Կառավարությունը հաստատել է բուհերի 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության տեղերը


Կառավարությունը հաստատել է բուհերի 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

  • 25-04-2019 19:08:46   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Որոշմամբ հաստատվել է 2693 տեղ, որից 350-ը նախատեսված է ՀՀ ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններով զինծառայություն անցնելու պայմանագիր կնքած ուսանողներ համար: Մասնավորապես՝ 2019/2020 ուստարում նախատեսվում է ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար հատկացնել 350 տեղ՝ կրթության և գիտության նախարարության միջոցների հաշվին: Նախարարությունն առաջարկել է նաև 80-ով ավելացնել Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանին և 16-ով ավելացնել օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններին հատկացվող տեղերը: 
 
Կառավարության որոշումներով հաստատվել են նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2019/2020 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը: 
 
Մասնավորապես՝ նախատեսում է 2019/2020 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրի համար 1355 տեղ, որից 91-ը՝ բանակից զորացրված դիմորդների համար: Այդ  տեղերն` ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և մարմինների կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունը տրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, բնագիտական և տնտեսության համար առաջնային նշանակություն ունեցող մասնագիտություններին: Մրցութային կարգով 91 տեղ կհատկացվի ազգային բանակից զորացրված (ԲԶ) դիմորդներին: ՀՀ պաշտպանության նախարարությունը Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանին առաջարկել է հատկացնել 25 տեղ՝ նախորդ ուսումնական տարվա 20 տեղի փոխարեն:
 
Ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունն առկա ուսուցմամբ կազմակերպելու նպատակով 2019/2020 ուսումնական տարվա համար հաստատվել է 140 տեղ: Բուհերի ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել համապատասխան մասնագիտությունների գծով աշխատաշուկայում առկա պահանջարկը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում մագիստրոսի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների, ինչպես նաև մասնագիտությունների թիվը, որոնցով բարձրագույն ուսումնական հաստատություններն ու գիտահետազոտական ինստիտուտները իրականացնում են ասպիրանտական կրթական ծրագիր: Ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները համապատասխան մասնագետներով ապահովելը, մասնավորապես տեղեր են հատկացվել՝ բնագիտական ոլորտին՝ 34, տեխնիկական՝ 27 տեղ: 
 
Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ուսումնական տարվա ընդունելության տեղերի հատկացման համար որպես ուղենշային փաստաթուղթ պետք է ծառայի կառավարության ծրագիրը և ռազմավարությունը: «Մենք ասել ենք, որ երեք ոլորտի երեք առաջնահերթություն ունենք՝ բարձր տեխնոլոգիական ոլորտը, գյուղատնտեսությունը, տեխնոլոգիական գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը: Սա նաև այս կարգի փաստաթղթերում պետք է հստակ արտահայտված լինի: Հիմա մեզ համար ամենամեծ խնդիրը և պրոբլեմը, որը կարող է մեր կառավարության գործունեության համար խնդիր առաջացնել տարբեր ոլորտներում՝ իներցիան է, և մենք պետք է այս հարցում չափազանց ուշադիր լինենք, որպեսզի իներցիոն երևույթները չդառնան սովորական: 
 
Այս ոլորտում, մենք մի քանի անգամ ենք քննարկում ունեցել.  ունենք խնդիր, որովհետև երբեմն շատ հոդաբաշխ չենք կարողանում բացատրել, թե ինչու ենք այս ոլորտին այսքան տեղ հատկացնում և ինչ հաշվարկների վրա է դա հիմնված, բայց մյուս կողմից մենք գիտենք, որ իներցիան կանգնեցնելու և այլ բանի վերափոխելու համար մենք այդ իներցիայի հետ որոշակի ճանապարհ պետք է անցնենք: Ես կարծում եմ, որ հիմա այս քննարկման արդյունքերով մենք պետք է հստակ որոշենք մի բան, որ հաջորդ տարի այս նույն որոշումը պիտի կայացվի բոլորորվին ուրիշ վերլուծությունների վրա, բոլորովին ուրիշ բազիսային տվյալների վրա և բոլորովին ուրիշ թիրախներին պետք է նպատակադրվի»,-ասել է վարչապետը:
 
Կառավարության ղեկավարը նշել է, որ  այս համատեքստում անհրաժեշտ են ավելի երկարաժամկետ ծրագրեր: «Այն, ինչի մասին խոսում ենք, ի վերջո նաև հանուն համալսարանների է, որովհետև մեր համալսարաններն այլևս քաղաքական գործիք չպետք է լինեն կառավարության ձեռքին: Համալսարանում պետք է իրականացվի կրթական գործունեություն: Այդ կրթական գործունեությունը պետք է լինի ապաքաղաքական, և մենք հետևողական պետք է գնանք այդ ճանապարհով: 
 
Մենք պետք է նաև որոշակի երաշխիքներ ապահովենք, որ մեր բուհն ավարտած ուսանողը աշխատաշուկայում տեղ գտնելու, աշխատանք գտնելու  նրա հնարավորությունները, շանսերը պետք է բարձր լինեն: Եվ այսօր միջազգային ասպարեզում ներգրավված բուհերի համար սա ամենակարևոր չափանիշներից մեկն է, երբ  ինքն իր ուսանողին դիպլոմավորում է՝ քանի տոկոս է հնարավորությունը, որ այդ ուսանողը մասնագիտությամբ կգտնի աշխատանք: Հիմա մենք պետք է այս տրամաբանությամբ գնանք»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: 
 
Անդրադառնալով արվեստի բուհերին՝ վարչապետը հորդորել է  ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ Հայաստանում ապրելով, աշխատելով ու սովորելով՝ աշխարհահռչակ երաժիշտներ դառնալու հնարավորություն ունենան:
 
«Մշակույթի ոլորտում մեր ամբողջ քաղաքականությունը պետք է փոխենք, և պետք է այլ տրամաբանության վրա դնենք: Օրինակ` երաժշտության ասպարեզում մենք այսօր ունենք երիտասարդ այնպիսի անուններ, ինչպիսիք են Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը և այլն, և մենք պետք է մի պարզ հարցի պատասխանենք` ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանային, որպեսզի դառնային աշխարհահռչակ երաժիշտներ: Սա շատ պարզ, գործնական խնդիր է, որը մենք պետք է լուծենք: Պետք է ստեղծենք պայմաններ, որպեսզի Հայաստանում մարդիկ ապրելով, աշխատելով, սովորելով՝ աշխարհահռչակ երաժիշտներ դառնալու հնարավորություն ունենան»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ գուցե խնդիրը սկսվում է երաժշտական դպրոցներից ու այդ դպրոցների համակարգի գործարկման ձևից:
 
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ կրթությունը երկրի համար ռազմավարական ուղղություն է և անհրաժեշտ է մեծացնել ոլորտին հատկացվող պետական միջոցների ծավալները: «Բայց այստեղ, մենք  պետք է առաջնորդվենք, այսպես ասած՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով: Ընդհանրապես  խոսակցությունը չպետք է սկսել փողից՝ փող կա, թե չկա: Պետք է նախ ճշտել, թե մենք ինչ խնդիր ենք լուծում. տվյալ բուհում այդ խնդիրների լուծման համար ռազմավարություն գոյություն ունի՞, կա՞ արդյոք թիմ, որն ի վիճակի է ձևակերպել այդ խնդիրնեը և դրանք լուծել, կա՞ արդյոք ժամանակացույց, թե մենք ինչ ժամանակահատվածում ինչ խնդիրների լուծման ենք հասնելու: Մենք ասում ենք, որ կառավարության առաջնահերթություններն են՝ տեխնոլոգիա, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, աղքատության հաղթահարում, աշխատանքի խրախուսում: Դրանք՝ կրթության ոլորտում առանց խորքային, լրջագույն փոփոխությունների, ուղղակի կմնան կարգախոսներ: Հետևաբար, պետք է մեր քաղաքացիներին, մեր երիտասարդությանը, չափահասներին   իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները շարունակելու, զարգացնելու հնարավորություն ստեղծել: Սրանք մեր պարտավորություններն են, որոնք մենք պետք է կատարենք «Աշխատիր Հայաստան»-ի շրջանակում, կրթական բարեփոխումների շրջանակում: Ժամանակն է, որ մենք իներցիոն պրոցեսներն կանգնեցնենք, այս կետում պետք է կանգնեցնենք, և արդեն  մեր սեփական պատմությունը գրենք այս ասպարեզում»,-ասել է գործադիրի ղեկավարը:
 
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ անցած շաբաթ մեկնարկել է նախագիծ. շուրջ 370 հազար աշակերտներ կայցելեն համերգասրահներ և թատրոններ: «Սա էլեկտրոնային հարթակ է, ուսումնասիրել ենք միջազգային փորձը և ինչ-որ առումով աննախադեպ է՝  ամբողջ համակարգի ներգրավվածությամբ»,-ասել է նախարարը և կոչ արել ծնողներին, ուսուցիչներին՝ խրախուսել աշակերտներին գրանցվել և այցելել մշակութային հաստատություններ:
 
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել, որ այս տարի ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչներին բոլոր աշակերտներին հնարավորություն են տալիս, որ պետական բյուջեի հաշվին տարին մեկ անգամ այցելեն թանգարան, համերգասրահ և թատրոն: «Սա շատ կարևոր է մեր մշակութային քաղաքականության իմաստով, որովհետև ինչպես նախկինում ասվել է մի քանի անգամ՝ մենք մշակույթը և կրթությունը տեսնում ենք նույն տրամաբանության մեջ, և մշակույթին վերապահում ենք այդ թվում նաև կրթական դերակատարում, և մեր կարծիքով՝ կրթությունը նաև մշակութային երևույթ է: Նաև սրանով են պայմանավորված այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք մենք իրականացնում են կրթության և գիտության ու մշակույթի նախարարությունները միավորելով»,- ասել է վարչապետը: 
 
Օրենսդրական նախաձեռնություններ
 
Գործադիրը հավանություն է տվել  «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծով նախ նկարագրվել են տարածքային կառավարման սկզբունքները: Սահմանվել են  նաև տարածքային կառավարման բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, մարզպետների լիազորությունները ըստ հիմնական բնագավառների,  նկարագրվել են  մարզպետների նշանակման և ազատման կարգը, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ առաջադրված պահանջները: Օրինագծով նախատեսվում է նաև մարզպետին կից գործող խորհրդակցական մարմին՝ մարզային  խորհրդի ինստիտուտ, որի կազմավորվման և գործունեության կարգը կսահմանվի կառավարության որոշմամբ: 
 
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է բացառություն սահմանել «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» համար՝ ազատելով հիմնադրամին հրապարակային ծանուցման վճարից: Նախատեսվող լրացման անհրաժեշտությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ հիմնադրամը, բացի սոցիալական նշանակությունից ունի նաև բարոյական, համապետական և համազգային նշանակություն, վերջինիս գումարները գոյանում են աշխատող մարդկանց պարտադիր վճարներից և կամավոր նվիրատվություններից, իսկ հիմնադրամի աշխատանքները կա-տարվում են հասարակական, անվճար հիմունքներով:  Կառավարությունն առաջարկում  է նախագծով  քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: Մասնավորապես՝ նշվում է, որ ճիշտ չէ տարբերակված մոտեցում ցուցաբերել համանման սոցիալական առաքելություն իրականացնող հիմնադրամների նկատմամբ: Նման մոտեցումը կհակադրվի նաև «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում ամրագրված՝ հրապարակային ծանուցման վճարների հիմնական սկզբունքներին և ընդհանուր կարգավորումներին: Բացի այդ, նկատի ունենալով հիմնադրամի ֆինանսական միջոցների գոյացման աղբյուրները, ինչպես նաև նախորդող տարիների հրապարակային ծանուցման վճարների չափը, կառավարությունը գտնում է, որ հիմնադրամի հրապարակային ծանուցման տարեկան վճարը շոշափելի ազդեցություն չունի վերջինիս բյուջեի վրա:
 
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հիմնադրամի գործունեությանը, նշել է. «Կարծում եմ՝ դա սփոփիչ լուր է բավականին, որ հիմնադրամի շահառուների շրջանակն ընդլայնվեց մինչև 2008թ. հունվարի 1-ը ներառյալ տեղի ունեցած դեպքերը: Պաշտպանության նախարարության և նախարարի հետ մեր պայմանավորվածությունն այն է, որ մենք  այս գործընթացը կշարունակենք, իհարկե այնպես, որ ստանձնված բոլոր պարտավորությունները լիարժեք կանխատեսելի և հաշվարկելի իրականացվեն»: 
 
Կառավարության ղեկավարի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ գումարները ծախսվում են մարտական պայմաններում զոհված և 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած մեր զինվորների սոցիալական հարցերը հոգալու համար: «Պետք է արձանագրել, որ հիմնադրամն իրականում բավականին շոշափելի գումար է վճարում, որը սոցիալական խնդիր լուծում է: Այս առումով, իհարկե, կոչ եմ  անում՝ ովքեր ունեն պարտավորություններ, թող շուտափույթ կատարեն, ինչը մեզ հնարավորություն կտա շահառուների շրջանակն ավելի ընդլայնել: Սա շատ կարևոր արձանագրում է»:
 
Հավանության են արժանացել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունները: Օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որով սահմանվում են բացառություն կազմող կրեդիտավորման պայմանագրերի ներքին և վերին շեմերը՝ համապատասխանաբար 100.000 ՀՀ դրամ և 10.000.000 մլն ՀՀ դրամ: Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և, անհրաժեշտության դեպքում, նախագծի դրույթներին անդրադառնալ կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկումների շրջանակում: Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում ՀՀ Կենտրոնական բանկի մշակած  կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է նաև օրենքից հանել մինչև 100.000 ՀՀ դրամի վարկերի վրա օրենքի դրույթները չտարածելու մասը: Ինչ վերաբերվում է 10.000.000 մլն ՀՀ դրամը գերազանցող սպառողական վարկերի վրա օրենքի դրույթների տարածմանը, ապա ըստ կառավարության, նշված սահմանափակման իմաստը կայանում է նրանում, որ 10.000.000 մլն ՀՀ դրամից բարձր վարկերը, ըստ էության, սպառողական վարկեր չեն և հիմնականում ունեն առևտրային կամ սպառման հետ չկապված այլ նպատակ։ 
 
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած        «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով առաջարկվում է ԱԱՀ-ի շեմը վերականգնել մինչև 2019 թ. հունվարի 1-ը գործող` տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 միլիոն դրամի մակարդակում, նվազեցնել հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռը` այն ամրագրելով 2018 թվականի երկրորդ կիսամյակի համար սահմանված չափով: Առաջարկությունների ներկայացումը հիմնավորվում է ՓՄՁ ոլորտի հարկային միջավայրը հնարավորին չափ շուտ բարելավելու ու վարվող քաղաքականության կանխատեսելիությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտների կողմից 2019 թ. առաջին եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկների ներկայացման վերջնաժամկետի՝ ապրիլի 20-ի մոտենալու հանգամանքով: Կառավարությունը խնդիրներին ավելի համակարգային լուծում տալու նպատակով, առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և դրա դրույթներին անդրադառնալ գործադիրի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակում:
 
Այլ որոշումներ. գումար է հատկացվել օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով
 
Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից արտաքին գործերի նախարարությանը կհատկացվի 347 մլն 522 հազար դրամ՝ օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, ովքեր ԱԳՆ համակարգից չեն եղել։ Նրանց մի մասն իրենց առաջարկությամբ հրաժարվել է հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից, բնակարանների վարձավճարներից, բժշկական ապահովագրությունից և ներկայացուցչական այլ ծախսերից։ ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային հայտում վերոնշյալ ծախսերը ներառված չեն եղել և այդ նպատակով բյուջեից գումարներ չեն հատկացվել։ Ներկայումս, երբ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով 2018 թ. մայիսից ի վեր որդեգրած սկզբունքային քաղաքականության շրջանակում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակվում են կադրային դիվանագետներ ԱԳՆ համակարգից, առաջացել է վերոնշյալ ծախսերի հատվածը ՀՀ պետբյուջեից ապահովելու անհրաժեշտությունը: 
 
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին,  նշել է. «Պետք է խոստովանել, որ բավական տարօրինակ իրավիճակ է, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ: Այսինքն՝ դեսպանատներ, որտեղ նույնիսկ գույքը և ամեն ինչը պատկանում է մի կոնկրետ մարդու, բայց նրանք հանդես են գալիս պետության անունից և պետական ֆինանսավորում չկա: Սա, ըստ էության, շատ տարօրինակ իրավիճակ է, անկախ նրանից, թե ով է դեսպանը, և բազմաթիվ հարցեր է ծագում: Եվ կարծում եմ՝ բազմաթիվ հարցերի պատասխանները գտնելը նաև օրակարգային է այսօր Հայաստանի Հանրապետության համար»:
 
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը լրացուցիչ 30 հաստիքային միավոր տրամադրելու համար կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Վերջիններս կհամալրվեն ծառայության պահպանության ապահովման ստորաբաժանման կառուցվածում և ամբողջությամբ կընդգրկվեն քաղաքացիական առողջապահական բուժհաստատություններում իրականացվող ծառայությունում՝ բացառելով արգելված իրերի փոխանցման կամ փախուստի հնարավորությունները: 
 
Կառավարության որոշումներով հունիսի 9-ին ՀՀ Արմավիրի մարզի Ապագա և Վարդանաշեն համայնքներում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play