Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը


Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը

  • 23-04-2019 18:27:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 23-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:
 
Պատգամավորներն ավարտել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի  տարեկան գործունեության մասին հաղորդման քննարկումը՝ լսելով հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի եզրափակիչ ելույթը: Անդրադառնալով պատգամավորների հնչեցրած հարցերին եւ մտահոգություններին` նա նշել է, որ հանձնաժողովն առաջիկա տարիների ծրագիրը կկազմի՝  հաշվի առնելով դրանք:
 
Հաղորդումն ընդունվել է ի գիտություն:
 
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է  «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվում է հին նմուշի անձնագրերի տրամադրման համար վերջնաժամկետ սահմանել 2021 թվականը՝ 2019-ի փոխարեն:
 
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է այս, ինչպես նաեւ նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:
 
Սպառելով օրակարգը՝ ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն