարությունն ընկալել են այսպես կոչված «լավրովյան պլանի» համատեքստում, եզրակացնելով, որ քննարկումը եղել է «լավրովյան պլանի» հիման վրա:
 
Մամեդյարովի հայտարարության կապակցությամբ հարց էին հղել նաեւ Լավրովին, նախօրեին, ինչին նա պատասխանել էր, թե «այստեղ հավելելու բան չունի»: Նա ասել է, որ այդ առաջարկությունների մանրամասները գաղտնի են:
 
Ուրեմն, ինչի՞ մասին է խոսքը: Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ քննարկումները որեւէ ծրագրի հիմքով չեն, իսկ այն, ինչ քննարկվել է, եղել է հանդիպումից հետո համանախագահների եւ նախարարների համատեղ հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում էր մարդասիրական մի շարք հարցերում պայմանավորվածությունների եւ հրադադարի պահպանումը շարունակելու մասին:
 
Նշանակու՞մ է արդյոք, որ Մամեդյարովը ստում է, կամ էլ ռուսական առաջարկները ամենեւին այն չեն, ինչ Հայաստանում օրինակ պատկերացնում ենք «լավրովյան պլանի» տեսքով: Այստեղ հարցը մնում է մեկնաբանության, վերլուծության, ենթադրության դաշտում, թե ուրիշ ի՞նչ առաջարկ կարող է արած լինել Ռուսաստանը: Մյուս կողմից, առանցքային պահ է թերեւս այն, թե ընդհանրապես արվող առաջարկները, հայտարարությունները ինչպես է ընկալում յուրաքաչյուր կողմ, եւ դրանց էությունն ու քաղաքական նշանակությունը թերեւս մեծապես կախված է նաեւ հենց կողմերում ընկալումներից:
 
Հնարավոր է, որ Մամեդյարովը փորձում է դիմել մանիպուլյացիայի, ստեղծելով տպավորություն, որ քննարկվում է այն, ինչ ուզում է Բաքուն: Բաքուն ունի այդ մանիպուլյացիայի անհրաժեշտությունը, որովհետեւ հակառակ պարագայում պետք է պատասխանի իր հանրությանը, թե ինչու՞ է Հայաստանի հետ խոսում խաղաղության, ոչ թե պատերազմի ավանդական լեզվով: Բաքուն չի կարող ասել, որ պատերազմի լեզվով խոսել առնվազն ներկայիս փուլում ուղղակի հնարավոր չէ՝ վտանգավոր է: Մյուս կողմից, չի կարող ասել, որ բանակցային գործընթացում էլ գերակա է դառնում հայկական օրակարգը: Ըստ այդմ, պետք է հայտարարել, որ օրակարգն «ադրբեջանականն» է: Առավել եւս, որ Մոսկվայի հանդիպումից առաջ Մամեդյարովի պաշտոնում նախկինում աշխատած Թոֆիկ Զուլֆուղարովն էր հայտարարել, թե անիմաստ է գնալ Հայաստանի հետ բանակցության, քանի որ Երեւանը չի զիջելու Փաշինյանի հայտարարած դիրքը:
 
Ու՞մ է ավելի հավատալու ադրբեջանական հանրությունը՝ Մամեդյարովի՞ն, թե՞ Զուլֆուղարովին: Հայաստանի հանրությունը, կամ դրա մի զգալի մասը, հավատում է Մամեդյարովին՝ իհարկե տարբեր շարժառիթներով: Ընդ որում, դա նոր չէ: Հայաստանում միշտ էլ հավատացել են Մամեդյարովին, քան օրինակ Էդվարդ Նալբանդյանին կամ Սերժ Սարգսյանին: Ադրբեջանական կողմի հայտարարությունները եղել են իրավիճակի վերաբերյալ դատողության աներկբա եւ անվերապահ հիմք:
 
Դա իհարկե բխել է նրանից, որ Հայաստանի նախկին իշխանությունը մի կողմից չի փորձել Արցախի հարցում երկխոսության մեջ լինել հանրության հետ, մյուս կողմից երկխոսության մեջ չի եղել որեւէ հարցում, զուրկ լինելով լեգիտիմությունից: Ըստ այդմ, Հայաստանի հանրությունը հավատացել է ում ասես եւ ինչին ասես, միայն թե ոչ Հայաստանի իշխանությանը:
 
Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկն Արցախի հարցում եղել է ոչ միայն նոր օրակարգի ձեւավորումը, հայկական իրավունքների շեշտադրումն ու գործընթացը մադրիդյան տրամաբանությունից աստիճանաբար դուրս բերելու մարտավարությունը, այլ նաեւ այդ հարցում հանրության հետ երկխոսության հաստատումը, անշուշտ բացության սահմանափակ շրջանակով, ինչը լիովին հասկանալի հանգամանք է: Բայց, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում երկխոսում է հանրության հետ, աներկբա է:
 
Ամբողջ հարցն այն է, որ հանրությունը, ի դեմս աշխույժ հասարակական-քաղաքական խաղացողների, պատրաստ չէ դրան: Յուրաքանչյուր խումբ, տարբեր պատճառներով իհարկե, բայց ի վերջո իրավիճակը հանգեցնում է նրան, որ պատասխանատվության տակ չմտնելու համար ավելի լավ է հավատալ Մամեդյարովին:
 
Այդպես էր Սերժ Սարգսյանի ժամանակ, այդպես է Նիկոլ Փաշինյանի պարագայում: Որովհետեւ Արցախի հարցում անշուշտ առանցքային, վճռորոշ հարց է իշխանության լեգիտիմությունը, բայց խորքային ամենանշանակալի հանգամանքը հանրային-քաղաքական պատասխանատուների այլ սուբյեկտային շրջանակի առկայությունն է, իսկ տվյալ պարագայում՝ դրա գործնականում բացակայությունը, մեկ-երկու բացառությամբ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն