Աննախադեպ ազդակներ Պեկինից․ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


Աննախադեպ ազդակներ Պեկինից․ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

  • 16-05-2019 01:56:29   | Չինաստան  |  Մեկնաբանություն

Չինական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի մենք Պեկինից հեռանանք անմոռանալի տպավորությամբ, ցնցված ենք չինական հյուրընկալությունից, ֆեյսբուքյան գրառում է արել աշխատանքային այցով Չինաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ տիկնոջ հետ հրավիրել են 150-ամյա մի ռեստորան՝ չինական ձեւով պատրաստված բադ համտեսելու համար:
 
Չինական հյուրընկալությունը ստացվում է, եւ հետաքրքիր է, թե ինչ է ստացվելու դրանից հետո, ու միաժամանակ ինչ տպավորություն է ստանալու Չինաստանը հայկական ընկալումից: Բանն այն է, որ Պեկինը ցնցում է ոչ միայն հյուրընկալությամբ, այլ նաեւ աննախադեպ հայտարարություններով, որ հնչել են Նիկոլ Փաշինյանի այցի քաղաքական բաժնում:
 
Մասնավորապես, Չինաստանի նախագահ Սի Ծինպինը նրա հետ հանդիպմանն անդրադարձել է հայերի ցեղասպանության խնդրին: Նա իհարկե չի կիրառել ցեղասպանություն եզրը, սակայն նշել է. «մենք քաջածանոթ ենք Հայաստանի պատմական նշանակալի իրադարձություններին: Համոզված ենք, որ ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը»:
 
Փաստացի, Չինաստանը Հայաստանին առաջարկում է ռազմա-քաղաքական գործընկերության հիմնարար մի ասպեկտ, հիշատակելով հայ ժողովրդի պատմության ողբերգական էջն ու հայտարարելով որեւէ կրկնություն բացառելու համոզվածություն: Այստեղ առանցքային է երկու հանգամանք:
 
Նախ, Չինաստանն այդպիսով տողատակում ազդարարում է «թյուրքական վտանգը» եւ Հայաստանը դիտարկում դեպի միջինասիական եւ հեռավորարեւելյան ռեգիոններ այդ վտանգի ռազմավարական ձգտումների դեմ պլացդարմ, ըստ այդմ դիտարելով այդ դերում Հայաստանի հետ խորքային գործընկերության եւ աջակցության հնարավորությունը:
 
Միեւնույն ժամանակ, Պեկինը գործնականում խոսում է Կովկաս-մերձավորարեւելյան լայն ռեգիոնի ռազմա-քաղաքական համակարգի մասին, դրանում արձանագրելով հայ ժողովրդի, ըստ այդմ հայկական պետականության հիմնարար դերն ու նշանակությունը, ճանաչում այն եւ փաստացի հայտնում այդ խորքային հենքի եւ դերի համատեքստում գործընկերության պատրաստակամություն:
 
Անկասկած է, որ Չինաստանի այդ աննախադեպ ազդակը, որպիսին չի եղել հայ-չինական բարձր մակարդակի նախկին շփումներում, պայմանավորված է Հայաստանում բարձր լեգիտիմությամբ իշխանության հանգամանքով, ինչն էլ իր հերթին առանցքային գործոնի՝ Հայաստանի ինքնիշխան քաղաքականության բանալին է:
 
Նախկինում, տարբեր հոդվածներում առիթ եմ ունեցել արձանագրելու, որ Հայաստանը Չինաստանի համար գործընկերային մեծ ներուժ է պարունակում ոչ միայն կովկասյան ռեգիոնում, այլ նաեւ մերձավորարեւելյան տիրույթում, հաշվի առնելով այնտեղ քաղաքական միջավայրի ձեւավորման խորքային հիմքում հայկական քաղաքակրթական բաղադրիչների անջնջելի առկայությունը: Աճող աշխարհքաղաքական հավակնություն ունեցող Չինաստանը աներկբայորեն պետք է որոշակի հետաքրքրություն ցուցաբերեր մերձավորարեւելյան ռեգիոնի նկատմամբ էլ, այնտեղ փնտրելով ռազմավարական գործընկերներ: Եվ այստեղ Մերձավոր Արեւելքում հայկական ներկայությունը Չինաստանի համար դիտարկման ենթակա առաջնային գործոններից է, հաշվի առնելով օրգանական կապակցվածության հնարավորությունը լայն ռեգիոնալ ասպեկտով՝ մինչեւ Կովկաս:
 
Հայկական գործոնը տալիս է դրա հնարավորությունը, եւ այդ իմաստով, Պեկինից եկող ազդակը պայմանավորող իրական, առարկայական քաղաքական հանգամանք կարող է դիտվել նաեւ Մերձավոր Արեւելքում հայկական պետական ներկայության ֆորմատավորումը՝ Սիրիա մարդասիրական առաքելության համատեքստում, որն իրականացվում է թավշյա հեղափոխությունից հետո եւ որը պաշտոնական Երեւանը կարգադրել է Ազգային առաքելության մակարդակում:
 
Մերձավոր Արեւելքում հայկական ներկայության հանգամանքի նկատմամբ պետական պատասխանատվության դրսեւորումը անկասկած հիմք է ծառայել Չինաստանին, Հայաստանին հղված ազդակը ձեւակերպելու համար:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
lragir.am
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play