Շատ կարևոր է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ եղած խնդիրները չթաքցվեն


Շատ կարևոր է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ եղած խնդիրները չթաքցվեն

  • 01-05-2019 17:28:19   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի  զրուցակիցն է քաղաքագետ, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը
 
Պարոն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը, կառավարական առանձնատանը հյուրընկալելով Դմիտրի Մեդվեդևին, նշել է, որ ընդունված է ամենաթանկագին հյուրերին ընդունել տանը.«Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերություններում շատ կարևոր պահ է և ես վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, ոչ թե ի հեճուկս հոռետեսների, այլ ես կարծում եմ, որ պետք է հոռետեսներին դարձնել լավատեսներ»,-ասել է վարչապետը: Ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ կհաջողվի երկկողմ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ 
 
Ակնհայտ է, որ Հայաստանի նոր իշխանություններն այլևս չեն խուսափում Ռուսաստանի հետ քննարկել այն խնդիրները, որոնք գոյություն ունեն երկու երկրների միջև։ Շատ կարևոր է, որ այդ խնդիրները չթաքցվեն, այդ մասին խոսեն, դրանց լուծման համար ելքեր գտնեն: Եվ ամենակարևորն այն է, որ Հայաստանն իր ազգային շահերի հաշվին չսպասարկի Ռուսաստանի շահերը։ Այս առումով ՀՀ իշխանությունները տարբերվում են նախորդ իշխանություններից, որոնք հաճախ մեր շահերի հաշվին սպասարկել են Ռուսաստանի շահերը։
 
Ինչ վերաբերում է Մեդվեդևին իր տանն ընդունելուն, դա դիվանագիտական ժեստ էր, ինչի մասին խոսեց նաև վարչապետը, որը ցույց է տալիս, որ Հայաստանը չի պատրաստվում հակառուսական ուղղությամբ գնալ։ Ռուսաստանը շարունակելու է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը, և այդ առումով Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն տեղի չի ունենալու, ինչից Ռուսաստանում շատերն էին վախենում։
 
Դիվանագիտությունը հնարավորի արվեստ է, և հնարավորություններ միշտ էլ կան։ Այդ ամենը կախված է քաղաքական գործիչներից ու դիվանագետներից։ Եթե հարցերը ճիշտ են դնում, անկեղծ են միմյանց հետ, չեն փորձում մեկը մյուսի հաշվին սեփական շահերն առաջ մղել, ապա միշտ էլ հնարավորություններ կան, և կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները հենց այս ուղղությամբ կշարունակեն քայլեր ձեռնարկել։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նախորդ 20 տարիներին ավելի շատ եղել են վասալի և սյուզերենի հարաբերություններ։ Հիմա շատ կարևոր է, որ դրանք լինեն գործընկերային, որ Ռուսաստանն այլևս չոտնահարի մեր շահերը։
 
Փաշինյանը նաև հայտարարեց, որ ԵՏՄ-ում իր նախագահության շրջանակներում Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման համար: Ի՞նչ է տալիս Հայաստանին ԵՏՄ անդամակցությունը։
 
Թեև Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Հայաստանի և ԵՏՄ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները մեծացել են, ես կարծում եմ, որ երկարաժամկետ առումով այդ կառույցում մնալը մեր շահերից չի բխում։ Որովհետև Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է պատժամիջոցների տակ, և մենք մեզ ավելի ենք կապում այդ տնտեսության հետ, ինչպես նաև ավելի ենք մեծացնում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Հաջորդ տարի լրանում է մի քանի հարյուր ապրանքների մասով Հայաստանին տրված բացառությունների ժամկետը, և բազմաթիվ ապրանքների մաքսատուրքերը կբարձրանան։ Բնականաբար, Հայաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Ինչ-որ տեղ կարող է դրա փոխհատուցումը լինել, եթե ձևավորվի ԵՏՄ միասնական նավթի և գազի, ինչպես նաև էներգետիկ շուկան, ինչի մասին խոսեց նաև վարչապետ Փաշինյանը։ Սակայն վստահ չեմ, որ այն կձևավորվի, քանի որ այս հարցում էլ ԵՏՄ անդամ երկրներն ունեն տարամետ շահեր։
 
Որքանո՞վ է հնարավոր ԵՏՄ տարածքում գազի միասնական սակագին ունենալ, որի առաջարկով հանդես է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Հավանականություն միշտ էլ կա, և պետք է ասել, որ դա ամրագրված է ԵՏՄ պայմանագրով։ Բայց, մյուս կողմից, պետք է ասել, որ դա չի բխում Ռուսաստանի և այն երկրների շահերից, որոնք գազի իրենց պաշարներն ունեն։ Հետևաբար, մենք ամեն կերպ պետք է առաջ մղենք մեր շահը և փորձենք հասնել նրան, որ ստեղծվի գազային և էներգետիկ միասնական շուկան։ Այո, պետք է ամեն ինչ անենք, որ այդ հարցում իրացնենք մեր շահերը։
 
Մեդվեդևի Հայաստան այցի ընթացքում կրակոցներ եղան Տավուշում։ Դա պայմանավորո՞ւմ եք նրա Հայաստան կատարած այցով։
 
Զուգահեռներ միշտ էլ կարելի է անցկացնել, միշտ էլ կարելի է ինչ-որ կապ գտնել։ Այո, ես էլ եմ տեսնում նման կապ, բայց մեծ հաշվով դրանից ոչինչ չի փոխվում ոչ Ադրբեջան-Ռուսաստան, ոչ էլ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Վերջին տարիներին միշտ էլ Ադրբեջանում խանդով են վերաբերվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացմանը։ Ավելին, երբ նախորդ տարի մի պահ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն առաջացավ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո, Ադրբեջանում մեծ ոգևորվածություն կար, և որոշները կարծում էին, որ արդեն հարմար իրավիճակ է ստեղծվել, որ Ադրբեջանը հետ վերադարձնի Ղարաբաղի հողերը։ Նրանք կարծում էին, որ Հայաստանն ու Ռուսաստանը կգժտվեն, հարաբերությունները կվատթարանան, և իրենց համար հիանալի հնարավորություններ են ստեղծվել։ Այնպես որ, իրենք միշտ ուշադիր հետևում են հայ-ռուսական հարաբերություններին, փորձում են ամեն կերպ թունավորել դրանք, փորձում են հասնել նրան, որ այդ հարաբերությունները չզարգանան։
 
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ