Միջազգային հեղինակավոր մրցաշարերին հայ ականավոր մարզիկների մասնակցությունն ապահովելը ոչ թե անհատի, այլ պետության առաքելությունն է. վարչապետ Նիկոլ Փաշինյան


Միջազգային հեղինակավոր մրցաշարերին հայ ականավոր մարզիկների մասնակցությունն ապահովելը ոչ թե անհատի, այլ պետության առաքելությունն է. վարչապետ Նիկոլ Փաշինյան

  • 25-04-2019 19:03:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ երեկ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կատարվել է լյարդի փոխպատվաստում: Նախարարը նշել է, որ  վիրահատությունը կատարվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ ռուս գործընկերների հետ համատեղ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ այդ ուղղությունը զարգացնելու են և եկող տարվա բյուջեում այդ վիրահատությունների համար ծրագրում են գումարներ նախատեսել: 
 
Վարչապետը հետաքրքրվել է նաև սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընթացքից: Նախարարը տեղեկացրել է, որ երեկ չէ առաջին օրվա տվյալներով արդեն բուժօգնություն է ցուցաբերվել 85 անձի, որից 60-ը առողջացումով դուրս է գրվել: «Համարում ենք, որ ծրագիրը կարիք ունի ընդլայնվելու՝ այլ բժշկական կենտրոններ, նաև մարզային բժշկական կենտրոններ ընդգրկելու, ինչը մասնագետների օգնությամբ կփորձենք մյուս տարվանից կատարել: Այսինքն՝ դա համարում ենք շատ հաջողված ծրագիր»,- ասել է Արսեն Թորոսյանը:
 
Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ կառավարությունը որոշել է 2019 թ. շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով հատկացնել 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շախմատի համաշխարհային օլիմպիադիայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող և պատմության բոլոր ժամանակահատվածի չորրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Լևոն Արոնյանը պատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ծավալվող պայքարին: 
 
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե այսօրինակ դեպքերում պետական բյուջեից հատկացումներ եղե՞լ են, թե՞ սա առաջին դեպքն է: Նախարարը նշել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կոնկրետ մարզիկի համար գումար է հատկացվում պետբյուջեից:
 
Վարչապետն ընդգծել է նման որոշումների ընդունման կարևորությունը և նշել. «Սովորաբար, եկենք արձանագրենք, որ այս կարգի հարցերը, ավանդաբար լուծվել են հետևյալ կերպ՝ կամ զանգ է հնչել, կամ  միջնորդություն է եղել, կամ ունևոր անձանց միջնորդություն է եղել, որ եկեք ֆինանսավորեք: Ես կարծում եմ, որ  դա վատ մեխանիզմ է, որովհետև ինքն իր հետ բերում է այլ հարաբերություններ, այլ պարտավորություններ և պարտավորություններից  ազատումներ, արտոնություններ և այլն: Ես կարծում եմ՝ մեր դիրքորոշումն այս հարցում պետք է լինի հետևյալը. այն մարզական առաքելությունները, որոնք մենք կգնահատենք պետական նշանակություն ունեցող, պետությունը պետք է ֆինանսավորի: Այն մարդիկ, որոնք ավանադաբար ֆինանսավորել են այսպիսի գործողությունները, այդ մարդիկ թող վճարեն իրենց հարկերը, պետությունը, այդ թվում նաև իրենց անունից, կֆինանսավորի այս կարգի գործունեությունը: Ինչու եմ ես համարում, որ սա պետական առաքելություն է, նաև Լևոն Արոնյանին աջակցելը, որովհետև նախ նա աննախադեպ վաստակ ունի Հայաստանի Հանրապետության առաջ: Երկրորդը, մանավանդ այսօր՝ այս նոր  իրավիճակում, կարծում եմ՝ մեր հիմնական խնդիրն է, որպեսզի ՀՀ քաղաքացիները հավատան իրենք իրենց ուժերին և իրենց հնարավորություններին, Լևոն Արոնյանը, Հենրիկ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը և այս կարգի մեր մարզիկները  պետք է լինեն այն տիպարները, որոնց օրինակով մեր երիտասարդությունը պետք է դաստիարակվի և որոնց օրինակով մարդիկ պետք է հավատան իրենք իրենց ուժերին: Լևոն Արոնյանը, Հենրիկ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը հայաստանցի սովորական տղաներ են, որոնք իրենց աշխատանքի շնորհիվ հասել են համաշխարհային պատմական բարձունքների: Եվ մեր պետական քաղաքականությունը, ոչ թե  ինչ-որ մեկը պետք է լավություն անի Լևոն Արոնյանին, այստեղ-այնտեղ էլ գլուխ գովա, և իր համար PR  ակցիաներ դասավորի, այլ մենք  պետք է մարդկանց վաստակը մեր պետության, մեր դրոշի առաջ ընդունենք, ճանաչենք  և պետք է նրանց համար ստեղծենք բոլոր պայմանները ՝ արձանագրելով, որ դա ոչ թե անձամբ իրենց համար ենք անում, այլ անում ենք այն երիտասարդների համար, ովքեր պետք է նրանց օրինակով ոգեշնչվեն, հավատան իրենց ուժերին և իրենց մեջ առաջանա  մեծ մղում, եռանդ, էներգիա ոչ միայն կրկնել, այլև գերազանցել մեր ականավոր մարզիկներին»:
 
Կառավարության ղեկավարն այնուհետև անդրադարձել է Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգման հարցին և նշել. «Շատ արագ այդ նախագծային հաշվարկները իրականացնենք, նաև Արթուր Ալեքսանյանին, օլիմպիական չեմպիոնին և նրա թիմին ներգրավենք, արագ որոշումներ կայացնենք, գումարը հատկացնենք և արագ սկսենք շինարարությունը: Եվ արձանագրենք, որ այս ոլորտում մեր քաղաքականությունը լինելու է այդպիսին: Այն մարզիկները, որոնք   ոգեշնչման օրինակ են բոլորիս համար, պետք է հստակ տեսնեն, որ Հայաստանի Հանրապետությունը գնահատում է իրենց վաստակը պետության առաջ և արձագանքում է նաև հնարավորություններ ստեղծելով, որպեսզի այլ երիտասարդները նույնպես գնան նրանց ճանապարհով  և նույնիսկ հնարավորության դեպքում գերազանցեն նրանց»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play