Ավարտվել է Ազգային գրադարանային շաբաթը


Ավարտվել է Ազգային գրադարանային շաբաթը

  • 22-04-2019 17:05:11   | Հայաստան  |  Մշակույթ

 
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց Ազգային գրադարանային շաբաթը: Ամենամյա մասնագիտական միջոցառումներն այս տարի նվիրված էին բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և երգահան Կոմիտասի 150 ամյակներին: 
 
Կազմակերպվեցին ցուցահանդեսներ, վիկտորինաներ, հեքիաթապատումներ, տիկնիկային ներկայացումներ ու երաժշտական ունկնդրումներ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Թումանյանին ու հայկական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին: ԱԳՇ-ի շեշտադրումներից էին հայ երիտասարդ գրողների մասնակցությամբ հանդիպում-քննարկումները:
 
Շաբաթի ընթացքում գրադարան այցելած դպրոցականներն ու ընթերցողները հնարավորություն ունեցան ավելի մոտիկից ծանոթանալու մեծ ազգակիցների ստեղծագործություններին, իսկ ժամանակակից հեղինակների հետ քննարկեցին նրանց գործերը՝ ստանալով մշակութային ճիշտ արժեքները գնահատելու և նրանց հետևելու հմտություններ: 
 
«Շաբաթ»-ը նշանավորվեց նաև մասնագիտական փոխայցելություններով. Ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան, եղան մայրաքաղաքի Աջափնյակի գրադարանների կենտրոնացված համակարգի, Ավետիք Իսահակյանի անվան և Նոր Նորքի կենտրոնական, Շենգավիթի թիվ 32 գրադարաններում, ինչպես նաև այցելեցին Յոլյանի արյունաբանական կենտրոնում բուժվող փոքրիկներին: 
 
Գրադարան այցելեցին հարյուրավոր աշակերտներ Երևանի 19 դպրոցներից, ինչպես նաև բազմաթիվ ծնողներ, ուսանողներ և մանկավարժներ: Մասնագիտական փոխայցելության շրջանակում գրադարանը հյուրընկալեց տարբեր գրադարանների.տասնյակ մասնագետների: 
   
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ