Աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով


Աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով

  • 18-04-2019 19:06:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյունքում գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում և հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները: Երևան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը` աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով, և դրանով պայմանավորված՝ առաջացել է Երևանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս: Հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Երևան համայնքի կողմից աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով:  
 
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, նշել է. «Այստեղ հերթական անգամ  բախվում ենք գնման ընթացակարգերի հետ կապված պրոբլեմներին, որովհետև ի սկզբան էլ պարզ էր, որ «Սանիտեկ» ընկերությունը պրոբլեմներ ունի և չի կարողանալու պատշաճ ձևով իրականացնել աղբահանությունը: Բնականաբար, քաղաքապետարանը և նորընտիր քաղաքապետն առաջին գործողություններից մեկը, որ իրականացրել էին, քաղաքի համար տեխնիկայի ձեռքբերումն էր, որն այս իրավիճակում այլընտրանք չունի, որովհետև եթե նույնիսկ ասենք «Սանիտեկ»-ի հետ պայմանագիրն այսօր չեղյալ արվի, դա նշանակում է, որ աղբն ընդհանրապես որևէ ձև չի հավաքվելու, այսինքն՝ հիմա ինչ-որ ձևով հավաքվում  է: Եվ հաջորդ խնդիրը, որ պետք է տեխնիկա ձեռք բերել: Տեխնիկա ձեռք բերելու պրոցեսն արդեն ձգձգվում է, որովհետև դատական գործընթաց է բացվել, և դրա  պատճառով պրոցեսը կանգնել է: Հիմա այսպիսի արտակարգ լուծում պետք է տանք խնդրին»: 
 
Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրորդ օպերատոր ասվածը պայմանական է: «Տեսեք՝ մենք այսօր ինչ իրավիճակ ունենք: Ենթադրենք, այսօր Երևան քաղաքում կա մեկ օպերատոր աղբի հավաքման, և ինքն իր պարտավորությունները չի կատարում:  Լավ, մեկ անգամ տուգանեց քաղաքապետարանը, երկու, երեք, չորս անգամ տուգանեց, և արդյունքում ի՞նչ պետք է լինի, եթե շարունակում է չկատարել իր պարտականությունները, ի՞նչ պետք է  անի քաղաքապետարանը: Պետք է խզի պայմանագիրն այդ ընկերության հետ, ճի՞շտ է: Հիմա այսօր ենթադրենք խզեց պայմանագիրն այդ ընկերության հետ, և ի՞նչ է նշանակում դա: Դա նշանակում է, որ Երևան քաղաքում աղբ հավաքող մարմին ընդհանրապես գոյություն չունի, այսինքն, որ խզեց, պետք է հայտարարի մրցույթ նոր օպերատոր ներգրավելու մասին կամ մինչև խզելը պետք է հայտարարի մրցույթ նոր օպերատոր ներգրավելու մասին: Երբ նույնիսկ առանց խզելու հայտարարեց մրցույթ նոր օպերատոր ներգրավելու մասին, հին օպերատորն արդեն տեսավ, որ իր հետ հարցերն լուծված են, այսինքն՝ իր մոտ արդեն ճամպրուկային տրամադրություններ են, իրեն արդեն ընդհանրապես չի էլ հետաքրքրում աղբի հավաքման գործընթացը: Նշանակում է՝ ինքը եթե պայմանագրի առկայության պայմաններում, երբ ինքը դեռ շանս ունի, վատ է հավաքում, երբ ինքը հասկանում է, որ ընդհանրապես շանս չունի, ինքն ավելի վատ է  հավաքում: Հետևաբար, մենք մինչև նոր օպերատորի ներգրավումն ունենք մի դատարկ շրջան, որ ըստ էության, չունենք Երևան քաղաքում աղբ հավաքող, աղբի հավաքման գործով զբաղվող կառույց: Հետևաբար, ի՞նչն է այս պրոցեսի իմաստը: Երևանի քաղաքապետի, քաղաքապետարանի մտածածը հետևյալն է, որ պետք է լինի մի այսպես ասած, մարմին, որն անցումային փուլում կարողանա ինչ-որ ձևով իրականացնել աշխատանքը, իսկ գլոբալ առումով մոտեցումը հետևյալն է, որ չի կարելի ամբողջ աղբահանությունը տալ մի օպերատորի, որովհետև այսպիսի ռիսկեր են առաջանում: Ըստ նախնական ծրագրի՝ պետք է լինի մի մասնավոր օպերատոր ներգրավված, և Երևանի քաղաքապետարանը պետք է ունենա որոշակի ռեսուրսներ կառավարելու այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ այդ օպերատորի անգործության պարագայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 
 
Գործադիրի ղեկավարի հրավերով կառավարության նիստին աղբահանության վիճակի և քննարկվող որոշման նախագծի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետը, մասնավորապես նշել է, որ աղբահանության հետ կապված սկզբնական շրջանում «Սանիտեկի»-ի աշխատանքը նորմալ է եղել, սակայն սխալ աշխատանքը բերել է այն վիճակին, որն այսօր առկա է: «Մենք բազմիցս զգուշացրել ենք` այն վիճակում, որ ձեր մեքենաներն են գտնվում, այդպես շարունակվել չի կարող, այդ հարցերը պետք է լուծեք: Իրենք էլ ասացին, որ հնարավորություն չունեն, ֆինանսական շատ վատ վիճակում են, մենք էլ մրցույթին հանեցինք 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր Երևան քաղաքը», - ասել  է Հայկ Մարությանը և հայտնել, որ  մոտ 13 միլիոն դրամով տուգանել են ընկերությանը: 
 
Երևանի քաղաքապետը հանգամանալից ներկայացրել է աղբահանության ոլորտում ներկայումս առկա խնդիրները և նշել. «Խնդիրներն այսօր շատ լուրջ են և մենք պետք է ուղղակի այս խնդիրներին լուծում տանք»: 
 
«Համոզված եմ, որ բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկեք, որպեսզի խնդիրը չսրվի: Փորձ անենք առնվազն միջանկյալ լուծումներ տալ, այդ թվում նաև այլ ընկերություններ, եթե հիմա հետևում են քննարկումներին,  կարող են այս իրավիճակում աջակցել քաղաքապետարանին: Կարծում եմ՝ վատ չի լինի, որ նաև այդ աջակցության առաջակությունը լինի: Իսկ գլոբալ առումով, այո, մենք պետք է տանք արմատական լուծումներ»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
 
Օրենսդրական նախաձեռնություններ
 
Գործադիրը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման 2018 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի նպատակն է տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2018 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին: Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ-ում  իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը և արդյունքները դարձնել առավել հրապարակային: 
 
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով  առաջարկվում է սահմանել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օտարումը ՀՀ տարածքում ավելացված արժեքի հարկից ազատելու մասին դրույթ: Կառավարությունն առաջարկում է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը սահմանել միայն ՀՀ-ում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարման գործարքների մասով, եթե դրանք օտարվում են անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց: Կառավարությունը գտնում է, որ գյուղատնտեսության, այդ թվում՝ անասնաբուծության ոլորտի զարգացման խթանման համար համապատասխան կարգավորումներ, մասնավորապես, հարկերից ազատման արտոնության տեսքով սահմանված են գործող հարկային օրենսդրությամբ, հետևաբար՝ ներկայացված հիմնավորմամբ տոհմային անասնաբուծության զարգացումը խթանելու նպատակով ԱԱՀ-ից ազատման արտոնությունների շրջանակն ընդլայնելու հետ կապված ներկայացնում է իր առաջարկությունը: 
 
Օրինագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն,  որի ժամանակ ներկայացվել են մի շարք դիտարկումներ և տեսակետներ: 
 
Անդրադառնալով հարկերի առավելագույնս հավաքման խնդրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մի փաստարկ կարող է հնչել, շատ կարևոր: Մեր երկրում հիմա համատարած գազալցակայանները հաշվիչ դրամարկղային կտրոն չեն տալիս, բենզալցակայանները չեն տալիս և այդպես շարունակ: Հիմա եթե այստեղ մենք սրանով պետք է հարց լուծենք, որ մի գյուղացի մի քիչ ավելի հարմար գնով գնի տոհմային կենդանի, ինչո՞ւ չենք գնում այդ քայլին»:
 
Այնուհետև վարչապետը, դիմելով շահագրգիռ  գերատեսչությունների ղեկավարներին, նշել է . «Եթե չկա տուգանման սահմանափակում, գնացեք, մի գազալցակայանին 1000 անգամ օրը տուգանեք, ի՞նչն է խնդիրը, նույնն էլ բենզալցակայանին՝ ինչո՞ւ չեք տուգանում: Արդյունքում քրեական գործ հարուցեք, տարեք, նստեցրեք այդ մարդկանց»:
 
Գործադիրն առաջարկություններ է ներկայացրել նաև ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով առաջարկվում է սահմանել պարտադիր պահանջ առ այն, որ հասարակական կամ պետական կարիքների համար ԳԱԱ ամրակցված գույքի օտարումը կարող է կատարվել միայն բացառիկ հանգամանքների առկայության դեպքում և բացառապես օրենքով: Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ ներկայացնելով  գործող իրավական կարգավորումներն ու մոտեցումները: Մասնավորապես՝ նախագծից պարզ չէ, թե որ դեպքերն են դիտարկվում բացառիկ, որոնց առկայության պարագայում միայն օրենքով կարող է օտարվել ակադեմիային օգտագործման համար ամրացված գույքը և ինչով է պայմանավորված ակադեմիայի առանձնահատկությունը գույքի օտարման կարգավորումների հարցում: Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ ներկայացված չեն այն առանձնահատկությունները, որոնք հաշվի առնելով անհրաժեշտություն է առաջանում ԳԱԱ-ի համար բացառություններ նախատեսել գույքի օտարման կարգում: Նշված տեղեկատվության բացակայությունը հնարավարություն չի տալիս լիարժեք ձևով գնահատելու ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը և հիմնավորվածությունը:
 
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծին, մասնավորապես նշել է, որ անհասկանալի է օրինագծի տրամաբանությունը: «Երբ նախագիծը կարդում եմ,  տպավորություն է, թե ասենք ինչ-որ մեկը, կառավարությունը որոշել է ակադեմիայի շենքը մի հատ օլիգարխի վաճառել, ընդ որում՝ թաքուն, որ  ոչ մեկը դրա մասին չիմանա, և հիմա ընդդիմությունն արագի մեջ խնդիրեր է լուծում, որ այդ շենքը պաշտպանի օտարումից: Հարգելիներս, այդ ժամանակներն անցել են, և ես անընդհատ ուզում եմ մեր քաղաքական ուժերին կոչ անել, որ այդ «փախեփախի» տրամաբանությունից դուրս գան, որ բոլորը հավաքված են ինչ-որ տեղից ինչ-ոչ բան գողանալու, տանելու, ծախելու մսխելու տրամաբանության մեջ»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ նման օրենքի նախագծի անհրաժեշտություն կար առնվազն երկու տարի առաջ: 
 
Հավանություն է տրվել Սերգեյ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկություններին: Հիմնավորման համաձայն՝ օրինագծի ընդունման արդյունքում օրենքով կսահմանվեն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձանց սոցիալական երաշխիքների իրացումը: Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ կատարողական թերթի կատարման ընթացքում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորական ծառայող պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել տասը տոկոսից ոչ ավելի՝ մինչեւ բռնագանձվող գումարի լրիվ մարումը: Կառավարության առաջարկությունների համաձայն՝ նախագծից պարզ չէ, թե ովքեր են լինելու օրենքի շահառուները, այլ կերպ ասած՝ ովքեր են համարվում մարտական հերթապահություն իրականացնող զինվորական ծառայողներ, ինչ հիմնավորող փաստաթղթերի հիման վրա է հարկադիր կատարողը որոշելու պարտապան զինծառայողը մարտական հերթապահություն իրականացնող անձ է, թէ ոչ: Ավելին, հարց է ծագում, թե արդյոք մարտական հերթապահությունը տվյալ զինծառայողի համար մշտական կանոնակարգված աշխատանք է, թե վերջինս կարող է ամսվա մեջ մի քանի օր կամ շաբաթ իրականացնել մարտական հերթապահություն, իսկ մնացած ժամանակ որպես զինծառայող իրականացնել իր այլ պարտականությունները: Նշված դեպքերում, հարց է ծագում, թե ինչ չափով է բռնագանձում տարածվելու զինծառայողի աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ վճարների վրա: Բացի այդ, կարծում ենք`նախագծով առաջարկվող կարգավորումը արդարացի հավասարակշռում չի ապահովում զինծառայող պարտապանի և պահանջատիրոջ շահերի միջև: Ուստի, կառավարությունն առաջարկում է օրինագծի համապատասխան մասը լրացնելով նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ. «Հակառակորդի հետ շփման գծում հերթափոխով մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է կատարողական թերթի կատարման ընթացքում պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարի լրիվ մարումը` մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ անգամ տրվող տեղեկանքի հիման վրա»: Բացի այդ, ըստ կառավարության, նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթ, համաձայն որի՝ օրենքի դրույթները տարածվելու են սույն օրենքի ընդունումից հետո հարուցված կատարողական վարույթների վրա: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն