Թուրքիան զայրացած է, Թրամփը ճանաչեց ցեղասպանությունն ու Արցախը


Թուրքիան զայրացած է, Թրամփը ճանաչեց ցեղասպանությունն ու Արցախը

  • 25-04-2019 12:38:36   | Հայաստան  |  Վերլուծություն

Թուրքիայի արտգործնախարարությունը, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը քննադատել եւ անընդունելի է համարել ապրիլի 24-ին հայերի ցեղասպանության տարելիցի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամյա ուղերձը, որ Սպիտակ Տունը հրապարակել է նախօրեին:
 
ԱՄՆ նախագահն իր ուղերձում հերթական անգամ խուսափել է ցեղասպանություն բառն արտասանելուց, սակայն խնդիրը գործնականում այդ բառի շուրջ մեխանիկական ակնկալիքի կամ ընկալման մեջ չէ: 2019-ի ուղերձում Սպիտակ տան առաջնորդը կիրառել է որոշակի ակնարկային հղումներ, որոնք տողատակում խոսում են ուշագրավ ազդակների մասին:
 
Մասնավորապես, ուղերձում հղում է արվում ծագումով հրեա, ծնունդով Լեհաստանից՝ իրավապաշտպան Ռաֆայել Լեմկինին, որը «գենոցիդ» եզրույթի հեղինակն է եւ մեծ ներդրում է ունեցել ցեղասպանությունների կանխարգելման եւ պատժի միջազգային կոնվենցիայի մշակման եւ ընդունման գործում: Ըստ այդմ, «ցեղասպանություն» իրավական հասկացության հեղինակ Լեմկինի գործունեությանն արված հստակ անվանական հղումը գործնականում այլ բան չէ, քան թափանցիկ ակնարկ ցեղասպանության փաստի ճանաչման եւ իրավական ուժի մասին:
 
Միաժամանակ, դրան զուգահեռ, ԱՄՆ նախագահի ուղերձում խոսվում է այն մասին, որ «խոստանում են դասեր քաղել անցյալի ողբերգությունների սխալներից, դրանց կրկնություն թույլ չտալու համար»: Ի՞նչ սխալի մասին է խոսում ԱՄՆ նախագահը եւ ու՞մ է նա «խոստանում դասեր քաղել»: Հատատ ոչ Թուրքիային, որովհետեւ Թուրքիան շահել է անցյալի այդ սխալներից: Եվ շահել է ոչ միայն Թուրքիան, այլ նաեւ մի շարք այլ տերություններ, մասնավորապես Ռուսաստանը, որի շահերից էր նաեւ բխում ցեղասպանությունից հինգ տարի անց ստորագրված Սեւրի «վիլսոնյան» դաշնագրի չեզոքացումը, ինչն էլ համատեղ ջանքով իրականացրին բոլշեւիկյան Ռուսաստանն ու Թուրքիան, մեկ տարի անց ստորագրելով ռուս-թուրքական մոսկովյան պայմանագիրն ու այդպիսով պայմանավորվելով չեզոքացնել ազդեցիկ հայկական պետականության հնարավորությունը: Ի դեպ, Թուրքիան ու Ռուսաստանը քաղաքական մակարդակում մինչ այժմ հայտնում են այդ դաշնագրին հավատարմությունը:
 
Արդյոք այդ սխալից դաս քաղելու մասին է խոսում ԱՄՆ նախագահ Թրամփը՝ որ ԱՄՆ թույլ տվեց զգալիորեն իր ջանքով կազմավորված Սեւրի դաշնագրի չեզոքացում: Արդյոք ԱՄՆ նախագահը խոստանում է այլեւս թույլ չտալ այդպիսի սխալ, այսինքն թույլ չտալ ռուս-թուրքական ռեգիոնալ դաշինք, որը քաղաքական պայմանագրային մակարդակում պահպանվում է, սակայն դե ֆակտո այն զգալիորեն կազմալուծվել է Արցախի շարժումով եւ դրանում հայկական ռազմական հաղթանակով:
 
Այդ դեպքում արդյոք «իրողությունները ճանաչելու» Թրամփի «իսրայելյան-մերձավորարեւելյան» քաղաքականությունը կարող է ներկայում թեկուզ տողատակային կիրառում ունենալ Կովկասում, որովհետեւ անցյալի սխալներից հետեւություն անելու եւ ողբերգությունների կրկնություն թույլ չտալու գործնականում առանցքային տարբերակն առնվազն արցախյան գոտում իրողությունները ճանաչելն է: Որովհետեւ, ինչպես հստակ ցույց տվեց նաեւ ապրիլյան պատերազմը, հակառակը՝ իրողությունները որեւէ կողմում կասկածի տակ դնելը բերում է ողբերգությունների:
 
Ի դեպ այդ իմաստով խիստ խորհրդանշական է, որ ապրիլի 24-ին հայտնի դարձավ նաեւ ԱՄՆ հերթական նահանգում Արցախի անկախության ճանաչման մասին: Այդ քայլը կատարած ԱՄՆ հերթական՝ իններորդ նահանգը Կոլորադոն է:
 
Թուրքիայի արձագանքը Թրամփի ուղերձին, այդ համատեքստում, թերեւս հասկանալի է: ԱՄՆ նախագահը գործնականում ճանաչեց թե ցեղասպանությունը, թե Արցախը: Այլ հարց է, թե որքանով է ԱՄՆ նախագահի ուղերձի այդ փաստացի ճանաչումն արտահայտում ռազմավարական մոտեցումներ եւ ըստ այդմ տողատակում բավականին լուրջ երկխոսության առաջարկ Հայաստանին՝ ճանաչման ֆորմալացման առումով հետագա հստակեցման հեռանկարով, եւ որքանով է այն իրավիճակային, պայմանավորված լոկ ամերիկա-թուրքական հարաբերության ներկայիս լարվածությամբ եւ Թրամփի ներամերիկյան շահերով:
 
Մյուս կողմից, Երեւանն այդ իմաստով պետք է ուղերձը դիտարկի բնականաբար իր շահերի համատեքստում եւ քաղի դրանից այն, ինչ ինքն է ուզում, որովհետեւ մեծ հավանականությամբ ուղերձի շարժառիթային բազան ենթակա է նաեւ որոշակի տրանսֆորմացիայի, կախված այն հանգամանքից, թե որքանով գործնական կլինի Երեւանի թեկուզ տողատակային արձագանքը դրանում շոշափված ազդակերին:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play