Կառավարությունը կստեղծի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ՝ տնտեսության զարգացմանն աջակցելու նպատակով

18-04-2019 19:01:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Այսօր տեղի է
ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը անդրադարձել է Ազգային ժողովում իրեն պաշտոնանկ անելու հետ կապված հարցին և
, մասնավորապես, նշել. «Ես կուզենայի, որ հստակ ու մեկընդմիշտ այս հարցը որոշակիացվի՝ հարգանքն ինստիտուտի նկատմամբ չունի այլընտրանք: Հետևաբար, այդ մեկնաբանությունն այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է: Այսօր իմ բացակայությունն Ազգային ժողովում այդ հարցի քվեարկության ընթացքում մեկնաբանվել է որպես անհարգալից վերաբերմունք: Ուզում եմ, որպեսզի ամեն ինչ հստակ լինի՝ կանոնակարգն այս դեպքում որևէ մասնակցություն չի նախատեսում ԱԺ ներքին հարցերի քննարկմանը, հետևաբար իմ ներկայությունը կլիներ ճիշտ նույնքան  նշանակալի, որքան ԱԺ-ում այլ հարցերի քննակմանը»: 
 
Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իհարկե ԱԺ-ի և նրա խմբակցությունների և պատգամավորների նկատմամբ վերաբերմունքը և հարգանքը չունի որևէ այլընտրանք: Կարծում եմ նման արձագանքները պետք է նաև վերլուծել և նման դեպքերի համար մշակել որոշակի վարքագծային կանոններ»: Կառավարության ղեկավարը վարչապետը աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել բոլոր քվեարկություններում կառավարության ներկայացուցիչների ներկայության անհրաժեշտության հարցը։
 
Այնուհետև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում անձրևները շարունակվելու են: Նախարարը հայտնել է նաև, որ 99 տոկոսով ցրտահարություն չի լինի. ջերմաստիճանը նվազագույնը իջնելու է 3 աստիճան: Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է նաև սողանքների, քարաթափումների խնդրին և նշել, որ դրանք ակտիվացել են: 
 
Վարչապետը նշել է, որ կա երկու խնդիր՝ մեկն օպերատիվ խնդիրն է, մյուսն էլ՝ մեխանիզմների հետագա կատարելագործման  հարցը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին այդ հարցերը պահել ուշադրության կենտրոնում, քննարկումներ կազմակերպել դրանց վերաբերյալ և որոշել այդ ուղղությամբ նախատեսվող հետագա քայլերը, որպեսզի ճգնաժամային իրավիճակ չստեղծվի: 
 
Անդրադառնալով գնումների օրենսդրության հետ կապված խնդրիներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  ներկայումս ընթանում է գնումների մասին օրենսդրությունը բարելավելու պրոցես, որի ընթացքում բոլոր հարցերը պետք է հաշվի առնել: «Պետք է բոլոր մեխանիզմները հստակեցվեն: Անընդհատ մենք այս ահազանգն ստանում ենք, որ օպերատիվ հարցեր առաջանալու դեպքում հնարավոր չի լինում լուծել: Պետք է հասկանալ՝ որտեղ է պրոբլեմը և այդ պրոբլեմները լուծել»,-ասել է վարչապետը:
 
Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ կառավարությունը  որոշել է հիմնադրման միջոցով ստեղծել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ: Ընկերության կանոնադրական կապիտալի չափը նախատեսվում է սահմանել 100.0 հազ. դրամ, որը բաժանված է 100 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Հիմնավորման համաձայն՝ նման ֆոնդ ստեղծելու նպատակը ՀՀ-ի տնտեսության զարգացման աջակցումն է` ներդրումների, այդ թվում օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով: Ընկերությունը ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք և համալիր խորհրդատվության և աջակցության միջոցով կնպաստի ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու և իրագործելու միջոցով Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը և գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման և գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման և կատարելագործման գործընթացին:
 
Կառավարության որոշմամբ «Ֆարմատեք» ՓԲԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ներերակային ինֆուզիոն հեղուկների, ամպուլների, աչքի կաթիլների արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4.2 մլրդ ՀՀ դրամի ներդրում` հումքի, նյութերի և սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 69 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 6-10 նոր աշխատատեղ՝ 160,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 4.8 մլրդ ՀՀ դրամ, որից 2.8 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3,429,288,500 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 176,718,475 ՀՀ դրամ:
 
Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Վոլյում գրուպ» ՍՊԸ-ն: Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է աշխատանքային ձեռնոցների արտադրության մեջ (ք. Արթիկ)։ Արդեն իսկ իրականացվել է 300 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 662,292,000 ՀՀ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30-40 նոր աշխատատեղ՝ 90,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ 100 մլն ՀՀ դրամ, որից 700 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 300 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 100 մլն ՀՀ դրամի արտադրանքը` Վրաստանի տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 662,292,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 30,139,200 ՀՀ դրամ:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 481 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար