Որպես կին և մայր իմ ուղերձն է՝ հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով. Աննա Հակոբյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին.annahakobyan.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

24-05-2019 12:58:52   | Ղազախստան  |  Մամլո հաղորդագրություն
 


annahakobyan.am   ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա
Հակոբյանը մայիսի 24-ին Ղազախստանի խորհրդարանի սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային հրավերով Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա․նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը։ Ֆորումին «Վստահության ճգնաժամ․ գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ տիկին Հակոբյանն անդրադարձել է աշխարհի բազմաթիվ կետերում պատերազմների ու ռազմական գործողությունների խնդրին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հաղթահարել դարերով շարունակվող անվստահությունը միմյանց նկատմամբ։
 
«Աշխարհում այսօր անվստահության պակաս չի զգացվում, ունենք արդյոք մենք  համաշխարհային գլոբալ քաղաքական արենայում վստահության ճգնաժամ։ Պետությունների հարաբերությունները մեր օրերում կառուցվում են ավելի շատ անվստահության, քան վստահության վրա։ Եթե
օրինակ Միացյալ Նահանգներն ու Իրանի իսլամական հանրապետության հարաբերությունների հիմքում լիներ վստահությունը, մենք այսօր  կանգնած չէինք լինի նոր, կործանարար պատերազմի վտանգի առաջ։ Եթե մի փոքր ավելի շատ վստահություն լինի Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահագների հարաբերություններում ոչ միայն կշահեն այս երկու երկրների քաղաքացիներն ու ժողովուրդները, այլև աշխարհի մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրի հասնող երկրներ և ժողովուրդներ, մենք չէինք ունենա պատերազմի նոր օջախներ, և հաջողությամբ կհանգցնենք արդեն բռնկված օջախները, ինչպես օրինակ Սիրիան»,-
 
ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ առկա իրավիճակում լավագույն լուծումը վստահության ձևավորումն է պետությունների և հասարակությունների միջև։ Ֆորումի մոդերատորի՝բրիտանական CGTN հեռուստաընկերության վարող և գործադիր պրոդյուսեր Սթիվեն Քոուլ  հարցին, թե ինչպես է տեսնում այդ վստահության ձևավորումը, Աննա Հակոբյանը որպես օրինակ նշել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որի շրջանակում է նա փորձում է կանանց ձայնը բարձրացնել և հասնել Արցախում խաղաղության հաստատմանը։
 
 
«Սա մի նախաձեռնություն է, որ թույլ տվեք ասել, կարող է մեր տարածաշրջանում վստահության վերականգնման առաջին ծիլը դառնալ։ Ինչ ենք մենք ասում այս նախաձեռնության շրջանակներում, ասում ենք, որ որպես կին և մայր կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին, և միջնորդ երկրներին, երբեք և երբեք թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսում, և վտանգի տակ չդնել հայ և ադրբեջանի երիտասարդ զինվորների կյանքը։ Մենք կոչ ենք անում  բոլոր կանանց, ազդեցիկ և հեղինակավոր կանանց, պետութունների ղեկավարների տիկիններին միանալ այս նախաձեռնությանը, ինչի շնորհիվ այն ավելի ուժեղ և հզոր կլինի»,- ասաց Աննա Հակոբյանը։
 
Ի պատասխան քննարկմանը ներկա ադրբեջանցի պատվիրակի հարցին, թե «Կանայք հանուն խաղաղության» արշավով Աննա Հակոբյանը խաղաղության մասին է խոսում, մինչդեռ իր որդին ծառայում է Արցախի սահմանին, իսկ վարչապետ Փաշինյանն Արցախում շուրջպար է բռնում,  Աննա Հակոբյանը նշել է, որ պատերազմը Արցախում չի ավարտվել, հակամարտությունը շարունակվում է։
 
«Այո, Արցախում պատերազմը չի ավարտվել և հենց դա է պատճառը, որ այսօր իմ որդին ծառայում է Արցախում՝ սահմանին։ Սակայն ես այստեղ եմ խաղաղություն տարածելու», եզրափակել է Աննա Հակոբյանը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 346 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար