«Ցածր նշաձող սահմանելու իրավունք չունենք». շինարարություն կազմակերպելու նոր չափորոշիչներ կսահմանվեն


«Ցածր նշաձող սահմանելու իրավունք չունենք». շինարարություն կազմակերպելու նոր չափորոշիչներ կսահմանվեն

  • 22-04-2019 18:57:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ, գիշերային ժամերին լուսավորել, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետին է ներկայացրել կահավորման իր տարբերակը: Սա, ի դեպ, պայմանագրային պարտավորություն է:
 
«Ինձ դուր է գալիս, որ մենք գնում ենք այն ճանապարհով, որ մեր քաղաքը սիրուն կահավորած և, ամենակարևորը, անվտանգ լինի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ շինարարությունների առումով Երևանը դարձնենք եվրոպական մակարդակի անվտանգ ու կահավորված քաղաք: Մենք դրանից ցածր նշաձող սահմանելու իրավունք չունենք, որովհետև արժանի ենք և պետք է ապրենք այդպիսի քաղաքում»,- նշել է քաղաքապետը: 
Մայրաքաղաքում աղբահանության կազմակերպման ներկա վիճակը հնարավորինս շտկելու նպատակով տեղերում ինքնաթափ մեքենաներ են վարձվել, որոնք հնարավորին չափով մաքրում են այն աղբը, որը չի հասցնում մաքրել «Սանիթեք»-ը: Զեկուցվել է, որ Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում աղբահանությունն ապահովելու նպատակով Վաղարշապատի քաղաքապետարանից սանմաքրման 5 մեքենա է ուղարկվել Երևան, ևս 3-էլ տրամադարել է «Դավարս» ընկերությունը: 
 
Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցել են, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով ընթացքում է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը: Արդեն իսկ կայացել է Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարության մրցույթը. ներկայումս հայտերը գնահատման փուլում են: Քաղաքային լուսավորության ծրագրով երկու փողոցներում առաջիկայում նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և Նուբարաշենում նոր աղբավայրի կառուցման մրցույթը հայտարարված է: Երևանի էներգաարդյունավետության ծրագրով ևս աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն. համայնքային շուրջ 48 մանկապարտեզ ամբողջովին կնորոգվի, իսկ մոտ 100 նախակրթարաններում կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ:
Պատրաստ է նաև ապրիլի 27-ին նշվող քաղաքացու օրվա միջոցառումների ծրագիրը: Քաղաքապետին զեկուցվել է, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կլինեն համերգային ծրագրեր, իսկ Սարյանի անվան պուրակում կկազմակերպվի նաև ծառատունկ:  
 
Զեկուցվել է նաև, որ, ապրիլի 24-ին ընդառաջ, միջոցներ են ձեռնարկվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի բարեկարգման, մաքրման, ինչպես նաև կանաչ գոտիները խնամելու համար:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play