Նոր զարգացումներ Պոլսո պատրիարքի ընտրությունների շուրջ. yerkir.am


Նոր զարգացումներ Պոլսո պատրիարքի ընտրությունների շուրջ. yerkir.am

  • 14-05-2019 13:55:34   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

yerkir.am Ստամբուլի Գումգափու թաղամասում գտնվող` Պոլսո Հայոց պատրիարքարանում կարևոր զարգացումներ են տեղի ունեցել` պատրիարքի ընտրության  տեսանկյունից. հաղորդում է «Ակօս» թերթը:
 
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մայիսի 13-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան և հանդիպել է պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Հոգևոր խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև համայնքի այլ ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում Սոյլուն նշել է, որ պատրիարքի ընտրություններին պետք է գնան պատրիարքի տեղապահի մասնակցությամբ, և դա նաև երկրի նախագահ Էրդողանի կարծիքն է:
 
Ըստ Սբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բեդրոս Շիրինօղլուի` հանդիպման ընթացքում փոխանորդ Աթեշյանը համաձայնել է անցկացնել տեղապահի ընտրություններ: Նա նշել է, որ տեղապահի ընտրությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 23-ին անցկացվելիք Ստամբուլի ընտրություններից անմիջապես հետո` հունիսի 24-ին:
 
Ապրիլի 29-ին Հոգևոր խորհրդի նիստում փոխանորդ Աթեշյանը որոշել էր, որ պատրիարքի ընտրությունները պետք է անցկացնել առանց տեղապահի մասնակցության: Որոշումը բացասական արձագանք էր գտել հայ համայնքի շրջանում և շեշտվել էր ընտրությունների` ավանդույթներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտությունը:
 
2016 թվականին Հոգևոր խորհուրդը 2019 թ. մարտի 8-ին իր մահկանացուն կնքած պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի` պաշտոնը ղեկավարելու անկարողության պատճառով, որոշում էր կայացրել անցկացնել տեղապահի ընտրություններ, որոնց ժամանակ տեղապահ ընտրվեց Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, սակայն Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը չճանաչեց այդ ընտրությունների արդյունքները:
 
Ըստ պատրիարքարանի ավանդույթների` պատրիարքի ընտրությունները պետք է ղեկավարվեն Հոգևոր խորհրդի կողմից ընտրված տեղապահի ղեկավարությամբ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը