Սերժ Սարգսյանը խոսեց. այլեւս հույս չունենաք


Սերժ Սարգսյանը խոսեց. այլեւս հույս չունենաք

  • 23-04-2019 12:21:57   | Հայաստան  |  Վերլուծություն

Ապրիլի 22-ին, իր հրաժարականի տարեդարձի նախաշեմին Սերժ Սարգսյանը խախտեց լռությունն ու խոսեց: Ու թեեւ նա նորանդամ ՀՀԿ-ականների հետ հանդիպմանը մեկ երկու լրատվամիջոցի ներկայությամբ դարձյալ հայտարարեց, որ կխոսի, երբ ժամանակը գա, եւ նույնիսկ հարցերը կարող են «քչություն» անել, այդուհանդերձ 2019-ի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը ասաց գուցե ավելին, քան սպասվում էր:
 
Սարգսյանին հայտնեցին, որ երիտասարդ ՀՀԿ-ականները հարցնում են, թե երբ պետք է ակտիվանան: Հարցին Սերժ Սարգսյանի պատասխանը արտացոլում էր թե նրա նախագահության, թե հետնախագահական շրջանի թերեւս ամբողջ տրամաբանությունը, որ ձեւավորվել էր նախ իշխանության համակարգում, իսկ այն թողնելուց հետո՝ այսպես ասած «ընդդիմադիր» կարգավիճակում:
 
Որեւէ ղեկավար, կամ որեւէ ընտրված մարդ չի կարող ուրիշներին, հակառակ իրենց ցանկության մղել աշխույժ գործողությունների: Յուրաքանչյուր կուսակցական իր ակտիվությամբ պետք է ստեղծի ընդհանուր ակտիվ շարժումը: Մենք երբեք ձեր ակտիվությանը չենք խոչընդոտելու», հայտարարել է Սերժ Սարգսյանը:
 
Դրանք «էպիկական» խոսքեր են, որոնք Սարգսյանը հղում է ամենեւին ոչ նորաթուխ ՀՀԿ-ականներին, այլ նրանց, ովքեր ակնկալում են, թե Սարգսյանը պետք է վերադառնա, ակտիվանա եւ լուծի իրենց հարցերը, վերականգնի որեւէ դիրքեր: «Ինչու՞ եք ինձ սպասում», կամ՝ «իզուր եք ինձ սպասում», իր նախկին իշխանական շրջանակին ասում է թերեւս Սերժ Սարգսյանը՝ հրաժարականից մեկ տարի անց, «եթե կարող եք, գնացեք եւ ակտիվացեք», փաստացի ակնարկում է Սարգսյանը, հստակ ցույց տալով, թե որեւէ մեկն այլեւս թող չունենա ամբողջ պատասխանատվությունն իր վրա բարդելու եւ սեփական ուսերին միայն «անհատի պաշտամունքի» պատասխանատվությունը թողնելու հույս:
 
Սերժ Սարգսյանը համառոտ ձեւակերպմամբ բոլորի առաջ դրեց իր նախագահության ամբողջ տասնամյակը, որտեղ նա գործնականում մենակ էր եւ այդպես էլ չգտնվեց կուսակցական որեւէ թիմ կամ խումբ, որն իր վրա կստանձներ որեւէ քաղաքական իրավիճակի, որեւէ նախաձեռնության պատասխանատվություն: «Հույս չունենաք, թե դա կարող է կրկնվել, այն էլ իշխանությունը թողնելուց հետո», իր շրջապատին ակնարկում է Սերժ Սարգսյանը:
 
Շրջապատին, որն արդեն տեւական ժամանակ աշխուժորեն եւ ոգեւորված գեներացնում է Սարգսյանի խոսքի մի մեծ սպասում, հույսով, որ եթե նա ազդարարել է խոսելու հեռանկարը, ուրեմն մի բան գիտե, ուրեմն մի բան ծրագրել է: Սարգսյանը փաստորեն հիասթափեցրեց եւ սառը ջուր լցրեց այդ ոգեւորության ու սպասման վրա:
 
Ավելին, նրա կարճ, բայց բավականին խոսուն հայտարարությունը պարունակում էր նաեւ որոշակի կշտամբանք «թիմին», «սպասողներին»: «Իսկ ընդհանրապես, կուսակցությունից դուրս էլ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ակտիվություն են ցուցաբերում, բայց ինչպես հայտնի է, յուրաքանչյուրն իր ձեւով է ակտիվանում: Ես կցանկանայի, որ դուք ունենաք հստակ քաղաքացիական կեցվածք», հայտարարել է Սարգսյանը, որը մեկ տարի առաջ հեռացավ «Նիկոլը ճիշտ էր՝ ես սխալվեցի» փաստացի ուղենշային հայտարարությամբ, սակայն չգտնվեց նախկին իշխանության նրա քաղաքական այսպես ասած թիմի որեւէ խումբ, որը կստանձներ նույնիսկ այդ ուղենշին հստակորեն արձագանքելու եւ դրա տրամաբանությամբ հետագա դիրքորոշումները կառուցելու պատասխանատվություն ու համարձակություն:
 
Այժմ, քաղաքացիական կեցվածքի մասին հայտարարությամբ, Սարգսյանը գործնականում կրկնում է իր հրաժարականի տեքստն ու մասնավորապես դրա ուղենշային, այսպես ասած բանալի արտահայտությունը, «կուսակցությունից դուրս  ակտիվացողների» մասին հայտարարությամբ ակնարկելով, որ կուսակցության ներսում կան «դրսից ակտիվացվողներ»: Իսկ ո՞վ է յուրովի ակտիվ դրսում: Սա իհարկե եւս հատկանշական պահ է, թերեւս հարաբերականության տեսության մասին կանգնած եւ պառկած լինելու մասին հայտնի անեկդոտի համատեքստով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն