Ում է անհրաժեշտ արյունահեղությունը. ճակատագրական կետ


Ում է անհրաժեշտ արյունահեղությունը. ճակատագրական կետ

  • 21-05-2019 13:33:59   | Հայաստան  |  Վերլուծություն

Ստացվեց այնպես, որ Հայաստանի ներքաղաքական իրադրությունն ու ներհասարակական հոգեբանական մթնոլորտը բավականին լարվեց, ինչի առիթը եղավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ զարգացումն ու մասնավորապես խափանման միջոց կալանքի փոփոխությունը: Դրան հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչն ու դատական համակարգի, եւ ավելի լայն՝ ընդհուպ աշխարհքաղաքական համատեքստ ներառող հարցերի վերաբերյալ ելույթը: Հաջորդիվ հանրությունը տեղեկացավ, որ մարտիմեկյան կամ քոչարյանական գործը դատարանը կասեցրել է եւ ուղարկել ՍԴ՝ սահմանադրականությունը պարզելու:
 
 
Ինչպես կընթանա իրավական այդ գործը, դեռ պարզ չէ: Դատախազությունն էլ բողոքարկելու է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը: Արցախի նախագահ Բակո Սահակյանն էլ, որի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ ազատվեց Ռոբերտ Քոչարյանը, Իմ քայլը կառավարող մեծամասնության հետ հանդիպումից առաջ հայտարարեց, թե իրենք երաշխավորությամբ չունեին լարվածություն առաջացնելու նպատակ, այլ հակառակը՝ ուզում էին թուլացնել հնարավոր լարվածությունը:
 
Այդ զարգացումների առնչությամբ գնահատականներն ու դիտարկումները տարբեր են, սակայն առերեւույթ իրավիճակն ունի թերեւս խորքային զննության անհրաժեշտություն: Իսկ խորքում խնդիրները այլ են:
 
Մասնավորապես, դրանցից էականներից մեկն օրինակ այն է, որ թավշյա անարյուն հեղափոխությունից փաստացի մեկ տարի անց զարգացումները եկել ու հանգել են Ռոբերտ Քոչարյանի գործին, կարծես թե դրանով պայմանավորելով հեղափոխության «կյանքն ու մահը»:
 
Այն, թե ինչ գնահատական կամ վերաբերմունք կա Քոչարյանի նկատմամբ հանրային լայն շրջանակներում, հայտնի է բավականաչափ: Այն, որ նախկին համակարգի բոլոր այն առանցքային պաշտոնյաները, որոնք այս կամ այն կերպ առնչություն են ունեցել հանրության եւ պետության հանդեպ կատարված հանցագործության, առավել եւս ծանր հանցագործությունների, պետք է պատասխան տան օրենքի եւ հանրության առաջ՝ աներկբա է:
 
Միաժամանակ, անկասկած է, որ Հայաստանի հանրությունն ի վերջո պետք է կողմնորոշվի՝ դա՞ է իր հետհեղափոխական զարգացման երաշխիքը, միաժամանակ վստահության եւ պաշտպանվածության աղբյուրը, թե՞ անհրաժեշտ են այլ չափորոշիչներ ու հենակետեր:
 
Եվ արդյոք բուն խնդիրը, այդ թվում «քոչարյանական հակահեղափոխության» հանգամանքը իրականում գերակա գործոն է դարձել այն պատճառով, որ չկան ավելի բարձր նշաձողեր ու չափորոշիչներ, որ դրանք չեն սահմանվել, չեն բարձրացրել հանրությանը մի քանի աստիճան վեր, կամ չեն ընդլայնել այն ստեղծագործական տարածքը, որ անարյուն հեղափոխության շնորհիվ իր համար ազատագրել է հանրությունը նախկին ամբողջատիրական համակարգից:
 
Անկասկած է, որ նախկին իշխող համակարգը, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը, փորձելու են խանգարել: Մյուս կողմից, որեւէ մեկի համար անակնկա՞լ է այդ փորձը, առավել եւս, երբ ներկայացվում է կոնկրետ իրավական մեղադրանք: Անակնկա՞լ է, որ մեղադրվողը պետք է փորձի պաշտպանվել ձեռքի տակ եղած հնարավոր բոլոր միջոցներով:
 
Համենայն դեպս հազիվ թե դա անակնկալ է հեղափոխության առաջնորդի, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար: Ըստ այդմ, անարյուն հեղափոխությունն առաջնորդած գործիչը թերեւս պատկերացնում է խնդիրներն ու քայլերի հաջորդականությունը, երբ հայտարարում է, որ ցանկացած քայլ պետք է հասունանա իր ժամանակի մեջ:
 
Դա նա ասում էր ի պատասխան «թավշից» դժգոհությունների: Իսկ ի՞նչ է «թավիշը»: Թավիշը թուլությունը, անկամությունը, անհաստատությունը չէ: Հակառակը, «թավիշը» ուժն է, ուժեղը կարող է իրեն թույլ տալ «թավիշ»: Հայաստանի հանրությունն այդ ուժը ցույց տվեց մեկ տարի առաջ, հաղթելով այն համակարգին, որից այսօր կարծես թե խուճապի ու վախի մեջ է: Այլապես ինչու՞ պետք է լինեին այդ դրսեւորումները Ռոբերտ Քոչարյանի կամ նախկին համակարգի որեւէ քայլից:
 
Սա լրջագույն քննարկման նյութ է: Որովհետեւ ունի նաեւ սնուցման մեկ այլ կողմ՝ ուժեր, որոնք բարդույթավորված են Հայաստանում անարյուն փոփոխությունից, քանի որ տարիներ շարունակ փորձել են ձեւավորել մտածողություն, որ առանց արյան ու զենքի հնարավոր չէ ոչինչ: Այդ ուժերը կարող են կապ ունենալ կամ չունենալ նախկին համակարգի կամ Հայաստանի անինքնիշխանությամբ շահագրգռված արտաքին որեւէ կենտրոնի կամ խմբի հետ, բայց այն, որ կունենան այդ նախկին համակարգային եւ արտաքին շրջանակներում մեծ պահանջարկ՝ հանրությանը խուճապի մատնելու իրենց վարքագծով, աներկբա է:
 
Որովհետեւ նրանք օգտագործում են ցանկացած առիթ, «գիլյոտինի» հարցում իրենց իրավացիությունը հանրության ներկայացնելու եւ «թավիշը» արժեզրկելու համար:
 
Հայաստանում թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց պարբերական են ուժային բախումների առիթի որոնումները, դրանք ստեղծելու, իշխանության թավշի ուժեղ եւ ռացիոնալ դիրքից դեպի իռացիոնալ ու զգայական «գիլյոտինի» դաշտ բերելու փորձերը, դրանով իսկ ստանալով միջավայր, որտեղ արդեն բացարձակապես կարեւոր չի դառնում «առաջին խփողը», քանի որ անկախ դրանից առաջին պլան են գալիս միայն խփողները, հանրությանը մղելով երկրորդ պլան: Գործնականում մեկ տարի, ներքին ու արտաքին շղթայական մանեւրներով Փաշինյանը փորձում է կառավարել 25 տարի հյուսված բարդ հանգույցը, որը գործնականում ինչ որ կետից կառավարվել է արյունալի իրադարձությունների օգնությամբ:
 
Արժե խորհել այդ մասին, հեղափոխության հանգուցային կետում բացառիկ անարյուն փոփոխությունը ողբերգական եւ արյունոտ «օրինաչափության» չվերածելու համար:
 
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն