Կառավարության եւ բիզնեսի միջեւ հարաբերությունների իրավական կարգավորմանն այլընտրանք չկա


Կառավարության եւ բիզնեսի միջեւ հարաբերությունների իրավական կարգավորմանն այլընտրանք չկա

  • 07-05-2019 17:10:24   |   |  Մեկնաբանություն

 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության բարձրաձայնած հարցը բուռն արձագանք գտավ հասարակության մեջ: Շատերն այս պահանջի մեջ նկատեցին կառավարության «բանսարկությունները»` իբր օլիգարխին ուզում են անկյուն քշել կամ պատժել ինքնագլուխ վարքագիծ դրսեւորելու համար: «ՔՈ» կուսակցության բուն փաստարկը, թե Սահմանադրությունը պատգամավորին արգելում է զբաղվել գործարարությամբ, քչերին էր հետաքրքրում: Նման «մանրուքներն» առայժմ հայ հասարակությանն այնքան էլ չեն հուզում` անցած տասնամյակների ընթացքում բոլորն էլ ընտելացել են այն բանին, որ օրենքն ընդամենը անհնազանդ գործիչների հետ հաշիվներ մաքրելու մեխանիզմ է:
 
Այսպես թե այնպես` ծագած իրարանցումն արդիականացրեց քաղաքականության եւ բիզնեսի սերտաճման, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունման վաղուց բանավեճի կարգով արծարծվող թեման: Ծառուկյանի կուսակցությունը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ոլորտների իրավական ամորֆության խնդրի վառ արտահայտությունն է: Հաշվի առնելով հանգամանքը, որ «թավշյա» հեղափոխության արդյունքում գրեթե բոլոր խոշոր սեփականատերերը դուրս են մղվել խորհրդարանից եւ կառավարությունից, Ծառուկյանի ու նրա կուսակցության բացառիկությունը կազմաքանդված քրեաօլիգարխիկ համակարգի հետսերում է հիշեցնում: Դժվար է օլիգարխի կուսակցությանը քաղաքականության մեջ մուտքի հնարավորություն տալու համար որեւէ ողջամիտ հիմնավորում գտնել: Ամենայն հավանականությամբ` դա անցյալ տարի ձեւավորված ժամանակավոր «հեղափոխական» կառավարության անդեմ քաղաքականության արդյունքն էր:
 
Քաղաքական եւ տնտեսական ոլորտների հետհեղափոխական իրավակարգավորման խնդիրը, ըստ երեւույթին, ի սկզբանե այնքան էլ լավ չէր հասկացվել ժամանակավոր կառավարության կողմից: Եվ չնայած բարձրաստիճան պաշտոնյաները ժամանակին հնչեցրել էին որոշ դրույթներ, այնուամենայնիվ, հայեցակարգային մոտեցում մինչ օրս չի դրսեւորվել: Կառավարության եւ խոշոր բիզնեսի միջեւ պարբերաբար ծագող ճգնաժամային հարաբերությունները նման մոտեցման բացակայության հետեւանք են: Եվ եթե այդ ճգնաժամերը տակավին դրսեւորվում էին ֆինանսական եւ տնտեսական հարթությունում, ուրեմն այս անգամ մենք գործ ունենք հնարավոր քաղաքական ճգնաժամի հետ:
 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները ոչ միայն մերժում են իրենց կուսակցության ղեկավարին ներկայացվող պահանջները, այլեւ, դատելով տեղեկատվության արտահոսքից, սպառնում են վայր դնել պատգամավորական մանդատները` դրանով իսկ ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ: Ըստ երեւույթին, շեշտը դրվում է գործող Սահմանադրության վրա, համաձայն որի` պատգամավորական տեղերի մեկ երրորդը պետք է պատկանի ընդդիմությանը: Վերոնշյալ հունով իրադարձությունների զարգացման դեպքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է բարդ ընտրության առջեւ հայտնվել՝ ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Դրա հավանականությունն էլ ավելի մեծացավ, երբ հայտնի դարձավ, որ «ՔՈ» կուսակցության` Դատախազությանը ներկայացրած դիմումը վերջինս ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն` նյութեր նախապատրաստելու համար:
 
Բայց սա պետության համար ամենակարեւոր խնդիրը չէ: Առաջացած իրավիճակը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հետօլիգարխիկ Հայաստանին նոր օրենսդրություն է հարկավոր: Քաղաքականության եւ բիզնեսի տարանջատման, Կուսակցությունների մասին օրենքի, Ընտրական օրենսգրքում արմատական փոփոխությունների շուրջ բանավեճի գաղափարները պետք է դառնան ոչ միայն նոր առանցքային օրենքների ընդունման հիմք, այլեւ նոր Սահմանադրության ընդունման փիլիսոփայական խարիսխ: Սահմանադրությունում միայն իշխանության ճյուղերի գործառույթների իրավական ներդաշնակեցումը բավարար չէ:
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play