ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելը կարևոր է առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից.ԱՆ

21-05-2019 17:41:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Յուրաքանչյուր տարվա մայիսի երրորդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օր: Այս տարի այն նշվել է մայիսի 19-ին:
 


ՁԻԱՀ-ը շարունակում է մնալ մարդկության զարգացմանը խոչընդոտող մարտահրավեր, իսկ ՄԻԱՎ վարակի համաճարակը ստացել է համավարակի բնույթ, որից չի խուսափել աշխարհի և ոչ մի երկիր: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: 2019թ. ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3472 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում:
 
Հիվանդության զարգացման առանձնահատկություններով պայմանավորված ողջ աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մի զգալի մասը չգիտի իր օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայության մասին: Հայաստանում այդ մասին չգիտի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանցից չորսից մեկը: ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու
մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Սա է պատճառը, որ հիվանդությունն ախտորոշվում է հիմնականում ուշ փուլերում, երբ ի հայտ են գալիս որոշակի ախտանշաններ, և նվազում է բուժման արդյունավետությունը: Վարակման պահից ի վեր մարդը կարող է ՄԻԱՎ-ը փոխանցել ուրիշներին, այդ թվում դեռ չծնված երեխային:
 
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս ախտորոշելու հիվանդությունը վաղ շրջանում, նախքան ախտանշանների ի հայտ գալը: Վաղ ախտորոշման, ժամանակին սկսված հակառետրովիրուսային բուժման դեպքում հնարավոր է արդյունավետորեն կառավարել հիվանդության զարգացումը: Հիվանդության վաղ ախտորոշումը նաև նպաստում է ՄԻԱՎ վարակի հետագա տարածման կանխմանը, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելմանը:
 
Կարևորելով ՄԻԱՎ վարակի կանխարգելման հարցում հետազոտությունները` ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը պարբերաբար կազմակերպում և անցկացնում է հանրային միջոցառումներ: Դրանք միտված են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու շարժառիթի ձևավորմանը և ցանկության խրախուսմանը, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացմանն ու հետազոտման հետ կապված կարծրատիպերի փոփոխմանը` ամրապնդելով դիրքորոշում, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:
 
Հյուսիսային պողոտայում մայիսի 19-ին կազմակերպված միջոցառումը ևս նպատակ ուներ հասարակության
լայն շերտերին իրազեկել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին` խրախուսելով անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն: Միջոցառման ընթացքում անցորդներին հնարավորություն է տրվել անվճար, անանուն հետազոտվելու և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում ստանալու հետազոտության պատասխանը: Հետազոտվել ցանկացողներին տրամադրվել է նաև խորհրդատվություն:
 
Անցորդներին բաժանվել են տեղեկատվական-կրթական նյութեր: Կայացել է մոմավառություն:
 
Ընդհանուր առմամբ, միջոցառման ընթացքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել և իր կարգավիճակի մասին իմացել է 140 քաղաքացի:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 352 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար