«Տեղյակ չեմ եղել, թե ինչ հաղորդման է որդիս մասնակցում». Ստամբուլաբնակ հայ տղայի մայրը հերքել է որդու կրոնափոխության մասին լուրը


«Տեղյակ չեմ եղել, թե ինչ հաղորդման է որդիս մասնակցում». Ստամբուլաբնակ հայ տղայի մայրը հերքել է որդու կրոնափոխության մասին լուրը

  • 15-05-2019 13:54:07   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Օրերս հայկական և թուրքական լրատվական ու սոցիալական տիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում 13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը:
 
Մայիսի 11-ին Ստամբուլում բնակվող 13-ամյա Արթուրը մասնակցել է թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդմանը, որտեղ հայտնել է, որ ցանկանում է մահմեդականություն ընդունել: Հաղորդավարը պնդել է, որ իրենք կապ են հաստատել Արթուրի մոր և խորթ հոր հետ և ստացել վերջիններիս համաձայնությունը երեխայի կրոնափոխության հարցում:
 
Միջադեպի մանրամասները ճշտելու համար «Ermenihaber.am»-ը կապ է հաստատել Արթուրի մոր՝ Ալինա Ենգիբարյանի հետ: Վերջինս հերքել է որդու կրոնափոխ լինելու հանգամանքը՝ ասելով. «Արթուրը կնքված է. հաճախում է հայկական եկեղեցի»:
 
Անչափահասի մայրը նաև ավելացրել է, որ ինքը իրականում տեղյակ չի էլ եղել, թե ինչ հաղորդման է որդին մասնակցում:
 
«Ես իմացել եմ, որ Արթուրը ներկա է գտնվելու հաղորդմանը, բայց չեմ պատկերացրել, որ նա բեմ կբարձրանա և այդպիսի բան տեղի կունենա: Եթե ես տեղյակ լինեի և իմ համաձայնությունը լիներ,  ես ինքս այնտեղ կլինեի»,-ասել է Ալինա Ենգիբարյանը:
 
Ալինան նաև նշել է, որ իրեն զանգել են հաղորդումից, բայց ինքն էլ չի հասկացել թե ինչ հաղորդում է և ինչի մասին է խոսքը:
Նա  շեշտել է, որ երեխան գիտակցված չի գործել, զուտ երեխայական հետաքրքրասիրություն է եղել:
«Իմ երեխան չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Հետաքրքրությունից դրդված իր ընկերոջ հետ գնացել է այդ հաղորդմանը, միամտություն է արել: Նա ինձ ասում է . «Մամ տեսար, մեզ հեռուստացույցով ցույց տվեցին, մենք հայտնի դարձանք: Ես նրան բացատրում եմ, որ իր միամիտ քայլի պատճառով մենք վատ վիճակում ենք հայտնվել: Նա դեռ երեխա է, չի հասկանում»:
 
Կինը նաև հերքեց, որ Արթուրը խորթ հայր ունի՝ շեշտելով, որ խոսքը ընտանիքի՝ ազգությամբ թուրք ծանոթի մասին է,  ում հեռախոսահամարը գտել են Արթուրի հեռախոսի մեջ և զանգահարել՝ թույլտվություն ստանալու համար:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play