Անողջամտության իրադրությունում քաղաքական համակարգ չի կարող ձեւավորվել


Անողջամտության իրադրությունում քաղաքական համակարգ չի կարող ձեւավորվել

  • 23-05-2019 14:16:29   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում գնալով ծանրանում է: Պոպուլիստական ճամարտակությունները եւ ամբոխավարությունը համակել են հասարակությունը: Նման ապակառուցողական իրադրությունում անհնար է անցկացնել որեւէ լուրջ, առարկայական քննարկում կամ բանավեճ։
 
Հասարակությունները, որոնք չունեն հստակ արժեքային համակարգ եւ հանրային կողմնորոշիչներ, դատապարտված են կորցնելու իրենց ամբողջականությունն ու լիարժեքությունը եւ, բնականաբար, դառնալու քաղաքական աճպարարությունների զոհ։
 
Ցանկացած հասարակություն սովորաբար ունենում է ոչ միայն արժեքային ու սոցիալական կողմնորոշիչներ, այլեւ հեղինակություններ, որոնք ձեւավորում ու զարգացնում են այդ կողմնորոշիչները։ Հանրային կողմնորոշիչների լղոզվածության հետեւանքով հեղինակություններն իջեցվում են իրենց պատվանդաններից, որոնց տեղը, սակայն, ոչ ոք չի զբաղեցնում։
 
Մտավոր ներուժը, որը հենվում է բանական ու բարոյական չափանիշների խարսխին, զրկվում է հասարակության վրա իր ազդեցությունից, եւ հանային կարծիքը սկսում են ձեւավորել այդ հատկություններով չծանրաբեռնված մարդիկ, իսկ կողմնորոշիչներ չունեցող հասարակությունը չի կարողանում գնահատել լավն ու վատը, ճիշտն ու սխալը, արդյունավետն ու սնանկը։ Առաջին պլան են դուրս գալիս կրքերը, հույզերը եւ դրանց վրա խաղալու բնատուր շնորհով օժտված անհատներ։
 
Կարծես թե սա է մոտավորապես այն վիճակը, որ տիրում է Հայաստանում։ Քաղաքական դաշտը փլուզվել է, իսկ քաղաքացիական հասարակությունը ոչ այնքան բարեհարմար տեղավորվել է «Հին Հայաստան», «Նոր Հայաստան», «հին սերունդ», «նոր սերունդ» բովանդակազուրկ, շինծու բարիկադների տարբեր կողմերում։ Հանրային հարթակներում եղանակ ստեղծողները լրագրողներն են եւ սոցիալական ցանցերում վխտացող «ֆեյքերը»։
 
Պարզ է, որ նման իրադրությունում քաղաքական դեբատներ ու երկխոսություններ չեն կարող տեղի ունենալ, որովհետեւ չկան երկխոսող միավորներ, որոնք հանրության կողմից օրինակարգ կընկալվեն։ Բացի դրանից, չկան հանրային կյանքի ընդունված քաղաքական դերակատարներ, հետեւապես չեն կարող լինել նաեւ քաղաքական լուծումներ։
 
Արդյունքում հրապարակային գործիչների ու կուսակցությունների հանդեպ հանրային վերաբերմունքը ողջամտության դաշտից տեղափոխվել է հույզերի դաշտ։ Մարդիկ նրանց կամ հավատում են, կամ չեն հավատում։ Հավատը, այլ ոչ թե բանականությունն է դարձել քաղաքական կյանքի շարժիչ ուժը։ Բանական խոսքը կորցրել է իր սպառողին։
 
Կողմնորոշիչներից զրկված հանրույթները կամ սիրում են, կամ՝ ատում։ Ցանկացած սթափ միտք հակասում է սիրո կամ ատելության երկընտրանքին, ուրեմն եւ հայտարարվում է հակաժողովրդական։
 
Անողջամտության պայմաններում քաղաքական համակարգ չի կարող ձեւավորվել։ Միակ ելքը վերադարձն է հույզերից եւ զգացմունքներից դեպի իրականություն:
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play