<․․․Ես Անկարայի նահանգի, Յոզղաթի սանջակի Բողազլյան գյուղից եմ։ Մեր գյուղի տղամարդկանց հավաքեցին, գիշերով տարան ու կացիններով սպանեցին,- ասաց Սուրենը ՝ ի պատասխան Մարտո պապի տված հարցին։
— Կնկտիք սաղ մնացի՞ն ու թե․․․Դու ինտոր սաղ մնացիր․․․
—Աղջիկներին ու ջահել և սիրուն կանանց լցրին մի մարագի մեջ, ապա վաճառեցին թուրքերին ու չերքեզներին։ Ամենասիրունները տարվեցին կառավարող զոռբաների հարեմները։ Դատարկված մարագները լցրին տգեղ, պառավ ու հղի կանանցով, ինչպես նաև ծծկեր ու անչափահաս երեխաներով, ապա կրակը տալով բոլորին ողջ- ողջ այրեցին․․․
—Էդմ՜ո՜ն․․․մենք հուզա փախանք 90թ․ ջարդերից, դուք էլ հիմա,— վշտացած ասած պապը, հետո դարձավ ինձ։
— Վարժապետ, Գուրշունլվա գեղըցոնցմե խաբրիկ մը չունի՞ս։ Էդմոն իմացա, որ հունա վայպետություն ըրեր ես․․․
—Պապի, սկսեցի ես— լավ խաբրիկ չունիմ։ Ամենքին հանեցին տներեն, աքսորի ճամփին տղամարդկանց կանանցմե զատեցին ու գիշերով տարին — կորսնցուցին։
1915 թ․ օգոստոս ամսու վերջերուն ինձ ալ Ամասիա քշեցին Սամսոնեն։ Ինձ ալ շատերի հետ փոր հացով մը կաշխատցունեին կոր, ինչպես գերի։
Տագնապով իմացա, որ թուրք հարուստները , առանց արգելքի կմտնան կանանց մեջ, աղջիկ կհավնին ու զոռով կտանին, եթե իրենց կամքով չերթան․․․