Շտապ հանդիպում Բակո Սահակյանի հետ. Ինչ պատահեց


Շտապ հանդիպում Բակո Սահակյանի հետ. Ինչ պատահեց

  • 24-05-2019 16:07:52   | Հայաստան  |  Վերլուծություն

Գագիկ Հարությունյանի հրաժարականին հետեւել է ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից նրա եղբոր՝ Արզուման Հարությունյանի պաշտոնանկությունը, Հայաստանի նախագահի հրամանագրով: Նախագահ Արմեն Սարգսյանն այդ քայլը չէր անի առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որի ենթակայությամբ կառույց է ԱԱԾ-ն: Հաղորդագրության մեջ չի նշվում, որ Արզուման Հարությունյանը հրաժարական է տվել կամ ազատվել է իր դիմումի համաձայն, ըստ այդմ նրա պաշտոնանկությունը վարչապետ Փաշինյանի նախաձեռնությունն է, որն էլ ստորագրում է Արմեն Սարգսյանը:
 
Ուշագրավ է այն, որ այս օրերին բուռն թափով ծավալված ներքաղաքական զարգացումները, որ ընթանում են դատաիրավական համակարգի կամ այլ կերպ ասած դատական իշխանության առանցքով, սկսեցին Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատավճռից, որով նա հայտնվեց ազատության մեջ: Հատկանշական է, որ այդ դատավճռի հրապարակումից ժամեր առաջ Ղազախստանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, որի ընթացքում քննարկել էին ընթացիկ իրավիճակը:
 
Այդ հեռախոսազրույցն ու հաղորդագրությունն ակնառու վկայում են, որ գործընթացները ծավալվել են ոչ թե Քոչարյանի դատավճռի հրապարակումից հետո, այլ դրանից առաջ: Այլապես դատավճռի հրապարակումից առաջ Արմեն Սարգսյանն ընթացիկ վիճակ չէր քննարկի Գագիկ Հարությունյանի հետ:
 
Ի՞նչ կապ է ունեցել այդ ամենին Արզուման Հարությունյանը, որը պաշտոնանկ եղավ Գագիկ Հարությունյանի հրաժարականին զուգահեռ: Իսկ արդյոք Հարությունյանի հրաժարականի հարցում դեր կարող էր ունենալ այն «կապը», որ դատավճռի հրապրակումից առաջ զարգացումներում կարող էր ունենալ Արզուման Հարությունյանը: Արդյոք Հարությունյանը իր հրաժարականով «փրկել» է ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող եղբորը, ապահովելով նրա համար անամպ հեռացում:
 
Այդ ամենը բնականաբար ենթադրություն են, սակայն ներքաղաքական իրավիճակի դրվագներն ու իրադարձությունները առանձնահատուկ շրջանակ են ստացել դավադրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության համատեքստում, որ նա ներառել էր դատաիրավական համակարգում վիրահատական քայլերի մասին իր ելույթում:
 
Մայիսի 24-ին՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին տեղեկությանը զուգահեռ, տարածվեց տեղեկություն այն մասին, որ Արցախ է մեկնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, որտեղ հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել են հայկական երկու պետությունների դատական համակարգերի գործակցության հարցեր: Հրայր Թովասյանն ըստ երեւույթին մեկնել է Բակո Սահակյանի մոտ հասկանալու, թե ինչ է կատարվում եւ ինչպես պետք է վարվել: Չէ՞ որ շատ բան սկսվեց Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի երաշխավորագրից, որը դրվեց երկրորդ նախագահի կալանքից ազատման հիմքում, փաստորեն հիմք դնելով շղթայական ռեակցիայի կամ բումերանգի էֆեկտի:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play