Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սադրիչ ապատեղեկատվությունը և կոչ անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու մարտավարությունից


Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սադրիչ ապատեղեկատվությունը և կոչ անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու մարտավարությունից

  • 25-04-2019 18:48:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ապրիլի 24-ի ժամը 17:30-ի և 25-ի ժամը 15:20-ի սահմաններում հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում տեղակայված մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող 4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ երեխաներ։ 
 
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն կտրականապես հերքում է ադրբեջանական կողմի տարածած տվյալ տեղեկությունը, այլև այն որակելով սադրիչ, իր պատրաստակամությունն է հայտնում, անհրաժեշտության դեպքում, վերոնշյալ բնագծերում առկա իրավիճակը բնութագրող տեսագրությունները՝ ֆիքսված տեսադիտարկման համակարգերով, ըստ ժամանակագրության ներկայացնել հանրության առավել լայն շրջանակների ուշադրությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
Միաժամանակ, Արցախի զինված ուժերի հրամանատարությունը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմի տառին ու ոգուն, կոչ է արել ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և շարունակել պահպանել կառուցողական կեցվածք:
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական