25-04-2019 19:05:54 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Կառավարությունը բավարարել է «Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է հեռուստացույցների, լվացքի մեքենաների, սառնարանների և օդորակիչների արտադրության մեջ (Արմավիրի մարզ, գ. Մերձավան)։ Արդեն իսկ իրականացվել է 2.19 մլրդ ՀՀ դրամի ներդրում արտադրական տարածքի կառուցման և կահավորման, ինչպես նաև սարքավորումների ձեռքբերման և տեղակայման համար: Ընկերությունը կանխատեսում է, որ ծրագրի իրականացման ընթացքում ներդրումների չափը կհասնի 4.87 մլրդ ՀՀ դրամի: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 60-70 նոր աշխատատեղ՝ 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի (կենցաղային սարքավորումների) ընդհանուր քանակը կկազմի 90,000 հատ, իսկ ծրագրով նախատեսված արտադրանքի իրացման կանխատեսվող ծավալը կկազմի 11,310,000,000 ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 178,708,478 ՀՀ դրամ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ առաջիկա ամսվա ընթացքում արդեն առաջին խմբաքանակը կարտադրվի: