Խտրականության բացակայությունը դեռևս չի նշանակում հավասար հնարավորությունների առկայություն. Զարուհի Բաթոյան


Խտրականության բացակայությունը դեռևս չի նշանակում հավասար հնարավորությունների առկայություն. Զարուհի Բաթոյան

  • 21-05-2019 15:55:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
«Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության շատ կարևոր դերակատարներն են կանայք, և այն արժեքները, որ նրանք են բերել այս հեղափոխության ընթացքում, մենք պետք է վերածենք հստակ քաղաքական ծրագրերի և գործողությունների»,- այս մասին ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման մարմնի գործադիր տնօրենի տեղակալ Օսա Ռեգների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
 
Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը կիսում է այն համոզմունքը, որ կանանց քաղաքական և տնտեսական մասնակցության խթանումը կարևորագույն խնդիր է: Նա նաև նշել է, որ հասարակական սեկտորի և միջազգային գործընկերների մասնակցությամբ այսօր նախարարությունում մշակվում է գենդերային ռազմավարություն, որը կոչված է լինելու կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը և հավասար իրավունքների ապահովմանը, քանի որ խտրականության բացակայությունը դեռևս չի ապահովում հավասար հնարավորությունների առկայություն:
 
Տիկին Օսա Ռեգները  տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել Կառավարության անդամների հետ և կարող է վստահ ասել, որ ՀՀ նոր կառավարությունն ունի միասնական մոտեցում՝ կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ստեղծման հարցում.
 
«Մեզ համար վերջին օրերի հանդիպումները շատ կարևոր էին, որովհետև մենք տեսանք միասնական մոտեցում և արժեքային համակարգ, իսկ դա կարևորագույն խթան է փոփոխությունների համար: Բացի այդ, պետք է ուրախությամբ նշեմ, որ երբևէ չէի հանդիպել Կառավարության նկատմամբ այսօրինակ վստահություն հասարակական սեկտորի ներկայացուցիչների կողմից: Սա մի բան է, որը ոգևորում է և մղում առաջ»,- ասել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման մարմնի գործադիր տնօրենի տեղակալը:
 
Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ը 2020 թ.-ի հունվար-փետրվար ամիսներին  նախատեսում է միջազգային համաժողով կազմակերպել՝ նվիրված կանանց հիմնախնդիրներին ողջ աշխարհում: Տիկին Օսա Ռեգները  նշել է, որ այս ավանդական համաժողովները երբեք չեն իրականացվել Եվրոպայում, Միջին Ասիայում կամ Կովկասում.
 
«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ուզում էինք դիմել ձեզ՝ դառնալու գալիք համաժողովի կազմակերպիչն ու հյուրընկալ երկիրը: Կարծում եմ՝ սա լավագույն հնարավորություն է՝ Հայաստանը դարձնելու կարևորագույն հարցերի քննարկման կենտրոն»,- ասել է նա:
 
Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ պատրաստակամ է քննարկել համաժողովի կազմակերպման հնարավորությունները մյուս պատկան կառույցների հետ, և նշել, որ դա մեծ պատիվ կլինի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար:
 
Նշենք, որ 2019 թվականի մարտին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընտրվեց ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 2020-2021 թթ․ կայանալիք 64-րդ և 65-րդ նստաշրջանների համար։ Հանձնաժողովի օրակարգի կենտրոնում են կանանց իրավունքների, հավասարության և կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրները, և այն հիշյալ ոլորտում միջազգային քաղաքականություն մշակող միակ միջկառավարական մարմինն է։ Հանձնաժողովին անդամակցում են 45 երկրներ՝ տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։
 
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն