Նոր Հայաստանի առաջին սկանդալը. սահմանն անցած է


Նոր Հայաստանի առաջին սկանդալը. սահմանն անցած է

  • 19-04-2019 18:44:07   | Հայաստան  |  Վերլուծություն

Ազգային Անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին: Նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: ԱԱԾ-ն վարչապետին ներկայացրել է Սանսարյանի պաշտոնավարումը ժամանակավորապես կասեցնելու առաջարկ:
 
Այս գործը նոր Հայաստանի առաջին աղմկոտ պատմությունն է, այն էլ քաղաքական բարձր մակարդակով: Այդպիսի մակարդակում մեղադրանք ներկայացնելու համար ԱԱԾ-ն պետք է ունենար թերեւս բավական ծանրակշիռ պատճառներ: Խոսակցություն կա, նաեւ մամուլի հրապարակումների տեսքով, որ շաբաթներ առաջ հարուցված քրգործը ՊՎԾ աշխատակիցներից մինչեւ Դավիթ Սանասարյան հասցնելը պայմանավորված է ներքին ինտրիգով, սակայն այդ վարկածին թերեւս արժե կասկածել: Վերջին հաշվով, ԱԱԾ-ն իր մեղադրանքով գործնականում անցել է բավական նուրբ մի սահման, եւ հազիվ թե կառույցի ղեկավար Արթուր Վանեցյանը չպատկերացներ այդ սահմանն ու այն, որ դա կարող է նշանակել հետդարձի կետից անցում:
 
Ինչ խոսք, մեղադրանքը դեռեւս դատավճիռ չէ եւ կարող է չապացուցվել, անգամ դատարան չհասնել, սակայն այն ներկայացված է, ներկայացված է մի կառույցի ղեկավարի, որն անմիջապես ենթակա է վարչապետին, եւ մեղադրանքը ներկայացրել է մեկ այլ կառույցի ղեկավար, որը եւս անմիջապես ենթակա է վարչապետին:
 
Բնականաբար այստեղ հարց է առաջանում, թե արդյոք մեղադրանքը ներկայացնելուց առաջ ԱԱԾ պետն այդ մասին քննարկում է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ:
 
Իր հերթին, Դավիթ Սանասարյանը մեղադրանք ներկայացնելուց ժամեր առաջ լրագրողների հետ զրույցում ակնարկել էր, թե իրեն փորձում են հանել վարչապետի դեմ: Ինչ է դա նշանակում, Սանասարյանը չէր մանրամասնել: Նա մեղադրանքից հետո գրառում է արել, որ իր դեմ գործը շինծու է: Սանասարյանը դեռեւս շաբաթներ առաջ իր աշխատակիցներից երկուսի ձերբակալման առիթով հայտարարել էր, թե սպասարկվում են այլ շահեր: Ու՞մ շահերն է սպասարկում ԱԱԾ-ն, կտա՞ Դավիթ Սանասարյանը անուններ:
 
Միեւնույն ժամանակ, հանրության համար իրավճակն իսկապես անսովոր է, երբ երկրի առաջին դեմքին առընթեր երկու կառույցներ միմյանց, մեկը՝ քրեական եւ մյուսը քաղաքական մեղադրանք են ներկայացնում հրապարակավ: Անսովոր է ընդհանրապես այն, որ կարող է լինել այդ մակարդակի պաշտոնյայի դեմ կոռուպցիայի համար քրեական մեղադրանք:
 
Եվ այդ իմաստով, մի կողմից ստացվում է, որ հեղափոխական իշխանությունը մեկ տարի անց տալիս է այդպիսի մեծ սկանդալի տեղիք, մյուս կողմից, սակայն, իշխանությունը կարող է վկայել, որ կոռուպցիայի դեմ անզիջում եւ առանց խտրականության պայքարի մասին հայտարարությունները միանգամայն հավաստի են:
 
Սակայն այս առումով էլ կա մեկ այլ նրբություն: Եթե Դավիթ Սանասարյանն արդարացվեց, անկասկած ծնունդ են առնելու այլ խոսակցություններ, որ դա ոչ թե նրա անմեղության, այլ ուղղակի ներքին ինտրիգը հարթելու եւ հարցը փակելու արդյունքն էր:
 
Ինչ որ բան գրելու են որեւէ դեպքում: Բազմաթիվ են աղմուկի շահառուները, որոնք թույլ չեն տալու իշխանությանը մարսել աղմուկը: Մյուս կողմից, դրան նայելու պարագայում, իշխանությունը Հայաստանում չի կարող աշխատել իրավիճակի խորքային փոփոխության ուղղությամբ: Հետեւաբար գլխավոր խնդիրն այս պարագայում պետք է լինի աղմուկը բացառապես օրենքով կառավարելն ու կարգավորելը: Հայաստանի հանրությունն իր ամբողջության մեջ միեւնույն է առայժմ անկարող է լիակատար համարժեքությամբ ընկալել իրավական գործընթացները եւ իրավունքի ու արդարադատության խնդիրն ընդհանրապես:
 
Առավել եւս, որ թե նախկին իշխանության, թե անգամ արդիական թվացող հանրության մի շարք խմբեր, տարբեր շարժառիթով ու պատկերացումների բերումով, այդուհանդերձ հանրությանը մշտապես խանգարելու են Հայաստանում խորքային, արժեհամակարգային առումով իրավունքի եւ արդարադատության պահանջարկ ձեւավորելուն, իրավունքի եւ արդարադատության սոցիալական խորը հիմք գցելուն:
 
Ըստ այդմ, պատասխանատվությունը բացարձակապես իշխանության վրա է, որպեսզի որեւէ ելք բխի գերազանցապես օրենքից ու Սահմանադրությունից: Հայաստանում սահմանադրական մշակույթ ըստ երեւույթին պետք է ձեւավորվի ոչ միայն անցյալի, այլ նաեւ ներկայի աղմուկներով:
 
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն