Հանդիպում Ալլա Սերոբյանի հետ, տիկնիկային ներկայացում և էլեկտրոնային ծանոթացում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում
19-04-2019 18:35:59 | Հայաստան | Հասարակություն
Ապրիլի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում մանկագիր, ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանի հետ:
Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի սաները հանդիպեցին Ալլա Սերոբյանին՝ խոսելու նրա «Վասիլ» և «Օճառիկի պայմանները» գրքերի մասին: Հանդիպմանը ներկա էր նաև Մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը:
Ալլա Սերոբյանի խոսքով, «Վասիլ» պատմվածքը մի պատմություն է, որն իր մեջ ներառում է մարդկային այնպիսի արժեքներ, ինչպիսիք են բարությունը, ընկերասիրությունն ու նվիրվածությունը:
«Համոզված եմ, որ յուրաքանչյուրդ ձեր մեջ կրում եք այդ կարևոր արժեքները: Համոզված եմ, որ այդ արժեքներն արտահայտված են նաև կենդանիների նկատմամբ ձեր վերաբերմունքով», - ասաց նա:
Երեխաները նաև խնդրեցին Ալլա Սերոբյանին հետագայում այլ ստեղծագործություններ հեղինակել, որոնք նվիրված կլինեն Երևանին, կենդանիներին, ճամփորդություններին ու բանակին:
Ապրիլի 19-ին գրադարանի օտարալեզու բաժնում Ազգային գրադարանային շաբաթի և Ֆրանկոֆոնիայի շրջանակներում տեղի ունեցավ «Ֆրանսիական մանկական պոեզիայի էջերից» խորագիրը կրող ցերեկույթ: Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի սաները ֆրանսերեն արտասանեցին մանկական բանաստեղծություններ:
Նույն օրը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում գրադարանի հեքիաթի սրահում ներկայացվեց «Բարեկենդանը» հեքիաթի տիկնիկային ներկայացումը: Իսկ գրադարանի ընթերցասրահում իրականացվեց էլեկտրոնային ծանոթացում, որի ընթացքում պարզ դարձավ, թե ինչպես են գրքերն ու մամուլը թվայնացվում և հնարավոր դարձնում համակարգչով գրքեր ընթերցելը: